Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշագրավ բացահայտում՝ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների չարաշահումների մասին

Հունիս 28,2016 21:52

Երեւանի Կայազորի Ռազմական ոստիկանության օպերատիվ բաժանմունքի նախկին պետ Հարություն Ոփանյանն «Առավոտի» հետ զրույցում ուշագրավ բացահայտումներ արեց բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների չարաշահումների ու ապօրինությունների մասին: Նա պատմեց, թե ինչպես է գեներալների բիզնեսներ բացահայտել, ՊՆ-ում ուռճացված գներով պետական ծախսերը գտել ու ինչպես են իր հետ փորձել հաշվեհարդար լինել համակարգում ու ազատել պաշտոնից: Ոփանյանը ստիպված լքել է Հայաստանը՝ փորձելով փրկել կյանքը: Այնուհետեւ սկսել են հետապնդել եղբորը:

Հարություն Ոփանյանի խոսքերով՝ «Ես, ՀՀ-ից դուրս գալուց հետո մոտ 3.5-4 տարի չեմ խոսել այս թեմայի մասին, քանի որ հարազատ եղբայրս գտնվում էր Հայաստանում: Մենք եղել ենք նույն համակարգում: Իմ դուրս գալուց հետո իր մոտ պարբերաբար սկսել են ստուգումները՝ դատախազություն, ռազմական ոստիկանություն: Ես լռել եմ»: Հիմա Ոփանյանի եղբայրն էլ իր հետ Ավստրիայում է, քաղաքական ապաստան են խնդրել, դիմել Եվրոդատարան:

2012-ի փետրվարի 25-ին Հարություն Ոփանյանը նախարարի հրամանով նշանակվում է Երեւանի կայազորի ռազմական ոստիկանության քրեականի պետի պաշտոնում ու սկսում իր բացահայտումները: Նրա խոսքերով՝ «2007-2009-ին Երեւանում եղել եմ՝ որպես հետաքննիչ սպա: Շատ լավ ծանոթ եմ, այսօր Երեւանում ռազմական ոստիկանության ինչ-որ աշխատող լեյտենանտ չի կարող որեւէ բան փոխել, երբ որ իր շեֆերը իրեն չթողնեն: Այդ կարգավիճակում այն ժամանակ ես եմ եղել, երբ որ պարզ երեւում էր, թե ինչ է կատարվում: Երբ եկանք Երեւան ղեկավարի կարգավիճակով, սկսեցին նախարարին փաստացի ամեն օր բողոքներ ուղարկել: Մի օրինակ բերեմ՝ ես վարչության պետի հրամանով գործուղման հիման վրա Արմավիրից տեղափոխվել եմ Երեւան: Հունվար ամսին, Նոր տարին անցել է, ստուգում ենք իրականացրել Ռազմական ինստիտուտում, տեսել ենք Ռազմական ինստիտուտի գեներալ Մարտին Նազարիչը (նկատի ունի Ռազմական ինստիտուտի այն ժամանակ պետ Մարտին Նազարի Կարապետյանին,- Հ. Ջ.)՝ ինչ-որ կոլխոզի գեներալ մի հատ, սեփական բիզնեսն է դրել, ասենք, «չայնին», ամիսը մի 30 հազար դոլար փող է կաթում: Մի հատ ատամի մածուկը, որ պետք է ծախեն 80 դրամ զորքի վրա, ծախում են 300 դրամ, դարպասներն էլ փակել են, որ զորքը դրսից առեւտուր չանի: Ես միանգամից դա զինվորական ունեցվածքի պահպանության բաժանմունքին եմ ուղարկել, դա պլոմբել են: Հանձնաժողով են ստեղծել, նյութեր են նախապատրաստել եւ այլն: Մարտին Նազարիչը զանգում է ՊՆ նախարարին, ասում է՝ էս ո՞ւմ եք նշանակել, պարոն Սեյրան Մուշեղիչ, զորքին չի թողնում սնվեն: Բայց մենք դա որ փակել ենք, ստեղծել ենք պայմաններ: Դարպասները բացել ենք, խանութի տերերին կանչել եմ, ասել եմ՝ ապրանք եք տալիս զինվորներին, ոնց որ մի բանը ծախում եք 100 դրամ, եթե մի ապրանքը 3000 հոգի առնեն, ինչքանո՞վ կտաք, մարդիկ երախտապարտ ասել են՝ 70-ով կտանք: Ասել եմ՝ դե ուրեմն սպասարկեք ռազմական ինստիտուտին, մինչեւ նյութերի ընթացքն ավարտվի»:

Ոփանյանը պատմեց, թե ինչ է եղել իր այդ «կոշտ գործողությունների» արդյունքում. «Նախարարը, էսօրվա պես հիշում եմ՝ 2012-ի մարտի 26-29-ը  գտնվել է ԱՄՆ-ում: ԱՄՆ-ից զանգում է զինվորական գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, ասում է խնդրում եմ, վաշտի հրամանատարին չձերբակալեք, խափանման միջոցը կիրառեք ստորագրություն, որովհետեւ ինքը մեզ չի կարողանում ասի՝ ինչի՞ եք անօրինականությունը բացահայտել, երեսը չի բռնում, ստիպված դատախազին ասում է՝ խնդրում եմ, էդ վաշտի հրամանատարը ՊՆ գլխավոր շտաբի կադրերի վարչության պետի փեսան է»:

Թե ինչպես է Երեւանի Կայազորի զինվորական դատախազության դատախազ Վարազդատ Բադալյանը ստիպել, որ սպաներից մեկը Հարություն Ոփանյանի դեմ ցուցմունք գրի, ինչպես են նրան ազատել պաշտոնից, վախեցրել՝ կրակելով իր «Մերսեդես» մակնիշի մեքենայի վրա ու ինչ չարաշահումներ է նկատել Ոփանյանը՝ սկսած ՊՆ-ում մի DVD-ի գնից մինչեւ «Վիլիսի» գողությունը՝ այս ամենի մասին կարդացեք «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարինե says:

    Վայ, Հռիփսիմե ջան, ավելի լավ է չկարդանք… ջայլամի քաղաքականություն չեմ վարում, ուղղակի ուժս չի պատում…
    գոնե էս մի ոլորտը, մենակ էս մեկը մաքուր թողեք….

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930