Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջան պետություն չպետք է լիներ, մենք մինչեւ Քուռ կգրավեինք, Նախիջեւանը կգրավեինք». Սարգիս Կարապետյան (Տեսանյութ)

Հունիս 28,2016 15:15

Թալինի մշակույթի տանը երեկ համանուն ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հավաք, որին մասնակցել են Թալինի տարածաշրջանի բնակիչները, այդ թվում` Արցախյան պատերազմի մասնակիցներ: «Քննարկել ենք հայ ժողովրդի փրկության հարցը»,-հավաքի նպատակն այսպես է բնորոշում ազատամարտիկը:

Այսօր «Հայելի» մամուլի ակումբում նա պատմեց, որ շատերը չեն մասնակցել հավաքին` ավտոմեքենա կամ ճանապարհածախսի գումար չունենալու պատճառով. «Ես բոլորին հարցրեցի` համաձա՞յն եք, որ ՀՀ-ում հաստատենք արդարություն, հայ մարդու համար ապահով սոցիալական պայմաններ: Դահլիճում գտնվողներն ասել են` «այո», ինձ թույլտվություն տվողը հայ ժողովուրդն է: Ես կատարելու եմ իմ պարտքը` պատերազմի դաշտում եւ «խաղաղության» պայմաններում»:

Կարապետյանը տեղեկացրեց, որ ապրիլյան ռազմական գործողությունների օրերին իր ջոկատով եղել է Մարտակերտի դիրքերում. «Տեսա, թե ինչպես հայ զինվորն առասպելական քաջությամբ հաղթեց տանկերով եւ հրթիռներով զինված թշնամուն եւ ներքին դավաճաններին, որոնք զավթել են մեր ժողովրդի իշխանությունը: Իշխանությունները պայմանավորվել էին, որ թուրքերը հարձակվեն, մերոնք փախնեն, եւ հարցը կլուծվի` հողերը կհանձնեն, մի քանի հազար երեխա էլ կկոտորվեր, ու վերջ: Մինչեւ իշխանություններին չվերացնենք, հայ ժողովուրդը չի փրկվի»:

Խոսելով բանակի խնդիրներից` Սարգիս Կարապետյանն ասաց. «Ո՞նց կարող է պատահել, որ զինվորը փամփուշտ չունենա, ջուր ու «կանեստր» չունենա, կամ նախագահն ասի, որ 80-ականների զենքերով ենք կռվել, եւ ոչ մեկ ձայն չհանի…Ինչպե՞ս եղավ, որ թուրքերը տարածաշրջանի ամենամարտունակ բանակի դիրքերը լցվան եւ մորթազերծ արեցին մեր երեխաներին: Սա իրենց կամքով է արվել, թե չէ ադրբեջանցիները մեզ թշնամի չեն կարող լինել, 1994թ. նրանք արդեն փախնում էին: Մենք պայմանավորվել էինք, որ հասնելու ենք Քուռ գետին ու բոլոր կամուրջները պայթեցնենք: Լեւոն Տեր Պետրոսյանը կուրծքը դեմ տվեց, թեւերը փռեց Ադրբեջանի վրա` փրկեց…Ադրբեջան պետություն չպետք է լիներ, մենք մինչեւ Քուռ կգրավեինք, Նախիջեւանը կգրավեինք, որտեղ թալիշներն ու լեզգիները «կհելնեին», ու Ադրբեջան պետություն գոյություն չէր ունենա: Լեւոն Տեր-Պետրոսյանը կյանքի գնով պահեց Ադրբեջանը եւ պետք է պատասխան տա դրա համար»:

Ազատամարտիկի խոսքով. «Դրմբոնում այնքան ոսկի կա, որ Արցախին փող պետք չէ. ինչո՞ւ չեն ասում այդ մասին: Արցախում ամեն ինչ կա»:

Փոքր-ինչ բարկացած` Կարապետյանը շարունակեց. «Հայաստանը դառնալու է աշխարհի հզոր երկիրը: Մարդիկ կարող են քմծիծաղով վերաբերվել, որ մեզ գցեն մոլորության մեջ: Ցավից նրանց ոռնոցը պետք է հասնի տիեզերքի ամենահեռու մոլորակին: Թալանով այնքան չարիք են պատճառել հայ ժողովրդին` չհասկանալով, որ մի օր հայ ժողովուրդը ոտքի է կանգնելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930