«Հիմնադիր խորհրդարանի» 6 անդամներին բերման ենթարկելու պատմության մեջ ամենասարսափելին այն է, որ ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես վերսկսել է 1930-ականներից հայտնի «անոնիմկաներին» տրվելու մղումը կամ գոնե դրա մեղմ տարբերակը։
Մասնավորապես, ոստիկանությունը, որպես 6 ակտիվիստներին բերման ենթարկելու հիմք, հղում է տալիս անանուն ահազանգի՝ չգիտես ինչու ներկայացնելով այն որպես «ստացված հաղորդում»։
Ընդ որում, հիշեցնենք, որ սա ՀՀ ոստիկանության կողմից վերջին տարիներին «անանուն հաղորդման» հիման վրա արդեն երկրորդ նման «ակցիան է»։ Առաջինը 2015 թվականի հունվարի 15-ին էր (Գյումրիում Պերմյակովի հանձնման ցույցերի ժամանակ), երբ Երեւանի Ազատության հրապարակից բերման ենթարկվեցին տասնյակ ակտիվիստներ միմիայն այն հիմքով, որ անանուն զանգով անհայտ քաղաքացին ոստիկանությանը հայտնել էր, որ «նախախորհրդարանականները զինվում են»։
Եվ եթե 1930-ականներին անանուն զանգերով ուժայինները քաղաքացուն կարող էին Սիբիր ուղարկել, ապա այժմ սահմանափակվում են զանգվածաբար բերման ենթարկելով։ Այսինքն, ըստ ոստիկանության, ստացվում է, որ յուրաքանչյուրը կարող է զանգել ոստիկանություն ու ասել, որ, ասենք, «էսինչ մարդիկ պատրաստվում են անօրինական հավաք անել» ու ոստիկանությունն այդ մարդկանց բերման կենթարկի…
Կարդացեք նաև
Եվ եթե ոստիկանների պահվածքը պայմանավորված չէ «Հիմնադիր խորհրդարանի» նկատմամբ վատ վերաբերմունքով, ապա կարելի է զանգահարել 1-02 ու հայտնել, որ «էսինչ հանրապետականները պատրաստվում են ապօրինի հավաք անել», «կամ էսինչ օլիգարխները զինվում են» եւ տեսնել, թե ինչպես են ոստիկանները բերման ենթարկում ՀՀԿ-ականներին ու օլիգարխներին։ Իրապես հետաքրքիր տեսարան կլինի։
Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում