Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են ծառայությանն անպիտան զինվորին նշանակել նռնակաձիգի օգնական

Հունիս 28,2016 16:59

Գեւորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության սահմանապահ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, նռնակաձիգի օգնական, 2016թ. հունվարի 13-ին հրաժարվել է զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց փաստացի չկատարմամբ:

Գ. Պետրոսյանն այդ օրը որպես օրապահ ընդգրկված լինելով գումարտակի ներքին վերակարգում, հրաժարվել է վերակարգն ընդունելուց եւ օրապահի կողապահարանի մոտ ծառայություն իրականացնելուց:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 364 հոդվածի 1-ին մասով («Զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելը, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ կամ փաստացի դադարեցմամբ»):

Սույն քրեական հոդվածով բնութագրվող արարքը պատժվում է կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Մարտի 21-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատաքննության ընթացքում նախկինում դատված Գ. Պետրոսյանը դատարան է ներկայացրել ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության կողմից տրված էպիկրիզը, համաձայն որի նա պիտանի չէ զինվորական ծառայության՝ խաղաղ ժամանակ, պիտանի է զինվորական սահմանափակումով՝ պատերազմի ժամանակ:

Գ. Պետրոսյանը դատարանում ցուցմունք է տվել , որ ինքը հունվարի 13-ին գտնվել է բարոյահոգեպես ծանր վիճակում, չի գիտակցել իր գործողությունների բնույթը եւ տվյալ վիճակում չէր կարող գիտակցել իր գործողությունների (անգործության) հանրության համար վտանգավոր բնույթը:

Գ Պետրոսյանի պաշտպան Վրեժ Ներկարարյանը միջնորդել է նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն, դատարանը բավարարել է միջնորդությունը: Հունիսի 21-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է Գ. Պետրոսյանի նկատմամբ նշանակել ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարել է ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննությունների հանձնաժողովին, փորձագետներին առաջադրել հետեւյալ հարցերը՝ Գեւորգ Պետրոսյանը հոգեկան հիվանդությամբ տառապո՞ւմ է, թե՝ ոչ, եթե այո, ապա ինչպիսի՞ հիվանդությամբ, նրա մոտ առկա հոգեկան վիճակից ելնելով 2016թ. հունվարի 13-ին եւ դրանից հետո նա ի վիճակի՞ է ճիշտ ընկալել եւ վերարտադրել իր եւ շրջապատի անձանց գործողությունները եւ այլն:

Դատաքննությունը կշարունակվի նշանակված փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930