Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննիչը պինցետով էր քաշում բառերը». Սեֆիլյանի պաշտպանը մանրամասներ է պատմում առերեսումից

Հունիս 28,2016 14:50

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանական կողմը գտնում է, որ հարուցված քրեական գործը քաղաքական պատվեր է Սեֆիլյանի դեմ՝ նրա հայացքների ու քաղաքական գործունեության համար:

Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանն իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական գործը պայմանավորում է նաեւ ապրիլի սկզբներին մարտական գործողությունների ընթացքում ունեցած տարածքային կորուստների իրական չափերի վերաբերյալ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությամբ:

Նա «Հայացք» ակումբում հիշեցրեց, որ ապրիլին մարտական գործողությունների վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնեց՝ մի քանի հարյուր մետրի կորուստ ունենք, իսկ յուրաքանչյուր մետրի դիմաց ադրբեջանցու մեկ զոհ. «Մայիսի 12-ին պարոն Սեֆիլյանը հայտարարեց, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, որ իրականում կորցրած տարածքների չափը կազմում է մոտ 700 հեկտար, ինչից հետո՝ հինգ օր անց, նախագահը հաստատեց պարոն Սեֆիլյանի ասածները, որ իրականում կորցրած տարածքների չափը կազմում է 800 հեկտար: Դրանից հետո Սեֆիլյանի անունը վարկաբեկելու փորձեր արվեցին, ի վերջո, հարուցվեց քրեական գործ, քննչական կոմիտեն տարածեց տեղեկություն, որ գործով ձեռք բերված նյութերով հիմնավորվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ միասին ձեռք են բերել ու պահել զենք-ռազմամթերք, ցանկանում էին գրավել շենքեր, շինություններ, հեռուստաաշտարակը, այդ թվում՝ Նուբարաշենի զորամասը: Պաշտպանական կողմը կարծում է, որ տվյալ քրեական գործի իրական նպատակը ամեն գնով Սեֆիլյանին զրկել ազատությունից, քննչական կոմիտեն էլ կատարում է պատվերը»:

Փաստաբանը պնդեց, որ պաշտոնական հայտարարությունը, թե Սեֆիլյանի գործով քննությունը կատարվում է օբյեկտիվ ու բազմակողմանի, իրականությանը չի համապատասխանում. «Պաշտպանական կողմի իրավունքի բացահայտ խախտումներ են եղել:

Առերեսումների ժամանակ մեզ զրկում են նյութերին ծանոթանալու եւ հարցեր տալու հնարավորությունից: Երեկ էլ է եղել առերեսում, Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվում է ցուցմունք տալուց, լռություն է պահպանում»:

Պարոն Զաքարյանը հրաժարվեց երեկ առերեսված անձի անուն, ազգանուն եւ այլ մանրամասներ հայտնելուց, բայց այդ անձը ծանոթ է եղել Ժիրայր Սեֆիլյանի հետ. «Այդ անձը, ում հետ առերեսում եղավ, նրա պահվածքից կարելի էր ենթադրել, որ նրա նկատմամբ ճնշումներ են կիրառվել, չի բացառվում, որ նաեւ ֆիզիկական ճնշումներ:

Անձը, ով Ժիրայրի դեմ ցուցմունք էր տալիս, կցկտուր էր խոսում, հայացքը ներքեւ ուղղված, Ժիրայրի անուն կամ ազգանունը չէր տալիս, քննիչը, կարծես, պինցետով էր քաշում բառերը»:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանն էլ նկատեց, որ ամեն անգամ, երբ Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած շարժումը որոշակի ակտիվություն է ցուցաբերում ու մոտենում որոշակի փուլում պիկի, դրան նախորդում է տեղեկատվական գրոհը, ապա հետեւում են բռնությունները:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930