Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը մահափորձի նմանակում է հիշեցնում». Վահան Հովհաննիսյանը խոստացավ ավելին ասել

Հունիս 28,2016 17:50

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանի առողջական վիճակը ծանր է: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց նրա պաշտպան՝ փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանի պաշտպանի բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Աթաջանյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը երկարաձգելու վերաբերյալ որոշումը:

«Նա ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորություն չունի, առողջական խնդիրները կապված են շաքարի հետ, ստորին վերջույթները 95 տոկոս չեն գործում, անոթային խցանումներ ունի»,- պատմեց Վահան Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը. «Կարծում եմ՝ մենք հասել ենք վերջնական հաղթանակի, բայց այս պահին դեռ միայն խափանման միջոցն է փոխվել»:

Մեր հարցին, թե ինչ ապացույցներ ունեք ձեռքի տակ, որոնք վկայում են, որ ձեր պաշտպանյալը կապ չունի մարզպետի դեմ մահափորձի հետ, փաստաբանն ասաց. «Ամբողջ քրեական գործը մեզ մոտ է, դեռ հասցրել եմ ուսումնասիրել քրեական գործի կեսը, քանի որ տասնյոթ հատոր է, ինչքան ուսումնասիրել եմ, կարող եմ ասել, որ այս պահին նույնիսկ շատ մոտիկ վերաբերելի ապացույց չկա, որ ինքը կատարել է այդ հանցագործությունը»:

Մեր հարցին, թե ինչ եք կարծում, Սուրիկ Խաչատրյանի դերակատարությունը կա՞պ ուներ ձեր պաշտպանյալի խափանման միջոցը կալանքը ընտրելու դատարանի որոշումների հետ, պարոն Հովհաննիսյանն ասաց. «Այո, մոտ մեկ տարի նա մնաց կալանքի տալ՝ հաշվի առնելով հենց այդ գործոնը»:

Պարոն Հովհաննիսյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ համամի՞տ եք այս գործով նախկին մեղադրյալ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի տեսակետին, թե այս մարզպետի դեմ մահափորձն ավելի շատ մահափորձի նմանակում է հիշեցնում, ի պատասխան պարոն Հովհաննիսյանն ասաց. «Դրա վերաբերյալ ես բոլոր լրատվամիջոցներին առանձին հարցազրույց տալու եմ, այս պահին չեմ ցանկանում մեկնաբանել, բայց, այնուամենայնիվ, ոչ միայն կիսում եմ պարոն Ալումյանի տեսակետը, այլեւ կարող եմ ասել, որ պարոն Ալումյանը շատ չի ասել, ես ավելին կասեմ հետագայում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930