Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն արձանագրել է, որ Հռոմի պապի՝ հայաստանյան այցը ռուսական լրատվամիջոցները գրեթե անտեսել են:
«Բավականին պասիվ էր լուսաբանումը, հիմնականում լրատվական գործակալությունների կողմից փաստի ներկայացում էր։ Ինչը, կարծում եմ, կապված է ընդհանուր առմամբ Արեւմուտքի հետ ՌԴ֊-ի ունեցած խնդիրների հետ, քանի որ Վատիկանը Մոսկվայում դիտվում է որպես ոչ միայն կրոնական, այլ նաեւ քաղաքական ուժ:
Իսկ միջազգային լրահոսում Պապի այցը, անկասկած, ակտիվորեն լուսաբանվել է։ Կաթոլիկ երկրներում, իհարկե, թեման ավելի շատ է լուսաբանվել։ Միջազգային մեծ լրատվամիջոցները բավականին ակտիվորեն են լուսաբանել թեման, հատկապես Ցեղասպանության վերաբերյալ զարգացումները։ Այստեղ, կախված երկրի դիրքորոշումից, նկատվում էր, օրինակ, ցեղասպանության բառի կիրառման տարբերություններ. մի շարք լրատվամիջոցներ չակերտների մեջ էին դնում բառը, որպեսզի չստացվի, որ իրենք ճանաչում են Ցեղասպանությունը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ