Երեւանում իր գործունեությունն է սկսել մարդու իրավունքների ու հիմնարար արժեքների վրա հիմնված «Հոդված 3» ակումբը, որի բացման արարողությունը կայացավ հունիսի 28-ին:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Հոդված 3»-ի տիրուհին` Գայանե Աբրահամյանը, ակումբի գլխավոր նպատակն է ստեղծել հարթակ քաղաքացիական հասարակության, երիտասարդության եւ քաղաքական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչների հանդիպումների, քննարկումների, երկխոսության համար, բարձրաձայնել հասարակությանը հուզող խնդիրները, նպաստել իրավագիտակցության բարձրացմանը, բանավեճերի ու քննարկումների մշակույթի ձևավորմանը։
«Հոդված 3»-ը հենց Սահմանադրության Հոդված 3-ն է, որը սահմանում է մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:Ակումբի ուղենիշն է մարդու իրավունքների հանրայնացումը, տարածումը եւ որպես արժեք երիտասարդների ու ընդհանրապես մարդկանց մեջ ներարկելու գաղափարը: «Հոդված 3»-ը լինելու է ակումբ, որտեղ իրականացվելու են քննարկումներ, բանավեճեր, դասընթացներ, ոչ ֆորմալ հանդիպումներ, ֆիլմերի դիտումներ և այլընտրանքային կրթության այլ միջոցառումներ»,-ասաց Գայանե Աբրահամյանը:
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ իրենց բոլոր քննարկումները բաց են լինելու մամուլի համար, սակայն «Հոդված 3»-ը տարբերվելու է արդեն եղած մամուլի ակումբներից. «Իր հիմնական խնդիրն է ստեղծել հանդիպման վայր, հարթակ քաղաքական գործիչների, հասարակական գործիչների եւ, մասնավորապես, երիտասարդների համար»:
«Հոդված 3» ակումբի բացումը ուղեկցվեց «Քաղաքացիական պայքարի քրոնիկոն» խորագրով ցուցահանդեսով, որը կազմակերպվել էր «Ֆոտոլուր» լրատվական գործակալության հետ համատեղ։ Միջոցառումը բազմամարդ էր, ներկա էին տարբեր ոլորտների անվանի գործիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ