Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ոմանք շեղվում են իրենց բռնած ճանապարհից՝ ընտրելով շահը»

Հունիս 29,2016 12:00

Ալբեր Քամյուի «Կալիգուլան»՝ «բաց» մատուցմամբ

Օրերս «Երեւան» մշակութային կենտրոնի համերգասահ-ամֆիթատրոնում ներկայացվեց ֆրանսիացի արձակագիր, թատերագիր, էսսեիստ, փիլիսոփա, Նոբելյան մրցանակակիր (1957թ.) Ալբեր Քամյուի «Կալիգուլա» թատերախաղը: Ներկայացման ռեժիսորն է Ալլա Բունիաթյանը, գլխավոր կերպարը մարմնավորեց երիտասարդ դերասան Կարեն Բարբարյանը: Վերջինիս ու ռեժիսորի համագործակցությունը, չնայած նրանց երիտասարդ տարիքին, շոշափելի կենսագրություն ունի: Ալլա Բունիաթյանին հիշում ենք ժամանակին տարբեր թատրոններում բեմադրած աշխատանքներից, այդ թվում են՝ նրա ռեժիսուրայով եւ սցենարով «Շամիրամ եւ Կլեոպատրա» դրաման, «Կես կադր» էքսպերիմենտալ ներկայացումը, Չարենցի եւ Մայակովսկու պոեզիայի հիման վրա «Ապտակ հասարակական ճաշակին», «Մեկ թագավորի թատրոն» բեմադրությունը՝ ըստ Աստղիկ Սիմոնյանի համանուն պիեսի եւ այլն: Ռեժիսորի երկու բեմադրություններում՝ «Ապտակ հասարակական ճաշակին» եւ «Մեկ թագավորի թատրոն», խաղացել է հենց Կարեն Բարբարյանը:

tatron

Երիտասարդ դերասանը՝ «Ապտակ հասարակական ճաշակին» ներկայացման մեջ:

Անդրադառնալով «Կալիգուլային», նշենք, որ 1990-ականներին հայ հանդիսատեսը առնչվել է այս ներկայացման հետ: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այն իրականացրել է ռեժիսոր Տիգրան Գասպարյանը, Կալիգուլա էլ խաղացել է Տիգրան Ներսիսյանը: Սակայն եթե «այն ժամանակներում» խորհրդային իներցիայից ելնելով սուր ասելիքը ներկայացվում էր ենթատեքստով, ապա այսօր հարցադրումներն ավելի սուր են, ուղիղ ասված՝ ճակատային, ամբիցիոզ ու պահանջկոտ: Առավել եւս, որ ասելիքն ավելի տպավորիչ, ավարտուն դարձնելու նկատառումով Ալլա Բունիաթյանը «Կալիգուլային» հավելել է հատվածներ Մարիո Ջորդանոյի «Սեւ արկղ» կենսագեղարվեստական վեպից:

«Առավոտի» հետ զրույցում, ի պատասխան մեր հարցի, Ալլա Բունիաթյանն ասաց, որ ինքն ուսումնասիրել է համացանցում եղած արտասահմանում բեմադրված «Կալիգուլաները», այդ թվում՝ Սունդուկյանի անվան եւ «Գոյ» թատրոններինը: «Հանդիպեցի իսկապես տարբեր լուծումներով ու ենթատեքստերով բեմադրված ներկայացումների: Բնավորությանս համաձայն՝ հնարավորինս հեռու մնացի որեւէ մեկին ընդօրինակելուց, թեեւ, անկեղծ ասած՝ հիանալի Կալիգուլաների հանդիպեցի: Ես շեշտադրել եմ հասարակայնության մեջ մարդասպանների, այսպես ասած, դերը եւ դրա բացակայության ողբերգական հետեւանքները»,- ասաց մեր զրուցակիցը: «Հաճախ միամտորեն ասում են, թե արվեստի ներկայությունը ոչինչ չի փոխում մեր կյանքում: Սակայն ըստ իս՝ արվեստի առաքելությունն է ոչ թե փոխել կամ դաստիարակել, այլ դրդել հանդիսատեսին մտածել, խորհել: Ի վերջո, Կալիգուլան ինքը լինելով «ոչնչություն», փորձում է շրջապատում գտնել խելացի, մտածող մարդկանց, որոնք պոտենցիալ անհատներ են եւ ի վերջո հայտնաբերում է նրանց, բայց, փաստորեն, վերջիններս վախից ու իրենց շահերից դրդված՝ սպանում են իրենց ներսում եղած պոտենցիալը…»,- համոզված է ռեժիսորը:

tatron-2

Կարեն Բարբարյանը՝ Կալիգուլայի կերպարում:

Կարեն Բարբարյանի հաջողված դերերից է Մերկուցիոն՝ Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետում», որը բեմադրվել է Խամաճիկների թատրոնում: Իսկ նրա նոր հերոսին՝ Կալիգուլային, դերասանը նրա խոսքերով ասաց. «Ես ինձ Աստված եմ համարում, բայց ինչիս է պետք այսքան զարմանալի այս զորությունը, երբ չեմ կարող այնպես անել, որ տանջանքը նվազի եւ էակներ չմեռնեն այլեւս…»: Հավելեց նաեւ, թե այսօր կան անհատներ, բայց, ցավոք, նրանց գերակշիռ մասը մարտնչելով շեղվում է իրենց բռնած ճանապարհից, ընտրելով շահը…

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

28.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930