Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2016թ. հուլիսի 4-ին ՀՀ մայրաքաղաք Երևան կժամանի Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Լավրովի առաջիկա այցելության մասին հայտնել է ՌԴ արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «Արտաքին գործերի նախարարները կքննարկեն հարցեր, որոնք վերաբերում են միջազգային և տարածաշրջանային անվտանգության ժամանակակից խնդիրներին, ինչպես նաև աշխարհում տեղի ունեցող դասավորումների ֆոնին ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցությանը միջազգային ասպարեզում»։
Զախարովան նշել է, որ նիստի ընթացքում առավել մեծ ուշադրություն կդարձվի համաշխարհային ահաբեկչության դեմ հակազդմանը։
Զախարովան իր խոսքում նաև նշել է. «Մենք հույս ունենք, որ նախարարների՝ երևանյան հանդիպումը կարևոր ներդրում կլինի ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման և կազմակերպության ներսում դաշնակցային փոխգործակցության զարգացման գործում»։