Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հունիսի 28-ին «Տարածաշրջանային զարգացումները եւ դրանց անդրադարձը ՀՀ ինտեգրացիոն գործընթացի վրա» կլոր սեղանի ընթացքում հայտարարեց, որ շատ բացասական է ընդունում Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները:
Ըստ նրա, այդ արդյունքների հետեւում Մեծ Բրիտանիայի կառավարությունը ամեն ինչ արեց Եվրամիությանը շանտաժի ենթարկելու համար, որպեսզի ԵՄ-ն գնա զիջումների մի շարք հարցերում, որտեղ Մեծ Բրիտանիայի եւ Բրյուսելի քաղաքականությունները բախվում են:
«Իրականում, Մեծ Բրիտանիան դուրս չի գա Եվրամիությունից, եւ փաստորեն, իրենց բոլոր հաշվարկները ի չիք դարձան: Այդպիսի քաղաքականություն իրականացնում են շատ երկրներ, մասամբ նաեւ Հայաստանի իշխանությունները, եւ դա ընդամենը ցույց է տալիս, որ այդ ինտրիգները, քաղաքականության մեջ խաղերը շատ դեպքերում կարող են շատ ողբերգական իրադարձությունների եւ հետեւանքների բերել»,- ասաց նա:
Բորիս Նավասարդյանը համարում է, որ Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալը կարող է բերել միտումների, որոնք բացասական զարգացումներ կարող են ունենալ, եթե հավասարակշռությունը չպահպանվի: Ըստ նրա, այդ միտումներից սոցիալական ծրագրերի կրճատումն է, միգրացիոն քաղաքականության փոփոխությունը, նվազելու են Ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հավակնությունները:
Կարդացեք նաև
Սակայն, Բորիս Նավասարդյանը կարծում է, որ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ին մոտ գտնվել ցանկացող երկրները կարող են որպես հնարավորություն օգտագործել. «Պետք է հասկանալ, որ Եվրամիությունը այսօր միայն աջակցություն տրամադրող չէ: Եվրամիությունը այսօր նաեւ աշխարհաքաղաքական կենտրոն է, որը աջակցության կարիք ունի: Եվ այն պետությունները, որոնք կկարողանան ապացուցել, որ իրենք օգտակար են Եվրամիության համար կարող են նոր հեռանկարներ բացել իրենց առջեւ: Բայց հասկանում ենք, որ Հայաստանի դեպքում շատ դժվար է ակնկալել, գոնե այսօրվա իրավիճակում, որ այդպիսի նախաձեռնություններ կլինեն»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ