Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իմ հոգեւորականը

Հունիս 28,2016 18:10

Հռոմի պապի այցի առթիվ շատերը գրեցին` «մենք էլ սենց հոգեւոր առաջնորդ ունենայինք», «բա մեր հոգեւորականներն էլ սենց չլինեին», «բա մեր եկեղեցին էլ այսպես…»: «Բա մեր»-ների շարքը երկար է…

Գուցե զարմանաք կամ չհավատաք, բայց Պապի այցից առաջ, դրա ժամանակ եւ դրանից հետո իմ մտքով նման հարցադրումներ չեն անցել` նրա համար չէ, որ վարդագույն ակնոցներով եմ նայում մեր հոգեւոր դասին, այլ որովհետեւ իմ ընկերների թվում կան հոգեւորականներ` կուսակրոն, ամուսնացյալ, երիտասարդ, տարեց… Նրանք ինձ ընկեր են եւ ուսուցիչ, ընկեր` կյանքում, եւ ուսուցիչ` քրիստոնեական դաստիարակության մեջ: Նրանք իմն են` որպես մարդու եւ հոգեւորականի տեսակ, որի պակասը շատերն ունեն:

Իմ հոգեւորականները միշտ հասանելի են. թե սարկավագը, եւ թե եպիսկոպոսն ինձ որեւէ վայրում, որեւէ իրադարձության ժամանակ չբարեւելու կամ ինձանից խուսափելու խնդիր չունեն, որովհետեւ ճանաչում են ինձ, ուստի լրագրողի մասնագիտությունն ինձանից խորշելու, խուսափելու առիթ չի տալիս: Մենք վստահում ենք իրար եւ գիտենք այն, ինչ չգիտեն շատերը:

Իմ հոգեւորականներն ինձ չեն հարցնում` «ինչո՞ւ չերեւացիր այս կամ այն միջոցառմանը», «ինչո՞ւ մոմ չես վառում», «ինչո՞ւ չես գալիս պատարագի», որովհետեւ գիտեն սոցիալական խնդրով պայմանավորված իմ զբաղվածությունը, եւ որ քրիստոնյա լինելը եկեղեցական միջոցառումներին մասնակցելով չի որոշվում: Նրանք չեն զանգահարում ինձ եւ հրավիրում ինչ-որ միջոցառման` միայն նրա համար, որ այն լուսաբանվի…

Իմ հոգեւորականներն ինձ չեն նախատում «ֆեյսբուքյան» գրառումներիս համար. չեն ասում` «դու քրիստոնյա չես», «դու հեթանոս ես», «դու արեւապաշտ ես»: Նրանք որպես փաստ են ընդունում այն իրողությունը, որ ես գիտություն եմ ուսումնասիրում` գիտեմ Քրիստոնեության ակունքները եւ խոսում եմ միայն փաստերով: Ինձ համար Քրիստոնեությունը կրոն է, որից պետք է քաղել ու սերտել լավագույնը, ուստի երբ ասում եմ`

-Մաշտոցը ոչ թե ստեղծել, այլ վերականգնել է հայոց գրերը,

-հնագույն քաղաքակրթությունների արեւի աստվածները մինչեւ Քրիստոս են ծնվել կույսից, սպանվել (խաչվել), 3 օր անց հարություն առել, բժշկել,

-Նոյի ու ջրհեղեղի պատմության նախատիպը կարելի է կարդալ շումերական հնագույն «Գիլգամեշ» էպոսում,

-Վարդավառն ու «Տրնդեզը» քրիստոնեական տոներ չեն»,-իմ հոգեւորականներն ինձ չեն պախարակում, չեն ջնջում «ֆեյսբուքյան» ընկերների ցանկից:

Նրանք իրենց ընտրած ճանապարհին եւ պատասխանատու առաքելության մեջ մոլեռանդ չեն, ինչպես եւ ես մոլեռանդ չեմ հնագույն քաղաքակրթությունների, աստղագիտության եւ Աստվածաշնչի կապն ուսումնասիրելու հարցում:

Իմ հոգեւորականներին կարող եմ քրիստոնեական դավանաբանությանն առնչվող հարցեր տալ, եւ նրանք այնպես կբացատրեն, որ ինձ համար հասկանալի կլինի: Նրանք ինձ տարօրինակ չեն համարում, երբ ասում եմ, որ իմ Աստվածաշունչը «Նարեկն» է, որ Աստված Տիեզերք է, որ աղոթքն էներգիա է… Ես աղոթում եմ նրանց, իսկ նրանք` ինձ համար…

Երբ փաստում եմ, որ Քրիստոնեության ընդունմամբ ոչնչացվեցին հայի արիական ինքնությունն ամփոփող գրավոր ժառանգությունն ու գիտելիքները, իմ հոգեւորականների աչքում չեմ դառնում «ազգի դավաճան»…

Նրանց շնորհիվ ճանաչել եմ Հայաստանի սրբավայրերը, զգացել դրանց բուժիչ կենսադաշտն ու զորությունը, ծանոթացել հրաշալի մարդկանց հետ:

Իմ հոգեւորականները համեստ, հասարակ, միեւնույն ժամանակ` արժանապատիվ մարդիկ են, որոնցից կարելի է մշտապես սովորել…

Տխրահռչակ հոգեւորականների մասին չեմ էլ խոսում: Ցավոք, նրանց գոյությունը փաստ է, բայց ինձ բավական է գիտակցել, որ ազնիվ հոգեւոր սպասավորների եմ ճանաչում:

Հ.Գ. Հավատքն անձերի մեջ չէ, այլ ենթագիտակցության եւ սրտի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարում` Դադիվանքը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մանվել says:

    Ես զգացի 30 արծաթի ազդեցությունը

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930