Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Մարտիրոսյան. Հայկական կողմի պահանջը պետք է լինի ինտեգրացումը Ադրբեջանի հետ

Հունիս 28,2016 15:57

Բանակցությունների ընթացքում ինտեգրացիայի պահանջ պետք է դնել: Հունիսի 28-ին «Տարածաշրջանային զարգացումները եւ դրանց անդրադարձը ՀՀ ինտեգրացիոն գործընթացի վրա» կլոր սեղանի ընթացքում ասաց գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Նա նշեց, որ այլ կերպ Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունները չեն կարող խաղաղության հանգել. «Քանի դեռ բանակցությունները ծամոն էին երկու երկրների համար, որ կարելի էր ծամել անվտանգ կերպով, միգուցե այս վիճակը այդքան տագնապալի չէր եւ շատերի համար հանդուրժելի էր: Բայց քանի որ մի քանի ամիս առաջ տեղի ունեցան պատերազմական գործողություններ եւ մարդկային զոհերի քանակը չորս օրվա ընթացքում անցավ հարյուրից, բոլորը երիտասարդներ են, իրենք դեռ պետք է ընտանիքներ կազմեին, դեռ պետք է երեխաներ ունենային լավագույն իրենց տարիքում: Այստեղ խնդիր առաջացավ հասկանալու, որ այդ ծամոնը այլեւս չի կարող լուծել»:

Վահրամ Մարտիրոսյանը համարում է, որ վերահսկողական մեխանիզմների պահանջը էական փոփոխություն չի կարող ապահովել. «Ես կարծում եմ, որ հայկական կողմի պահանջը պետք է լինի ինտեգրացումը Ադրբեջանի հետ: Ինտեգրացումը կարող է կատարվել հաղորդակցությունները բացելով: Կարող է ուտոպիա թվալ, բայց դա է ճանապարհը, որովհետեւ այդ ճանապարհով է գնացել վերջին հաջող պատմությունը՝ եվրոպական ինտեգրացիան, երբ որ սարսափելի զոհերից հետո Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Եվրոպան սկսեց ապրել խաղաղության պայմաններում: Եվ այսօր մենք տեսնում են՝ նախկին թշնամիները ինչպիսի մեծ դաշնակիցներ են»:

Ըստ Վահրամ Մարտիրոսյանի՝ այդ հաղորդակցությունը կարող է մի քանի տարի գործել, ինչը վստահություն կստեղծի, եւ դրանից հետո կարելի է քննարկել որեւէ մի շրջան ապառազմականացնելու պայմանը, փախստականները վերադառնան, սկսել ապրել այդ տարածքներում. «Մեզ համար ավելի կարեւոր է, որ Ադրբեջանը չընդունի ինտեգրացումը: Մենք առաջարկում ենք շատ մարդկային մի բան, մի եզր, մի իրավիճակ, որին հասել է այսօրվա քաղաքակրթությունը, իսկ վերահսկողության մեխանիզմը հրադադարի մեխանիզմ է, պատերազմական վիճակի մեխանիզմ է: Եթե Ադրբեջանը մերժելու է, իսկ Ադրբեջանը մերժելու է, թո՛ղ մերժի ինտեգրացումը, եւ եթե վերսկսենք, վերսկսենք ինտեգրացման պահանջից, ոչ թե պատերազմական իրավիճակի մի բաղադրիչը ներդնելուց»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930