«Հռոմի պապի ուղերձներից մեկն էր ցույց տալ մեզ քաղաքակրթական մեր տեղը: Ես չեմ կարծում, որ սա միայն պատմական փաստ է, որ Հայաստանը պետականորեն առաջինն է ընդունել քրիստոնեությունը, սա նաև ուղերձ է՝ ընդունել եք, տեր եղեք: Ձեր տեղը հումանիստական դաշտում է, այլ ոչ թե ագրեսիվ, պատերազմ քարոզող, կաշառակերության, բռնի ուժի դաշտում»,- այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Նրա կարծիքով Հռոմի պապի այցը ցույց տվեց, որ մեր ժողովուրդն իսկական սիրո կարոտ ունի: Պարոն Բաբայանը չցանկացավ այցելությունից դրվագներ առանձնացնել.«Երբ մենք փորձում ենք կենտրոնանալ ինչ որ բառի վրա, կներեք, բայց նմանվում ենք թուրքական պաշտոնատար անձանց, որոնք այս ամբողջ ուխտագնացության ընթացքում էլի սևեռվեցին երկրորդ անգամ արտասանված ցեղասպանություն բառի վրա: Անկեղծությունն ու ճշմարտությունը չի կարող ենթարկվել որևէ քաղաքական ճնշման: Իսկապես մի գուցե Վատիկանի համար ավելի ձեռնտու էր չարտասանել այդ բառը նաև Հայաստանում, բայց ճշմարտությունն ավելի կարևոր է:
Արդյոք ավելի պակաս ազդեցիկ կլիներ այս այցը, եթե չարտաբերվեր այդ բառը, կարծում եմ՝ ոչ: Նրա բերած էներգետիկան, մեծագույն սերը շատ ավելի կարևոր և լայն է իմաստով»:
Կարդացեք նաև
Ըստ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի, Հռոմի պապը ցույց տվեց, որ մենք շատ-շատ բաներում բանի պետք չենք.«Նա իր սպիտակով ցույց տվեց, որ մերոնք սև են՝ հագուստի մասին չի խոսքը: Հռոմի պապը եկել էր խղճի երկրից խղճի երկիր, բայց հայտնվեց ամոթի երկրում. Ես խոսում եմ արժեհամակարգի մասին: Մենք մեր երեխաներին դաստիարակելուց ասում ենք ամոթ չի, ու չենք ասում խիղճ չունե՞ս: Չպետք է մոռանանք, որ Հռոմի պապը պետության ղեկավար է, և պետության ղեկավարները հենց այնպես ոչ մի տեղ չեն գնում: Որպես պետության ղեկավար նա ուներ իր միսիան, օրեր ամիսներ անց կհասկանանք՝ դա ինչ էր: Բայց որ Հռոմի պապից հետո այստեղ է ուզում գալ ոչ Հռոմի տատը՝ Անգլիայի թագուհին, նշանակում է, որ միսիան կազմակերպված է, և այստեղ պետք է տեսնենք որոշ աշխարհաքաղաքական լուծումներ»:
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը Հռոմի Պապի այցելությունից առանձնացրեց և կարևորեց երեք բառ.«Ուխտագնացություն բառը հենց այնպես չօգտագործվեց: Սա մի ավանդույթ է դառնալու՝ ուխտագնացություն Հայաստան, ոչ միայն քրիտոնեական արժեքները, այլև Արարատ լեռը, մշակույթը, բնությունը մարդկանց ձգելու է Հայաստան: Երկրորդ անգամ ցեղասպանություն եզրույթն ասաց, հաստատեց դա լինելով Ծիծեռնակաբերդում: Եվ խաղաղություն բառը. Հռոմի պապը պետք է լինի նաև աշխարհում խաղաղության, արդարամտության և ճշմարտության ուղերձ կրողը»:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ