Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր կայացավ «Հավերժություն» պլաստիկ ներկայացման երևանյան պրեմիերան:
Հեղինակն ու սցենարիստը Պատրիկ Մալաքյանն է (Անրի Վեռնոյի որդին), ռեժիսորը՝ Գրիգոր Խաչատրյանը, բալետմայստերը՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Նորքի հայորդաց տան պարային դպրոցի գեղարվեստական ղեկավար Արման Ջուլհակյանը:
Նորքի հայորդաց տան ավելի քան 70 սաներ՝ Գևորգ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցից, «Նարեկ» պարային, «Հայկազունք» ազգագրական երգի-պարի, «Արմեններ» դհոլահարների համույթներից, ներկայացրին մնջախաղի, կրկեսային համարների, ազգագրական երգ ու պարի, երաժշտական հարվածային գործիքների համադրմամբ ստեղծված բեմադրություն:
«Այսպիսի ներկայացում ունենալու գաղափարն առաջացավ նախորդ տարի, երբ մտածում էինք՝ ինչպես նշել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Միտք ծագեց ներկայացնել ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլև հայոց պատմությունն ամբողջությամբ»,- բեմադրությունից առաջ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց Պատրիկ Մալաքյանը:
Կարդացեք նաև
Նրա փոխանցմամբ՝ «Հավերժություն» պլաստիկ ներկայացման պրեմիերան Մարսելում է կայացել. «800 հոգի ներկա էին: Ավարտին բոլորը ոտքի էին կանգնել, շատերը լաց էին լինում»:
Ի դեպ, Մալաքյանը տեղեկացրեց նաև, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում հոկտեմբերին Նյու Յորքում հանդես կգան «Հոգիս» ներկայացմամբ: Նախատեսում են 2017-ին Հայաստանում ևս ներկայացնել այն:
«Հայորդաց տան սաներից բացի, ներկայացմանը կմասնակցեն նաև «Թումո»-ի երեխաները: Փորձելու ենք արվեստը սինթեզել նոր տեխնոլոգիաների հետ: Ցույց կտանք հայ երեխաների գերազանությունը ոչ միայն արվեստում, այլև նոր տեխնոլոգիաների բնագավառում»,- ասաց Պ. Մալաքյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ