Ռուզաննա Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա մաքսանենգ ճանապարհով Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ոսկյա եւ արծաթյա զարդեր տեղափոխելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով իր ծանոթ Վարդան Բեգինյանի հետ, 2015թ. հուլիսի 25-ին Ռաֆայել Հարությունյանի կողմից շահագործվող «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի հետեւի նստարանի նստատեղի տակ թաքցրած, Բագրատաշենի մաքսակետով Հայաստան են տեղափոխել 314.24 գրամ, 4 միլիոն 477 հազար 920 դրամ ընդհանուր արժողության տարբեր տեսակի ոսկյա զարդեր եւ 26350.7 գրամ, 20 միլիոն 986 հազար 860 դրամ ընդհանուր արժողության տարբեր տեսակի՝ արծաթ եւ ոչ արծաթ մետաղի համադրությամբ զարդեր, որոնք նույն օրը զննությամբ հայտնաբերվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ռուզաննա Հովհաննիսյանին եւ Վարդան Բեգինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասով («Մաքսանենգությունը» ): Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Այս քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ