Լրահոս
Օրվա լրահոսը

«Սոցապնախարարության ծրագիր է, ոչ թե գիտական». Ռադիկ Մարտիրոսյանի ծրագրի մասին

Հունիս 28,2016 17:42

«Եթե լինեին թեկնածուներ, ամեն մեկը կներկայացներ իր տեսլականը, թե ինչպես է տեսնում հայրենի գիտության զարգացումը, որ դաշտում է տեսնում, որոնք են նախընտրելի և այլն: Կարծում եմ՝ սա առաջին հերթին գիտնականների խնդիրն է: Ո՞ւմ են ուզում տեսնել իրենց կազմակերպության լիդեր»-, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում երեկ կայացած նախագահի ընտրությունների մասին Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԳԱԱ նախագահի ընտրություններում միակ թեկնածությամբ վերընտրվեց գործող նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Պարոն Բաբայանի կարծիքով` բոլոր դեպքերում կյանքը զարգանում է, երբ դու կարողանում ես ընտրություն կատարել. «Մեր բոլոր ոլորտները կտրուկ բարեփոխումների կարիք ունեն և առաջին հերթին գիտությունը: Մենք այնպիսի ռեսուրսներով երկիր ենք, որ առաջին հերթին պետք է զարգացնենք մեր գիտությունը: Երբ այդ կառույցը, որ կոչված է լոկոմոտիվի դեր խաղալ, առաջինն ինքն իր հետևից տանի տնտեսությունը, առողջապահությունը, կրթությունը և այլն, ինքը վերջին վագոնի պես ռելսերով հազիվհազ գնում է: Այստեղ գալիս է մեկ թեկնածուի, մեկ գաղափարի խնդիրը, եթե չկան մտքերի բախումներ, չես կարող առաջ գնալ»:

Պարոն Բաբայանը նշեց, որ Ռադիկ Մարտիրոսյանի հետընտրական ճառը չի լսել, բայց մամուլով հետևելով՝ հասկացել է, որ վերաբերվել է հիմնականում մինչև հարյուր հազար թոշակը բարձրացնելուն, արտոնություններ ստանալուն. «Սա ավելի շատ սոցապնախարարության ծրագիր է, ոչ թե գիտական»:

Նրա խոսքով` այս ընտրությունները վկայում են դաշտում կտրուկ փոփոխությունների անհրաժեշտության մասին. «Այլ հարց է, եթե պարզապես ուզում ենք ձևական պահել այդ կառույցը, որ ասենք այ մենք Հայաստանում ունենք գիտությունների ակադեմիա. շատ գեղեցիկ է, բայց օգուտը: Ամեն մի կառույց սկսած տիկնիկային թատրոնից, վերջացրած ԳԱԱ-ով պետք է արդարացնի իր անունը և պետք է ընկալվի համաշխարհային պրոցեսի մեջ»:

Aravot.am-ի այն հարցին՝արդյոք ինչու Կրթության և գիտության նախարարությունը չփորձեց փոփոխություններ կատարել թեկուզ ընտրական համակարգում, չէ՞ որ Լևոն Մկրտչյանն անձամբ պատասխանել էր Ռադիկ Մարտիրոսյանի «քոսոտ երկիր է» արտահայտությանը, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը նշեց . «Իրականում համաձայն են ուրեմն իր մտքի հետ, գուցե չեն բարձրաձայնում: Մեծահասակ մարդ է, բերանից թռցրել է, ինչի մասին մտածել է: Շատերն այդպես մտածում են, բայց չեն արտահայտվում: Նման ձևով սեփական երկրի մասին մտածողները չեն կարող առաջընթաց ապահովել: Ի՞նչ է նշանակում երկիր: Երկիրը մարդիկ են, և երբ դու պիտակավորում ես ինչ- որ երկիր, դու պիտակավորում ես այդ մարդկանց: Դու ասում ես, նրանք այդպիսին են, նրանցից ավել բան սպասել հնարավոր չէ»:

Պարոն Բաբայանը հարց է բարձրացնում, թե ինչպես է ստացվում, որ հայերը տեղափոխվում են ուրիշ երկիր և հասնում մեծագույն հաջողությունների տարբեր ոլորտներում. «Այստեղ մնում են միայն անտաղանդնե՞րը: Ուրեմն համակարգն է այդպիսին, որ թույլ չի տալիս տաղանդավորին առաջ գնալ: Իսկ ով պետք է կարողանա փոխել այս համակարգը, եթե ոչ գիտական միտքը: Յուրաքանչյուր գործողություն, որ պետք է կատարվի այս երկրում բարեփոխումների տեսակետից, պետք է ունենա գիտական հիմնավորում: Ցավոք սրտի գիտական հիմնավորումը մեզ մոտ արհամարհված է: Ո՞վ առաջինը պետք է ասի սա պետք է, պետք չէ, սա վտանգավոր ուղի է, սա՝ ոչ, ո՞վ եթե ոչ գիտնականները. գիտնականները զբաղված են «պրեզիդենտ» ընտրելով, որը կարծում եմ ամբողջովին համապատասխանում է, համենայն դեպս այն գիտնականների մակարդակին, որովհետև ոչ բոլորն են ձայն տվել, ովքեր իրեն ընտրել են»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930