Հարցազրույց Բարձրագույն որակավորման
հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Լիլիթ Արզումանյանի հետ
– Տիկին Արզումանյան, արդյոք վերջին տարիներին դոկտորական ատենախոսությունների թիվը անբնականորեն չի՞ ավելացել:
– Այս տարիների ընթացքում թիվը 50-ից չի անցել, իսկ ավելի ստույգ` 2013թ. հաստատվել է 50, 2014թ.՝ 43, իսկ 2015թ.՝ 33 դոկտորական աշխատանք: Ասեմ, որ այդ թվերը բնավ էլ մեծ չեն մի հանրապետությունում, որտեղ բուհեր կան եւ նաեւ սերնդափոխության խնդիր պետք է լուծվի:
– Ո՞ր աշխատանքներում են թերություններն ավելի շատ, թեկնածուակա՞ն, թե՞ դոկտորական:
Կարդացեք նաև
– Բնականաբար՝ թեկնածուական, որովհետեւ դրանց թիվն ավելի մեծ է:
– Օրենսդրական ի՞նչ փոփոխությունների կարիք կա՝ ԲՈՀ-ն ավելի պաշտպանված դարձնելու ու ազատ աշխատանքի հնարավորություն ընձեռելու համար:
– Վերջին 2 տարիների ընթացքում օրենսդրական մի շարք փոփոխություններ եղան, որոնք կարծում եմ՝ կնպաստեն մեր աշխատանքներին: Այսօր ԲՈՀ-ի ամենամեծ խնդիրը մասնագիտական խորհուրդներն են: Առհասարակ հասարակության մեջ առկա նեգատիվ երեւույթները պետք է վանի ինքը` հասարակությունը: Մաքրվելու ճանապարհը դա է: Տվյալ դեպքում հասարակությունը մեր խորհուրդներն են, որոնք կոչված են գնահատելու աշխատանքները: Եթե խորհուրդներն իրենց կոչմանը հավատարիմ չեն, ես որեւէ կոնկրետ արդյունքի չեմ հասնի: Այսօր քիչ խորհուրդներ կան, որոնք գիտակցում են իրենց դերը: Այս առումով ԲՈՀ-ի գերխնդիրն այսօր մասնագիտական խորհուրդների վերաձեւավորումն է, մի գործընթաց, որ մինչեւ տարեվերջ կսկսենք եւ կավարտենք…
Հուսով եմ: Անհրաժեշտ են բավական արմատական փոփոխություններ, անհրաժեշտ է խորհուրդներում ընդգրկել երիտասարդների, որոնք ըստ էության դուրս են գործընթացից: Ես համոզված եմ, որ հանրապետությունում կան երիտասարդ մասնագետներ, որոնք մտահոգ են ընդհանուր իրավիճակի համար եւ պատրաստակամ են մեզ օգնելու: Ինչ վերաբերում է ԲՈՀ-ի պաշտպանվածությանը, դա անմիջականորեն կախված է երկրում մտածողության վերանայման հետ, եթե լինի օրենքի գերակայություն եւ եթե «չի կարելին» ընկալելի դառնա, երկիրը, ուրեմն եւ ԲՈՀ-ը, պաշտպանված կդառնա: Գուցե զարմանալի հնչի, բայց մենք ինքներս մեզանից պաշտպանվելու խնդիր ունենք: Տվյալ դեպքում գիտական աստիճանի պետք է հավակնի գիտությամբ զբաղվողը, մյուս բոլոր դեպքերը պետք է դիտվեն որպես անհասկանալի թյուրիմացություն:
– Արդյոք ավելացե՞լ են գրագողության դեպքերը:
– Կարծում եմ՝ գրագողության դեպքերը չեն ավելացել, պարզապես հիմա, կոպիտ ասած, ավելի շատ են «բռնվում»` շնորհիվ մեր տարած աշխատանքի: Բայց ես բնավ էլ համոզված չեմ, որ մենք ամեն ինչ հայտնաբերում ենք:
– Իրավունք ունե՞ն այլ կառուցներ, օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, խառնվել ԲՈՀ-ի գործերին:
– Անցյալ տարի նման իրավիճակ եղավ. ես մի օրինակ բերեմ, եթե դասախոսը քննության ժամանակ ուսանողին բավարար չի նշանակում վատ պատասխանելու համար, ասելով` գնա պարապի ու արի նորից հանձնի, արդյոք դա մարդու իրավունքների խախտո՞ւմ է: Ըստ էության, ԲՈՀ-ի արածը դա է: Կարելի է հարցում անել կամ ստուգել գործընթացի իրավական կողմը, բայց մեղադրել վատ աշխատանքը չհաստատելու համար` լուրջ չէ:
– Կա՞ն ճնշումներ ԲՈՀ-ի վրա ազդեցիկ պաշտոնյաների կողմից:
– Ցավոք` լինում են, որն առաջացնում է անիմաստ ահավոր լարվածություն, սակայն, փառք Աստծո, դրանք ամենաբարձր մակարդակով չեն: Նման դեպքերում մենք փորձում ենք ապացուցել ԲՈՀ-ում իրականացված գործընթացի ճշգրտությունը:
– Կարո՞ղ եք մեկ-երկու ցցուն փաստ բերել՝ առանց անուններ նշելու, գիտական աշխատանքների վատ որակի վերաբերյալ:
– Գիտեք ինչ, եթե ընդհանուր տխուր վիճակի պատճառը ցցուն մի քանի փաստերը լինեին, ես կասեի, բայց դրանք եղանակ չեն ստեղծում: Եթե գիտության գնահատման համակարգում գիտական աշխատանքը գրել են տալիս ու գրողը գիտնականն է, եթե «այդ աշխատանքով» հասցնում են պաշտպանության եւ հասցնողները գիտնականներն են, եթե «այդ աշխատանքով» պաշտպանում են եւ դրական քվեարկողները գիտնականներ են… էլ ցցուն փաստ մնա՞ց: Այսօր պարզվում է, որ այս երեւույթի դեմ պայքար մղողը ԲՈՀ-ն է ու մի քանի սրտացավ գիտնականներ: Ես համոզված եմ, որ մենք վերակենդանացման մեծ խնդիր ունենք հասարակության բոլոր բնագավառներում, որին պետք է լծվեն հայրենիքի ցավով ապրող հնարավորինս շատ մարդիկ: Յուրաքանչյուր գիտնական պետք է պատասխանատվություն կրի յուրաքանչյուր գիտական աստիճանի վկայագրի համար, յուրաքանչյուր գիտնական պետք է ընկալի դա որպես իր արժանապատվության խնդիր: Եվ ընդհանրապես` քանի դեռ յուրաքանչյուր հայ աղբը աղբաման չի լցնում` իրավունք չունի լավ երկրում ապրելու հավակնություն ունենալ:
– Պարբերաբար հնչում են ԲՈՀ-ի լինել-չլինելու մասին հայտարարություններ, այս մասին ի՞նչ կասեք:
– Նման խոսակցություններ եղել են միշտ: Եթե թույլ կտաք, ես մի քիչ ծավալվեմ: Հիմնական փաստարկն այն է, որ արտասահմանյան երկրներում իբր նման կառույց չկա: Նախ բոլոր երկրներում էլ նմանատիպ կառույցներ կան, որոնք ԲՈՀ չեն կոչվում, սակայն ունեն այն գործառույթները, ինչ մենք: Բացի այդ` բոլորովին վերջերս ինտերնետում հրապարակվեց 1000 լավագույն բուհերի ցուցակը, որի մեջ Հայաստանից որեւէ բուհ ընդգրկված չէր, ցավոք: Եվ քանի որ մեր բուհերը բարձր վարկանիշ չունեն աշխարհում, մեր գիտական աստիճանի վկայագիրը ճանաչվում է (իսկ այն իրոք ճանաչվում է), որովհետեւ ի դեմս ԲՈՀ-ի` այն տալիս է պետությունը: Բացի այդ, ԲՈՀ-ը մեր անկախության խորհրդանիշներից է, եւ պարբերաբար այն քանդելու կոչերը բացարձակ անհասկանալի են, առավել եւս, երբ այդ հարցը չի քննարկվում ոչ Գիտությունների ակադեմիայում, ոչ բուհերի ղեկավարության շրջանակներում, քանի որ բոլորն էլ գիտակցում են ԲՈՀ-ի անհրաժեշտությունը եւ չեն կարող ժխտել, որ ըստ էութայն այսօր ԲՈՀ-ը պայքարում է հանուն որակի:
– Վերջին տարիներին ԲՈՀ-ին դատի տալու քանի՞ դեպք է եղել եւ ի՞նչ պատճառով:
– Կա զարմանալի մի օրինաչափություն. հիմնականում բողոքում են ու դատի են տալիս ամենավատ աշխատանքների համար: Այո, մի քանի անգամ դատի տվել են, բայց քանի որ ԲՈՀ-ում գործընթացները տարվում են գործող իրավական ակտերին համապատասխան, դատական ատյանները դա գնահատում են:
– Կարծիք կա, որ օր առաջ պետք է հրաժարվել հայցորդության համակարգից, ձեր տեսակետը:
– Կարծում եմ` պետք է լինի միայն առկա եւ հեռակա ասպիրանտուրա:
– Որքանո՞վ է Հայաստանի հետբուհական կրթական համակարգը համապատասխանում եվրոպական որակավորումների չափանիշներին:
– Որակավորման միասնական չափանիշներ գոյություն չունեն: Մեր գործընթացը պետք է տարվի հնարավորինս եղած լավագույն տարբերակներին մոտեցնելու սկզբունքով, անպայման դրանք տեղայնացնելով:
Զրույցը՝
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ»
28.06.2016
Ես գիտությունների դոկտոր եմ և պրոֆեսոր: Առաջարկում եմ մի շարք սկզբունքային քայլեր՝
1. ԲՈՀը դւրս բերել ԿԳՆ ենթակայուցյունից կցելով կառավարությանը կամ նախագահին:
2. Ատենախոսությունը նախ հաստատվի ԲՈՀում հետո դուրս բերվի հրապարակային պաշտպանության.
3. Ամեն պաշտպանության համար պատահականության սկզբունքով պետք է ձևավորվի խորհրդի կազմը, որը գաղտնի է մնում: Ատենախոսը խորհրդի անդամներին և ընդիմախոսներին տեսնում է պաշտպանության ժամանակ:
Ու էլի մի քանի առաջարկներ:
Հարգանքներով: