Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ էր կատարվում Վճռաբեկ դատարանում անցյալ ուրբաթ, ինչո՞ւ խաչակնքեց փաստաբանը

Հունիս 29,2016 13:00

«Ֆինանսական բուրգի գործով» Արտակ Գալստյանի բողոքը մերժվեց,
իսկ Արթուր Անդրեասյանի դատավճիռը մնաց անփոփոխ

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի նիստերը միշտ չէ, որ լուսաբանվում են: Պատճառն այն է, որ բողոքների քննության օրը դատարանն իր վեց անդամներով հաճախակի է մտնում խորհրդակցական սենյակ, իսկ քննության ընթացակարգն էլ գրավոր է: Այդ գրավոր ընթացակարգի մասին ամեն անգամ նիստից առաջ զգուշացնում է պալատի նախագահը՝ Դավիթ Ավետիսյանը:

Հունիսի 24-ին պալատը 15 բողոք քննեց: Այսինքն՝ 15 անգամ գնաց խորհրդակցական սենյակ: Ուշադրության արժանի էր այն, որ այս բողոքների քննության ժամանակ ընդամենը բազմամարդ դահլիճում երկու դատախազ տեսա. Աշրաֆյանին ու Չախոյանին: Այդ բողոքների քննությանը դատախազների բացակայության մասին ակնարկեց անգամ պալատի նախագահը: Այն, որ առաջին անգամ էր Վճռաբեկ դատարանի մետաղաորսիչ սարքի տակով անցնում դատախազ Լիլիթ Աշրաֆյանը, երեւաց ներքեւում իրերի զննման ժամանակ, երբ նրանից ժամանակավորապես վերցվեց պայուսակում գտնվող օծանելիքը:

Ինչպես տեղեկացրել եմ, պալատն այդ օրը մասնակի բեկանեց Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի քննած «Բժիշկների գործը»: Բողոքի քննությանը մասնակցում էր Լիա Միսակյանի հայրը. երեխան մահացել էր «Արաբկիր» բժշկական կենտրոնում:

Լրացուցիչ պատժի մասով գործն ուղարկվեց նոր քննության: Բողոքաբեր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Տաթեւ Սիրադեղյանն ասաց, որ պատիժը մեղմ է, պետք է լինի 3 եւ 3,6 տարվա, այն էլ՝ ազատազրկման ձեւով: Բժիշկներ Լիլիթ Վարդանյանն ու Զարինե Այվազյանն այս պահին շարունակում են զբաղվել մասնագիտական գործունեությամբ, եւ ինչպես Զարինեի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, իր պաշտպանյալը կրկին վերապատրաստման դասընթացների է մասնակցել, առկա էր սերտիֆիկատ:
«Ֆինանսական բուրգի» գործով Արթուր Անդրեասյանն, ըստ մեղադրական դատավճռի, 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ բուքմեյքերական գործունեությամբ եւ արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում գումարների հափշտակման համար: Նա հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երեւան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության շնորհիվ, ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։

Մի բողոք էլ այդ գործով տուժող ճանաչված Արտակ Գալստյանի փաստաբան Սուսաննա Սարգսյանից էր, որը պահանջել էր անցյալ տարվա դեկտեմբերի 25-ի անշարժ գույքի որոշումը բեկանել:

Չնայած պալատում էին բողոքաբերները՝ Արթուր Անդրեասյանի պաշտպան Մնացական Սարգսյանն ու այդ գործով տուժող Կարեն Բաբակեխյանի ներկայացուցիչը՝ Լուսինե Օհանյանը, սակայն դատարանի հարցին, թե ովքե՞ր են ներկա, նրանք ընտրեցին այլ մարտավարություն. չներկայացան:
Վճռաբեկն անփոփոխ թողեց Արթուր Անդրեասյանի 10 տարի ազատազրկման դատավճռի դեմ բերված բողոքը եւ մերժեց Արտակ Գալստյանին անշարժ գույքի մասով: Մինչ այդ բերված բողոքները եւ Արտակ Գալստյանի դեմ քաղաքացիակայն հայցերը այլ դատարանները նույն գործարքների վերաբերյալ մինչեւ Վճռաբեկ դատարանը ճանաչել են օրինական:

Եվ եթե Վճռաբեկն այս անգամ Ա. Գալստյանի բողոքը չմերժեր, կստացվեր, որ Արթուրի, որը 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել այդ դրվագով, պատժաչափը պետք է իջեցվեր, քանի որ Բաղրամյանի տարածքի անշարժ գույքի մասով առքուվաճառքը ճանաչվել է օրինական:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն անձամբ ներկա էր փաստաբան Արշավիր Խալափյանի գործով բողոքի քննությանը:

Նա փաստաբան Ա. Ֆանյանի հետ բողոք էր բերել Սյունիքի մարզի դատարանի անցյալ տարվա օգոստոսի 4-ի դատավճռի դեմ: Մայիսի 5-ին ճանաչվել է նրա անմեղությունը: Այս հարցով զեկուցողն էր դատավոր Ելիզավետա Դանիելյանը: Հիշեցնեմ, որ ըստ փաստաբանի դեմ հարուցված քրեական գործի մեղադրանքի, «նա հանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, ստանձնելով Սյունիքի մարզի, Սյունիք համայնքի բնակիչներ Հ. Մարգարյանի ու Է Կարապետյանի շահերի պաշտպանությունը, վերջիններիս ենթադրյալ իրավունքների խախտման կապակցությամբ հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին` համայնքի «Հին գերեզմաններ» կոչվող վայրում համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանի կողմից գերեզմանատեղեր ապօրինի հատկացնելու վերաբերյալ, որի հիման վրա հարուցվել է քրեական գործ: Նշված քրեական գործի նախաքննության ընթացքում` Կապանի «Դարիստ» հյուրանոցային համալիրում հանդիպել է Ս. Սարգսյանի որդուն եւ ի վնաս նրա հոր գործողություններ չկատարելու` նոր բողոքներ չներկայացնելու, ինչպես նաեւ իր վստահորդներին մոլորության մեջ գցելու եղանակով, նախկինում ներկայացված դիմումների ելքերով վերջիններիս կողմից չհետաքրքրվելու պայմանով, նրանից ապօրինի պահանջել է 10.000 ԱՄՆ դոլար»:
Մեկ այլ դրվագով էլ Ա. Խալափյանը այլ քաղաքացուց՝ Ա. Կույումջյանից որպես կաշառք ապօրինի պահանջել է 1500 ԱՄՆ դոլար:

Արա Զոհրաբյանն ասաց, որ կարգապահական վարույթ է հարուցված փաստաբանի դեմ, իսկ հարուցված քրեական գործով էլ, Ա. Խալափյանը վստահորդ չի ունեցել: Արշավիր Խալափյանն էլ ասաց, թե իրեն մարզում ճանաչում են որպես փաստաբանի, եւ զարմանալի կլիներ, որ ընկալեին այլ մասնագետի: Նախագահողի հարցին, թե ինչո՞ւ է փաստաբանը 4 միանման գրություններ ուղարկել քաղաքապետարան, փաստաբանը պատասխանեց, որ տուժողը վստահ էր ապօրինությունների վրա, որեւէ պատկան մարմին էլ գործ չէր անում: Վճռաբեկը բողոքը բեկանեց մասնակի, փաստաբանն էլ տեղում խաչակնքում էր:

«Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գանգատի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրած վճռի հիման վրա, «Գործի վերաբացման վարույթի շրջանակում» քննեց ճանաչված փաստաբան Սեդա Սաֆարյանի բողոքը: Վճռաբեկը բեկանեց 2005-ից հետո դատական ակտերը, գործն ուղարկելով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
Եվրադատարանն, ի դեպ, հաստատել էր, որ Նալբանդյանների հանդեպ խախտվել են արդար դատաքննության, դատական պաշտպանության մատչելիության իրավունքները, անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվել նրանց նկատմամբ: ՄԻԵԴ-ը որոշել էր, որ Բագրատ Նալբանդյանին Հայաստանի Հանրապետությունը պետք է վճարի 10 հազար, Նարինե Նալբանդյանին` 27 հազար եւ Արեւիկ Նալբանդյանին՝ 25 հազար եվրո:

Այս գործով «Բռնությունների վերաբերյալ» մասը Վճռաբեկն ուղարկեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան:
Հիշեցնենք, որ 2004 թվականի հունիսին Նարինե Նալբանդյանին, նրա ամուսնուն՝ Բագրատին, Գեղարքունիքի մարզի ոստիկանությունը ձերբակալել է անչափահաս աղջկա սպանության կասկածանքով: Նրանք տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ, որը, ըստ Նալբանդյանների պաշտպանի, բռնությունների հետեւանքով էր:

Բագրատ Նալբանդյանը դատապարտվել էր 9 տարվա, իսկ կինը` Նարինե Նալբանդյանը` 14 տարվա ազատազրկման, իսկ դստեր` Արեւիկ Նալբանդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Վճռաբեկ դատարանում էին Արեւիկն ու հայրը:

Զեկուցողն էր քրեագիտության լավագույն մասնագետներից դատավոր Սերժիկ Ավետիսյանը:
Ն. Նալբանդյանի կալանքը կմնա անփոփոխ:
Ուշագրավ գործերից էր «Քննիչի գործը»: Քննիչ Արթուր Ադամյանի վեճը փաստաբանի հետ էր: Նա ազատազրկվել էր 3 տարով, հափշտակություն կատարելու համար: Բնականաբար, Վճռաբեկ դատարանում բողոքաբեր դատապարտյալ չտեսանք, իսկ ներկա տուժող փաստաբանն էլ ասաց, որ վստահել է քննիչին, նրա հետ ներքին առուծախի պայմանագիր կնքել: Իսկ գործարքի ժամանակ էլ կարգը չի պահպանվել, քանի որ նրան քննիչն ասել էր՝ «քննիչի կնիքը կբերեմ»: Դատավճիռը չբեկանվեց ու մնաց անփոփոխ:
Վճռաբեկը բեկանեց նաեւ անցյալ տարվա հոկտեմբերի 16-ի Միքայել Դիլանչյանի գործով բերված բողոքը:

Միքայելն իր «ՎԱԶ» ավտոմեքենայով Բաբայան եւ Արաբկիր 49 փողոցների հատման խաչմերուկներում բախվել էր Սարգիս Ասատրյանի «Մերսեդես-Բենց» ավտոմեքենային: Նա «խոշոր չափի գույք խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ վթարից անմիջապես հետո», ըստ գործի նյութերի, «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունում կնքել է իր վարած տրանսպորտային միջոցի ապահովագրության պայմանագիր: Դրանից հետո նա զանգել է «Ռոսգոսստրախ Արմենիայի» կոնտակտ կենտրոն եւ հայտնել վթարի մասին: Ս. Ասատրյանը դիմում է ներկայացրել 580.000 ՀՀ դրամ հատուցում ստանալու համար, սակայն քանի որ ապահովագրականի անվտանգության աշխատակիցները կատարվածը պարզել են, Մ. Դիլանչյանը չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

28.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Փաստաբանների պալատի նախագահ` Արա Զոհրաբյանն անձամբ ներկա էր փաստաբան Արշավիր Խալափյանի գործով վճռաբեկ բողոքի քննությանը: Հարուցված քրեական գործով էլ, Ա. Խալափյանը վստահորդ չի ունեցել: Փաստաբան` Ա. Խալափյանը իր դեմ կատարված ապօրնություններից պաշտպանելու համար դիմել էր ՀՀ Փաստաբանական պալատին, խնդրանքով, որ պաշտպանեն իրեն: Վճռաբեկ բողոքը գրել էր փաստաբան` Արմինե Ֆանյանը:ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ` Արա Զոհրաբյանը մինչև վերջ պայքարեց փաստաբանի իրավունքների պաշտպանության համար և հասավ հաղթանակի: Սա հերթական դեպքն է, որ փաստաբանները պաշտպանված են` ի դեմս ՀՀ Փաստաբանական պալատի նախագահ` Արա Զոհրաբյանի: Հիշեցնեմ իմ վրա Գյումրիում Հոռոմի վթարի գործով վկաների և տուժողների հարձակվելու դեպքը, փաստաբան` Տիգրան Հայրապետյանի վրա հարուցված քրեական գործը, Սուսաննա Սարգսյանի գրասենյակում խուզարկություն կատարելու դեպքը և այլն, արդեն գործերը անհաշիվ են… Դրանում է կայանում մեր Փաստաբանական համայնքի միասնությունը և հզորությունը…Ես գնահատում եմ աշխատանքը` փաստերով…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930