Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերություններում նկատվող դրական տեղաշարժերին՝ ասելով, որ Թուրքիան կարևոր քայլ է կատարել երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործում, բայց Ռուսաստանի և Թուրքիայի միջև խնդիրները չի հաջողվի լուծել մի քանի օրում։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Պեսկովն իր խոսքում հաստատել է, որ Էրդողանն ուղերձ է հղել պաշտոնական Մոսկվային՝ ավելացնելով. «Կարևոր քայլ է կատարվել հարաբերությունների կարգավորման գործում։ Դուք գիտեք, որ ռուսական կողմն ու նախագահ Պուտինը հետևողական դիրքորոշում ունեին այս հարցում։ Նախագահ Պուտինը մեկ անգամ չէ, որ ցանկություն է արտահայտել Թուրքիայի և թուրք ժողովրդի հետ բարեկամական հարաբերություններ ունենալու, դրա այլընտրանքի բացակայության, ինչպես նաև այն անհրաժեշտ նախապայմանների վերաբերյալ, որոնք պետք է հիմք հանդիսանան հարաբերությունների կարգավորման համար»։
Պեսկովն ասել է նաև, որ հունիսի 29-ին նախատեսվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։