Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Չուգասզյան. Այսօր հայոց եկեղեցին ճգնաժամ է ապրում ոչ միայն Հայաստանում, այլեւ Հայաստանից դուրս. «Հրապարակ»

Հունիս 29,2016 10:27

Հարցազրույց Միլանի Ամբրիոզյան ակադեմիայի անդամ, Ֆրանսիայում Մոնպելյեի ակադեմիայի թղթակից։անդամ, արվեստագիտության դոկտոր Լեւոն Չուգասզյանի հետ

Հռոմի պապը ցույց տվեց, որ համակողմանի գիտելիքներ ունի հայ գրականությունից, պատմությունից։ Ըստ Ձեզ՝ մեր կրթական համակարգն այսօր բավարար գիտելիքներ տալի՞ս է հայ մշակույթից, պատմությունից, նոր սերունդը կարողանո՞ւմ է ճանաչել մեր մեծերին։

– Իհարկե, մեր կրթական համակարգը տալիս է որոշակի գիտելիքներ մեր գրականության, պատմության մասին։ Ես կարծում եմ, որ կրթական համակարգի ձեւերը պետք է փոխվեն եւ համապատասխանեն միջազգային չափանիշներին, չկիրառվեն 100 տարի առաջվա մեթոդները։ Կրթական համակարգն ամբողջ աշխարհում անցում է կատարել դեպի բարձրտեխնոլոգիական համակարգեր, իսկ մեր մասնագետները չեն վերապատրաստվել, ինչի համար միջոցներ են պետք։ Այդ իմաստով ներդրում չի կատարվում, որ մեր մասնագետները գնան տեսնեն, թե ինչպես են դասավանդում արտերկրում, ինչ մեթոդներով։

Պապը, երբ կարդում էր Չարենց կամ մեջբերումներ էր անում Նարեկացուց եւ Շնորհալուց, ցույց էր տալիս, թե որն է մեր գրականության համաշխարհային նշանակությունը։ Ես չգիտեմ, թե մեր իշխանության մեջ, ԱԺ-ում քանի հոգի են անգիր իմանում Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» կամ Հայաստանը պաշտում այնպես, ինչպես Չարենցը։

– Պապի այցից հետո խոսվում է, որ կա հոգեւոր առաջնորդի պահանջարկ։ Ինչո՞ւ 21-րդ դարում կա նման պահանջարկ. երկրում գործող ինստիտուտները կենսունա՞կ չեն։

– Կարծում եմ, որ հոգեւոր առաջնորդի եւ հոգեւոր սպասավորների խնդիրը հեռվից է գալիս։ Այսօր հայոց եկեղեցին ճգնաժամ է ապրում ոչ միայն Հայաստանում, այլեւ Հայաստանից դուրս։ Եկեղեցական դաստիարակությունը ոչ միայն պատարագն է կամ հուղարկավորման արարողությունը, այլ այն պետք է իմաստավորված լինի։

Անշուշտ՝ կան, բայց քիչ են այն ժուժկալ հոգեւոր սպասավորները, որոնք կարող են մահամերձի մոտ անցկացնել նրա կյանքի վերջին ժամերը եւ ուժ տալ նրան։ Շատ քիչ են այն մարդիկ, որոնք հասցրել են ճանաչել եկեղեցական մշակույթը։ Մենք չունենք եկեղեցական արվեստն իմացող հոգեւորական ոչ Հայաստանում, ոչ Հայաստանից դուրս։ Այն բացը, որ կա հասարակության մեջ, կա նաեւ եկեղեցում։

Պապը եկավ եւ ցույց տվեց իր պատրաստվածությունը, զարգացածությունը։ Դժբախտաբար, եթե Հռոմի պապի կողքին կանգնում են Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանները, դա ցույց է տալիս հարգանքի պակասը։ Նրանք նկարվում են Պապի հետ, որպես նշանավոր մարդու, բայց նա միայն նշանավոր մարդ չէ։ Պապը մեկ միլիարդից ավելի հետեւորդներ ունեցող առաջնորդ է, քահանայապետ։ Եվ այդ հարգանքի պակասը երեւում է լուսանկարներում:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարապետ says:

    Պարոն Լևոն Չուգասզյանի մտքերը ոչինչով չհիմնավորված և ընդհանրական բնույթի դատողություններ են։ Իսկ Հռոմի պապի կողքին Վլադիմիր Գասպարյանի, ոստիկանների կանգնելը և լուսանկարվելը “դխբախտություն” կամ “հարգանքի պակաս” համարելը զուրկ է որևէ տրամաբանությունից։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930