Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանն այլեւս չի կարող հենվել ռուսական «ազնիվ խոսքի» վրա

Հունիս 28,2016 22:00

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կատարած պատմական այցին զուգահեռ՝ Հայաստանի շուրջ շրջադարձային զարգացումներ են տեղի ունենում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շաբաթ օրը ելույթ ոււնեցավ զինվորական լսարանի առջեւ եւ պետերբուրգյան եռակողմ հանդիպման մանրամասների սեփական վարկածը ներկայացրեց: Մի կողմ դնելով ավանդական դարձած քարոզչական կլիշեները եւ դուրս բերելով էականը՝ պարզ է դառնում, որ այդ չարաբաստիկ հանդիպումը լրջագույն փորձ է՝ խափանելու Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ըստ Ալիեւի՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի «աշխատակիցների» թվաքանակը 6-ից կարող է ավելանալ 2-2.5 անգամ, ոչ ավելին՝ դառնալով, ասենք, 12, 13 կամ 14, «եւ վե՛րջ»՝ ասում է նա՝ հավելելով, որ մանդատն «իր տեղում է մնում», ոչ մի փոփոխություն չկա, իսկ «հայերի առաջարկած՝ միջադեպերի հետաքննությունների մեխանիզմի անհրաժեշտություն չկա»:

Վիեննայից անմիջապես հետո Նովրուզ Մամեդովն էր իր «հեղինակավոր» կարծիքը հայտնել, որ մշտական դիտարկման եւ հետաքննությունների մեխանիզմների մասին պայմանավորվածությունները Վիեննայում՝ «Մինսկի խմբի համանախագահների կարծիքն է», եւ Ադրբեջանը նման պարտավորությունների չի ստանձնել: Սակայն, ինչպես հիշում ենք, մի քանի օր անց ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հեռախոսազրույցներից հետո նույն Նովրուզ Մամեդովի «հեղինակավոր» կարծիքը դարձավ ուղիղ հակառակը` Ադրբեջանը հավատարիմ է Վիեննայի պայմանավորվածություններին:
Եվ այստեղ Բաքվին փրկության է գալիս իր պետերբուրգյան նախաձեռնությամբ Կրեմլը, գալիս է լղոզելու եւ «ջրելու» Վիեննայի պայմանավորվածությունները: Ժամանակին կամովին ռուսական մամլիչի տակ գլուխը մտցրած Երեւանին այլ բան չէր մնում, քան համաձայնվել այդ ակնհայտորեն վնասակար նախաձեռնությանը, մինչդեռ Վիեննայում պայմանավորվել էին, որ հունիսյան հանդիպումը պետք է տեղի ունենա նույն՝ Մինսկի խմբի եռանախագահության հովանու ներքո: Փաստորեն, Պետերբուրգի «եռյակի» բոլոր երեք կողմերն են խախտել Վիեննայի պայմանավորվածությունները: Սակայն եթե Մոսկվան ու Բաքուն դա անում են՝ ելնելով իրենց շահերից, Երեւանի շահերին դա ուղղակի հակացուցված է: Շատ էլ թե ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ տիկին Զախարովան ի լուր աշխարհի հայտարարում է, որ Ռուսաստանի կողմից գործընթացը սեփական դաշտ տանելու որեւէ փորձ չկա, իսկ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ, անդրդվելի պարոն Ուորլիքն ասում է, որ «Ռուսաստանը հետաքրքրված է խնդրի լուծմամբ», եւ որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան այս խնդրին նույն տեսանկյունից են նայում՝ ավելի շատ կենտրոնանալով հրադադարի պահպանման անհրաժեշտության եւ կարեւորության վրա:

Այնուամենայնիվ, Պետերբուրգում փորձ արվեց միս ու արյուն հաղորդել ռուս-ադրբեջանական ձգտմանը՝ ԵԱՀԿ մեխանիզմներից հրաժարվելու եւ շարունակելու իրավիճակը պահել Հայաստանի գլխին կախված սպառնալիքի ռեժիմում: Իսկ Հայաստանին թողնվեց միայն հնարավորություն հենվել ռուսական «ազնիվ խոսքի» վրա:

Իսկ քանի՞ առանց այն էլ արժեզրկվող ռուսական կոպեկ արժե այդ «ազնիվ խոսքը»՝ ամոթ է նույնիսկ քննարկելը:

Անցյալ շաբաթ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կարեւոր լսումներ տեղի ունեցան: Գլխավոր թեման ԱՄՆ-Ռուսաստան եւ ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններն էին՝ ՆԱՏՕ-ի Վարշավյան գագաթնաժողովին ընդառաջ: Կարեւորագույն եզրակացություններն են. առաջին՝ Ռուսաստանը Եվրոպայում հետխորհրդային երկրներին վերածում է «գորշ գոտու» (The Gray Zone) եւ ձգտում է հաստատել իր հեգեմոնիան նախկին ԽՍՀՄ տարածքում, երկրորդ՝ անհրաժեշտ է այլեւս Ռուսաստանին զսպել եւ վերականգնել ՆԱՏՕ-ի «մկանային հիշողությունը»:

Կասկած չկա, որ ՆԱՏՕ-ի Վարշավյան գագաթնաժողովը շրջադարձային է լինելու Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների եւ այդ համատեքստում՝ հետխորհրդային երկրների համար: Իսկ դրա նախադրյալները բազմաթիվ են. Բրիտանիայի հանրաքվեի արդյունքները շոկային էֆեկտի են հանգեցրել Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, ԵՄ առաջատար երկիր Գերմանիայի կանցլեր Մերկելը հայտարարել է ռազմական ծախսերի էական մեծացման անհրաժեշտության մասին, ՆԱՏՕ-ն Սեւ ծովում մշտական ներկայության մասին է հայտարարում, ընդ որում՝ խոսքը Թուրքիայի մասին չէ: Իսկ մայիսյան՝ Վառնա-Բաթում-Վազիանի երթուղով ամերիկա-բրիտանական ծանր զրահատեխնիկայի քայլերթը եւ վրացական Զինված ուժերի հետ անցկացրած զորավարժություններն այս համատեքստում ձեռք են բերում տարածաշրջանի սահմաններից դուրս տարածվող նշանակություն:
«Իսկ որտե՞ղ է այստեղ Հայաստանը»՝ կհարցնեք դուք: Այս հարցն ունի երկու հասցեատեր. Հայաստանի հասարակությունը եւ Հայաստանի իշխանությունը: Հասարակությանը պետք է ակնհայտ լինի, որ ռուսական այդ «ազնիվ խոսքը» ոչ միայն չափազանց խարխուլ հիմք է Հայաստանի Հանրապետության համար, այլեւ այս ամենից հետո ուղղակի վտանգավոր եւ նվաստացուցիչ: Իսկ իշխանությունն ուղղակի պարտավոր է ելքեր գտնել, եւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանը պետք է ներկայացված լինի ամենաբարձր մակարդակով: Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի համար թշնամական տարածքի վերածվելը տիկին Զախարովայի ղեկավարների կայսերական քմահաճույքները բավարարելու համար մահացու վտանգ կարող է ներկայացնել Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի համար: Դա ուղիղ ճանապարհ է դեպի նոր պատերազմ: «Իսկ որտե՞ղ է այստեղ Հայաստանը» հարցի անպատասխան թողնելու ժամանակը սրընթաց ավարտվում է, իսկ երկրորդ Բյուզանդիան առաջինից շատ ավելի վտանգավոր է Հայոց պետականության համար:
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

 

Լուսանկարում` Վրաստանի ՊՆ պաշտոնական կայքի (ամերիկյան «Աբրամս» տանկերը եւ «Բրեդլի» ՀՄՄ-երը՝ Բաթումի նավահանգստում: Բաթում, մայիս, 2016թ.):

 

«Առավոտ»

28.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930