Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզում Ալիեւ-Սարգսյան հանդիպումն ավելի համեստ արդյունքներ կունենա

Հունիս 29,2016 12:41

Ֆրանսիայի նախաձեռնությամբ առաջիկայում նախատեսված Ալիեւ- Սարգսյան հանդիպումը ԼՂՀ հիմնահարցի շուրջ բանակցային գործընթացում չի բերի նշանակալի զարգացումներ: Նման կարծիք այսօր «Փաստարկ» ակումբում հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Փարիզում նախատեսված հանդիպումը կունենա ավելի համեստ արդյունքներ, քան եղան Վիեննայում ու Պետերբուրգում»,-ասաց Սերգեյ Մինասյանը:

Ըստ նրա, ԵԱՀԿ Մինսկի համանախագահները կփորձեն ու կշարունակեն իրենց գործունեությունը՝ բացառելու ապրիլյան դեպքերի կրկնության հնարավորությունը, իսկ Ադրբեջանը կշարունակի փորձել ստանալ առավելագույնը ապրիլյան իրադարձությունների իներցիայից.

«Թվում է, թե դժվար է այս պահին հասնել բանակցային գործընթացում առաջընթացի, ու ամենայն հավանականությամբ կունենանք ինչպես նախորդ տարիներին՝ բանակցություններ բանակցությունների համար: Կամ էլ Ադրբեջանը պետք է կրկին համարի՝ այս ստատուս քվոն չի բխում իր շահերից ու փորձի գնալ ապրիլյան դեպքերի նման նոր ավանտյուրայի, բայց այս անգամ պետք է նկատի ունենա, որ հայկական կողմն ավելի պատրաստ կլինի ու այլ կերպ կգործի, քան ապրիլի սկզբներին:

Պետերբուրգյան հանդիպումից հետո Ալիեւի իրարամերժ հայտարարությունները, ըստ քաղաքագետի, վկայում են այն մասին, որ Ադրբեջանում իլյուզիաներ ունեին, որոնք չարդարացան. «Մյուս կողմից, եթե ուզում են փոխել ստատուս քվոն, պետք է պատրաստ լինեն երկկողմ կամ եռակողմ փոխզիջումների, իսկ Ադրբեջանը դրան պատրաստ չէ…արդյունքում նոր փակուղի կունենանք, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակ»:

Անդրադառնալով ՌԴ-Թուրքիա հարաբերությունների բարելավման միտումներին, Էրդողանի՝ՌԴ-ին ուղղված նամակին ու ներողությանը, պարոն Մինասյանը մեկնաբանեց. «Էրդողանն այս քայլին գնաց, որովհետև երկրում ծանր իրավիճակ է՝ թե ներքին քաղաքական, թե սոցիալ- տնտեսական ու թե արտաքին քաղաքական ոլորտներում: Էրդողանի պես ինքնասիրահարված գործիչը ստիպված է գնում այդ քայլին: Էրդողանը վատ կյանքից գնաց ներողության ու ՌԴ հետ հարաբերությունները լավացնելու քայլին: Տեսականորեն հնարավոր է, որ ռուս-թուրքական հաշտեցմանը կփորձեն խաղաղապահ առաքելություն կամ ինչ-որ գործընթաց սկսել Արցախի հարցում, բայց հակված եմ մտածել, որ Հարավային Կովկասն ընկալվել է միշտ ՌԴ ազդեցության տարածք, որտեղ Թուրքիան միշտ մեծ զգուշությամբ է փորձել ներգրավվել եւ որեւէ լրացուցիչ խնդիր այս տարածքում Թուրքիան չի ցանկանա ունենալ ՌԴ հետ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930