Գյումրեցիները դեռ Հռոմի պապի մատուցած պատարագի ազդեցության տակ են, այս քաղաքում խոսակցության հիմնական թեման շարունակում է մնալ Սրբազան Քահանայապետի այցը: Մեկը մյուսին բարեւելիս հարցնում են՝ կարողացա՞ր Հռոմի պապին մոտիկից տեսնել, պապամոբիլը քո մոտով անցա՞վ:
Կամ էլ ներկա-բացակա են անում՝ հարցնելով. «Ո՞ւր էիր, հրապարակ չէի՞ր եկել, քեզանից Հռոմի պապի ֆոնին նկար չտեսանք»: Փողոցներում ու տարբեր կառույցներում կարելի է լսել մեջբերումներ Հռոմի պապի պատարագի ժամանակ հնչեցրած մտքերից, դրվագներ նրա համեստ ապրելակերպից:
Գյումրու Վարդանանց հրապարակում էլ մեծ թվով ուխտավորներ ու գյումրեցիներ շտապում են նկարվել քաղաքապետարանի շենքին կից տեղադրված խորանի խաչքարի մոտ: Պատմական այդ պահից երեք օր է անցել, սակայն խորանը դեռ հանված չէ: Իհարկե, հրապարակը դեռ մաքրում են, սարքավորումները հավաքում, սակայն հերթը խորանին չի հասել, ամենայն հավանականությամբ պատճառն այն է, որ մարդիկ դեռ վերհիշեն այդ հրաշալի պահը:
Ֆեյսբուքյան «Կատակում են գյումրեցիները» խմբի անդամներն էլ իրենց հատուկ հումորով են վերլուծում Հռոմի պապի այցը՝ իհարկե, կարեւորելով իրենց քաղաքը, Հռոմի պապի համար մեծ պատիվ համարելով այստեղ գտնվելը:
Կարդացեք նաև
Եվրոպայի չեմպիոններ տված գյումրեցի Արսեն Վարդանյանը կատակում է. «Գյումրի մեդալ բերելը դարձել էր անհետաքրքիր՝ բռնինք Հռոմի պապին բերինք»:
Պապը գալիս է Գյումրի, հրապարակի մուտքի մոտ տղաներին գլխարկ են տալիս, աղջիկներին՝ գլխաշոր:
Մեր ընկերների ծնողներն եկան, հարցրեցինք.
-Էս ձեզի գլխարկ ու գլխաշոր չտվեցի՞ն:
-Չէ, մեծերին պռոտեզ կուդային:
Վարդանանց հրապարակում Հռոմի պապին սպասելիս անգամ ծնվել են անեկդոտներ: Շահեն Հարությունյանին Գյումրիից առեւանգելու մասին գրում են.
«Գյումրիում Շահենին են առեւանգել օրը ցերեկով: Պապն եկել էր խելք, խրատ տալու, էն էլ ուրա մեզի ըդքան բախտ»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ