Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհակա՛լ եղեք ՌԴ-ին». ՀՀԿ-ականներն ԱԺ-ում Ռուսաստանի գովքն են անում ու հակափաստարկներ ստանում (Տեսանյութ)

Հունիս 28,2016 18:40

ԱԺ-ում ՌԴ-ի գովքն է ՀՀԿ խմբակցության պատգամավորների կողմից՝ հնչում են շնորհակալություններ, երախտիքի խոսքեր:

ՌԴ-ի հետ ստորագրված հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի քննարկման ժամանակ իր ելույթում Խաչատուր Քոքոբելյանն ասաց. «Մենք պետք է թույլ չտանք որեւէ պայմանագիր, որը տարբերություն է դնում կամ թուլացնում է ՀՀ-ԼՂՀ միասնական անվտանգության համակարգը»:

Էդմոն Մարուքյանն էլ հիշեց ռուսական զենքի վաճառքի հետ կապված ՀՀ իշխանության ներկայացուցիչների արդարացումները, թե բիզնես է, ինչ անենք: Ադրբեջանը ապրիլյան պարտերազմի օրերին թույլ է տվել ագրեսիայի ակտ, միջազգային մարդասիրական եւ մի շարք այլ նորմեր է խախտել: Ելնելով դրանից՝ ՌԴ-ն պետք է առնվազն դադարեցներ զենքի մատակարարումը այդ երկիր, բայց չարեց. «Միակ փաստաթուղթը ՀՀ-ից որ գնացել է ՌԴ ու Ադրբեջան, դա իմ նամակն է եղել, որտեղ հիմնավորելով միջազգային իրավունքի շրջանակներում ասվում է, թե ինչու է պետք Ադրբեջանին դադարեցնել զենքի մատակարարումը: Որեւէ այլ խողովակով ՀՀ-ից ՌԴ ղեկավարությանը փաստաթուղթ չի գնացել: ՌԴ-ից էլ ստացել եմ նամակ, որ իմ նամակը ստացել են ու մինչեւ հիմա չեն պատասխանել»:

Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ ՌԴ-ն հարձակողական զենքեր է վաճառում Ադրբեջանին՝ լինելով Մինսկի խմբի համանախագահող երկիր. «Վաճառում է զենք, որը այրում է հեկտարներով հող ու էդ հողի վրա եղած մարդկանց: Հիմա տեղի է ունեցել ռազմական հանցագործություն: Ես պահանջել եմ մեր արտգործնախարարությանը, որ ՄԱԿ-ի մեր խողովակներով էդ հարցերը բարձրացրեք: Ի՞նչ եք արել՝ ոչ մի բան»:

Մարուքյանը վստահեցրեց, որ ՌԴ-ն կարող էր քայլեր անել՝ վստահությունը բարձրացնելու:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Տեղեկացնեմ, որ եթե կանգնեցվել է ադրբեջանական ագրեսիան, կանգնեցվել է մեր դաշնակից Ռուսաստանի զենքով: Դրա մասին մոռանում են չգիտես ինչու»:

Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն իր անթաքույց սերը հայտնեց՝ առ Ռուսաստան. «Մի՛ կարծեք, որ եթե 4-օրյա պատերազմի ժամանակ թուրքական սահմանը ամենահանգիստն էր, դա նրանից էր, որ Թուրքիան ախորժակ չուներ Հայաստանի նկատմամբ: Դա նրանից էր, որ այստեղ կանգնած է ռուսական բազան եւ այստեղ կանգնած է ռուսական սահմանապահ զորքը: Եվ դրա համար շնորհակա՛լ եղեք: Շնորհակա՛լ եղեք, որ Թուրքիան, որը Սիրիայում կոտորում էր մեր հայրենակիցներին, նույն օրերին մտավ Իրաք, Թուրքիան անգամ ծպտուն չհանեց հայ-թուրքական սահմանի վրա»:

Նիկոլ Փաշինյանն էլ հանրության կասկածները փոխանցեց քառօրյա պատերազմում ՌԴ-ի դերի հետ կապված. «Չեմ կարծում, որ որեւէ մեկը էդպիսի ռիսկ կունենար ռազմական գործողություն ձեռնարկել, եթե երաշխիք չունենար, որ ՌԴ-ն առնվազն պահպանելու է չեզոքություն: Ի՞նչ, Ադրբեջանը առյուծի սի՞րտ էր կերել: Իհարկե, ոչ: Սա վերլուծություն է, բայց կան նաեւ փաստեր: Եթե համարենք, որ Ադրբեջանը առյուծի սիրտ է կերել ու հարձակվել, դրանից հետո ՌԴ-ն առնվազն պետք է սառեցներ Ադրբեջանին զենքի մատակարարումը, բայց հակառակը, հայտարարեց, որ շարունակելու է մատակարարել: Եվ այս կոնտեքստում գալ, ստեղ ասել՝ եկեք ՌԴ-ին շնորհակալություն ասենք….էնքան շնորհակալություն ենք ասել այս 200 տարվա ընթացքում, որ դոզան անցել ենք»:

Նիկոլ Փաշինյանը զարմացած է՝ ինչպե՞ս կարող են ՀՀ-ում կառավարել հակաօդային պաշտպանության միավորված համակարգը՝ առանց ՌԴ-ի. «Դուք ՀՀ-ում ռուսական ինքնաթիռները նույնիսկ գետնի վրա մի մետր չեք կարող տեղաշարժել, հիմա եկել եք ասում, թե ձեր հրամանատարության ներքո ռուսական օդուժը օդ ա բարձրանալու: Թան էլ չէ, բրդած մածուն ձեզ: Մի հատ էլ ասում եք, թե ՌԴ-ն տիեզերական հետախուզության տվյալները փաթաթելու ա տա ՀՀ-ին, տղերք, էս լո՞ւրջ եք խոսում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob M. says:

    1. Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա:
    2. Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը:
    3. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը:
    https://top-news.am/7/1/news/65772.html Հայեր, ճանաչեք Ժիրինովսկուն Այսօր այն մարդիկ, որոնց թվում հազար երես ունեցող ժիրինովսկին, երբ կոչ են անում Թուրքիա, Ադրբեջան , Իսրաել պետություների միությանը նորից ակտիվ կերպով միանա Ռուսատանի Դաշնությունը եվ վերացնի թուրքերի դեմ ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական արգելափակումը, հավանական է վլադիմիր Ոլֆովիչը մոռացել է, որ վերջերս առաջարկում էր հայերին քրդերի հետ միանալով, իրենց համագործակցությամբ, թուրքերի հախից գալու, մասնատելու այդ պետությունը… Հիմա արդեն նա 180աստիճան շուռ է եկել եվ պնդում է, որ թուրքիան ռուսներին ավելի օգտակար կարող է լինել քան Բելառուսը, Հայսստանը .. Ստացվում է որ վլադիմիր Ոլֆովիչը իրեն հակասում է, քանի որ հայտնի խոսք կա` – “Իմ թշնամու բարեկամը, նույնպես իմ թշնամին է-: Երբ թուրքերը կես տարի առաջ Սիրիայի տարածքում խփեցին ռուսական Су-24 ռմբակործանիչ ինքնաթիռն ու դրա համար այժմ էրդողանի ներողությունից հետո նորից նրանց հետ սերտ քաղաքա- տնտեսական գործունեություն են ցանկանում ծավալել… Իսկ վաղուց աշխարհին է հայտնի որ արկածախնդրային քաղաքականություն վարող վերը նշված պետությունների դաշիքը բացի մարդկության համար չարիքից, ոչինչ չի բերելու հատկապես հայերի նկատմամբ , որոնք դեռ Չեն կորցրել իրենց հիշողություններն` անցիալի պատմական, նաեվ ՈՉ հայնպաստ 1921թ Թուրք – Ռուսական, առանց հայերի մասնակցությամբ, դավաճանական պայմանագրի կնքումով…Հաշվի առնելով, հոդվածում նշմարվող, թուրք – ռուսական վերականգնվող համագործակցության ակնարկն, բնականաբար Հայերը այդ նախաձեռնությունը պիտի դիտեն մեր պետականության հետագա ապահովմանը խոչընդհոտող թշնամական դրսեվորում …

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930