«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակ էին եկել՝ շաբաթներ առաջ գրասենյակին հանձնած իրենց դիմումի հետքերով:
Նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը լրագրողներին պատմել է, որ հունիսի 13-ին դիմել էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, խնդրանքով՝ հարուցել միջազգային հետաքննություն ապրիլի 2-ին ռազմական գործողությունների վերաբերյալ, որ բացահայտվի՝ այդ գործողությունների պատասխանատու կողմը. «Ներկայացրել ենք տեսագրություն, որտեղ մեր զինվորներն արձանագրում են ադրբեջանական զինվորների ներթափանցումը մեր պաշտպանական դիրքերի թիկունք: Գտնում ենք, որ այդ տեսագրությունը հենց այն բացակա ապացույցն է, որի մասին այսօր խոսում են համանախագահները՝ հանձին ամերիկացի համանախագահ Ուորլիքի»:
Պարոն Ղուկասյանի խոսքով, ապրիլյան պատերազմի մեղավոր կողմին բացահայտող բոլոր ապացույցները կան. «Այսօր եկանք, որ հանդիպում պահանջենք ՄԱԿ-ի գրասենյակի համակարգողի հետ, որ իմանանք՝ ինչ ընթացք է տրված մեր դիմումին, ինչ գործողություններ են առ այսօր ձեռնարկվել, եթե չեն ձեռնարկվել, ապա ինչու չեն ձեռնարկվել:
Կարդացեք նաև
Այս ճանապարհը, որ ընտրել ենք, լրացնում է այն բացը, որ տեսնում ենք պետական մակարդակով, պետական ատյանները չեն անում, եթե առ այսօր համանախագահների մոտ չկան ապացույցներ, թե ով է սկսել պատերազմը, նշանակում է՝ քաղաքացիները պետք է այս հարցին հետեւողական լինեն, որովհետեւ չեն գործում պետական մարմիններն անհրաժեշտ ձեւով»:
Անդրիաս Ղուկասյանը նկատեց, քաղաքական դաշտում հրաժարվեցին իր տարածած տեսանյութին գնահատական տալ. «Չկա այսօր մեր քաղաքացիների մոտ հստակ պատկերացում՝ ինչ է իրականացվել ՀՀ կողմից, որ միջազգային կառույցներն ապացույցներով տեղեկացված լինեն Ադրբեջանի գործողությունների մասին, այն գործողությունների, որոնք բերեցին ծանր կորուստներ:
Այսօր եկել ենք՝ պայմանավորվենք հանդիպման վերաբերյալ, պահանջում ենք, որ ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարությունը օր ու ժամ նշանակի քաղաքացիների պատվիրակությունը ընդունելու համար, պարզենք՝ ինչ է կատարվում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ