«Հանուն սոցիալական արդարության կուսակցությունը» սոցիալական հարցումներ է կատարել ուսանողների շրջանում, որի արդյունքները հունիսի 28-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում ներկայացրեցին: Հարցվածների 67 տոկոսը գոհ է Հայաստանում ստացած կրթությունից, 25 տոկոսը գոհ չէ եւ 8 տոկոսը դժվարացել է պատասխանել: Հարցվածների 62 տոկոսը ցանկանում է ուսումը շարունակել արտերկրում, 32 տոկոսը՝ ոչ, 5 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Կուսակցության ներկայացուցիչ Ծովինար Կոստանյանը նշեց, որ ուսանողների արտագաղթը ուղեղների արտահոսք է եւ ազգային անվտանգության խնդիր: Ըստ նրա, 58 տոկոսը ցանկանում է ուսում ստանալուց հետո բնակվել արտերկրում: Ծովինար Կոստանյանի խոսքերով՝ նրանցից 48 տոկոսը պատրաստ է Հայաստանում մնալ, եթե ուսումն ավարտելուց հետո ունենա աշխատանք 150 հազար դրամ կայուն աշխատավարձով, 49 տոկոսը պատրաստ է մնալ, եթե 150 հազարից բարձր աշխատավարձ ունենա եւ իր մասնագիտությամբ աշխատանք, իսկ 3 տոկոսը չեն կարեւորում այդ սոցիալական խնդիրները, եւ ամեն դեպքում պատրաստ են արտերկրում ուսում ստանալ եւ բնակություն հաստատել:
«Այստեղ խնդիրը բուհերի մեջ չէ, կրթության մեջ չէ միայն, այլ ավարտելուց հետո պահանջված լինելու եւ մասնագիտությամբ արժանապատիվ աշխատանք գտնելու մեջ է»,- ասաց Ծովինար Կոստանյանը:
Կուսակցությունը առաջարկում է Հայաստանում կադրային քաղաքականության հայեցակարգ մշակել, անցկացնել աուդիտ խոշոր եւ միջին գործատուների մոտ, հաստատել բուհ-շուկա կանոնակարգված կապը:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Նոյյան տապանի:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ