Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը պահնորդական շուկայում իր մրցակիցներին կամաց-կամաց դուրս է մղում

Հունիս 29,2016 13:30

Մինչ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը համայն հայությանը հայտարարում է, որ ամեն ինչ անելու են մեր երկրում տնտեսվարողների համար մրցակցային հավասար պայմաններ ստեղծելու համար, նրա «քթի տակ» հենց կառավարությանն առընթեր մարմինը շարունակում է անհավասար մրցակցային պայմաններով աշխատել եւ խոչընդոտել այլ ընկերությունների մուտքը շուկա:

Խոսքը կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության մասին է:
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը (ՊՊԳՎ) պահնորդական ծառայություններ է մատուցում պետական եւ մասնավոր օբյեկտներում: Ոստիկանության ՊՊԳՎ-ն մասնակցում է տարբեր մրցույթների՝ պահնորդական ծառայություն մատուցելու, եւ ոստիկանության այս վարչությունը հաճախ գնային ավելի էժան առաջարկ է ներկայացնում եւ հաղթում մրցույթներում: Իսկ էժան գնային առաջարկ վարչությունը, ի տարբերություն մասնավորների, կարողանում է ներկայացնել, քանի որ ծառայություն մատուցելու համար օգտվում է ոստիկանական պետական մեքենաներից, վառելիքից, պետական գումարներով ձեռք բերված համազգեստից, կարճ ասած՝ պետական ֆինանսավորման հաշվին:

«Տրանս-Սֆեր» պահնորդական ընկերության ղեկավար Հովհաննես Պետրոսյանը օրինակ է բերում, թե ինչպես է ոստիկանությունը փորձում շուկայից դուրս մղել մրցակիցներին՝ ի հաշիվ նրա, որ նախ՝ ոստիկանություն է ու նաեւ՝ սնվում է պետբյուջեից: Մինչդեռ մասնավոր ընկերությունները պահնորդական ծառայություն մատուցելու համար հսկայական ծախսեր են կատարում՝ մեքենաներ, համազգեստ եւ սարքավորումներ ձեռք բերելու, աշխատավարձեր տրամադրելու համար, իսկ ոստիկանության ՊՊԳՎ-ն պետբյուջեի հաշվին է այդ ամենը ստանում:

«Առավոտի» հետ զրույցում պարոն Պետրոսյանն ասում է, որ վերջերս ՊՊԳՎ-ն մասնակցել է «Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի կողմից հայտարարված 2 պահակակետով նախատեսված պահնորդական ծառայությունների ձեռք բերման մրցույթին: Ըստ Պետրոսյանի՝ ՊՊԳՎ-ն գնային առաջարկ է ներկայացրել 1 պահակակետի համար ամսական 290 հազար դրամով, մինչդեռ կառավարության որոշման նորմերի համաձայն՝ ամսական սահմանված այդ գումարը ոչ թե 290 հազար դրամ է, այլ 294 հազար 558 դրամ: Բացի այս, ինչպես նկատում է Պետրոսյանը, ոստիկանությունը ներկայացրել է ինքնարժեքը, սակայն շահույթ բաժնում որեւէ նշում չի կատարել: Իսկ եթե շահույթն էլ ներկայացներ, ինչպես օրենքն է պահանջում, ապա անպայման գնային առաջարկը ոստիկանության կողմից ավելի բարձր պիտի լիներ:

«ՊՊԳՎ-ն մասնակցել է նաեւ Պոլիտեխնիկի հայտարարած մրցույթին, որին պահնորդական մի քանի մասնավոր ընկերություններ էլ են մասնակցել: Եվ ՊՊԳՎ-ն գնային ավելի էժան առաջարկ է ներկայացրել, հաղթել մրցույթում, կրկին այն պատճառով, որ առավելություն ունի պետական բյուջեի հաշվին»,- ասում է Պետրոսյանը:

Պարոն Պետրոսյանի պատմելով՝ Գյումրիի հիվանդանոցներից մեկն այս տարի մրցույթ է հայտարարել՝ պահնորդական ծառայության ձեռք բերում՝ քաղաքացիական զենքով. «Մրցույթին մենք էլ ենք մասնակցել, ոստիկանությունն էլ: Մենք քաղաքացիական զենքի թույլտվություն չունենք, իսկ ոստիկանությունն ասաց, որ ինքը կարող է քաղաքացիական զենքով ծառայություն մատուցել: Ասում եմ՝ ցույց տվեք քաղաքացիական զենքի ձեր թույլտվությունը: Քաղաքացիական զենքի լիցենզիա ոչ ոք չունի, դեռ նման նորմ չկա: Ոստիկանությանը տրված լիցենզիան վերաբերում է միայն հրազենին, սա քաղաքացիական զենք չէ»:

Բացի այս, ոստիկանության այս վարչությունը մեկ այլ առավելություն էլ ունի. եթե անգամ ՊՊԳՎ-ն խախտումներ է թույլ տալիս գնումների մրցույթներում, ապա որեւէ մասնավոր ընկերություն չի ցանկանում վիճարկել, «գլուխ դնել», առճակատման գնալ ոստիկանության հետ: Սա էլ այլ պատճառ ունի. բանն այն է, որ պահնորդական ընկերություններին լիցենզիան տրամադրում է հենց ոստիկանությունը, ստուգումներն այս մասնավոր ընկերություններում եւս ոստիկանությունն է իրականացնում:

Հետեւաբար ցանկացած պահի ոստիկանությունը կարող է անցանկալի մրցակից ընկերությանը կամ լիցենզիա չտալ՝ որեւէ հիմնավորմամբ, կամ գնալ ստուգումների եւ մի խախտում արձանագրել: Ուստի պահնորդական մասնավոր ընկերությունները աչք են փակում ոստիկանության թույլ տված խախտումների վրա՝ բավարարվելով շուկայում իրենց փոքր, նույնիսկ չնչին բաժնով:

Պետրոսյանն ասում է՝ ինքը բազմիցս այս հարցը բարձրացրել է ամենաբարձր մակարդակներում, բայց ապարդյուն. «Ասել եմ՝ ոստիկանության ՊՊԳՎ-ն պետք է դադարեցնի օբյեկտներում պահնորդական ծառայությունը, հետո նոր մասնավոր ընկերություններին պահնորդության համար լիցենզիա տա: Այն ժամանակ կառավարությունն ասում էր՝ ոլորտի տնտեսվարողները դեռ չեն կայունացել, թողնում ենք լիցենզավորվեն, շարունակեն կայանալ, 2018-ից կդադարեցնենք: Այս տեմպերով ու գործելաոճով ոչ էլ կթողնեն կայունանանք ու կայանանք: Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ էլ ենք քննարկել, ասել ենք՝ փոխեք օրենքը, թե չէ՝ մենք դատարան ենք դիմելու, բայց այդպես էլ մնաց, չփոխեցին օրենքը»:

Պարոն Պետրոսյանը մեկ այլ հարց էլ է բարձրացնում: Ըստ Պետրոսյանի՝ պահնորդական մասնավոր ընկերություններում պետական ստուգումներ են իրականացվել, ճշտվել հարկային պարտավորությունները, արդյոք բոլոր պահնորդները գրանցվա՞ծ աշխատողներ են եւ այլն. «Իսկ ՊՊԳՎ-ում ո՞վ է ստուգել՝ արդյոք նրանց բոլոր պահնորդները գրանցվա՞ծ են, եւ պայմանագրով որ ներկայացվում են, բոլորն իրո՞ք կան: Ոչ ոք չի ստուգում նրանց»:
«Տրանս-Սֆեր» ընկերության ղեկավարը վստահեցնում է, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը չարաշահում է իր գերիշխող դիրքը, խոչընդոտում է ազատ մրցակցությանը՝ որպես պետական մարմին՝ պետական ֆինանսավորմամբ, եւ նույնիսկ փորձում է դաշտը մենաշնորհել:
Հայաստանում գործում են պահնորդական ծառայության մասնավոր 25 ընկերություններ: Մի կողմից՝ դժվար է պատկերացնել, որ 25 ընկերությանը հնարավոր է շուկայից դուրս մղել եւ մենաշնորհել դաշտը, բայց մյուս կողմից էլ՝ սա Հայաստանն է, որտեղ ոչինչ չի բացառվում:

Տնտեսագետ, գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը մեզ հետ զրույցում նկատում է՝ նման երեւույթն առկա է պետական ընկերությունների գրեթե բոլոր ՊՈԱԿ-ների (պետական ոչ առեւտրային կազմակերպությունների) մրցույթներին մասնակցելիս: Տնտեսագետի կարծիքով՝ խնդիրը կարող է լուծվել եւ հավասար մրցակցային պայմաններ ստեղծվել այն դեպքում, եթե պետական այդ հիմնարկները չսնվեն պետական բյուջեից եւ այդ դեպքում որպես բիզնես-սուբյեկտ հանդես գան մրցույթներում:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

28.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930