ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ խոսեց իր խոսքերով՝ «որոշակի քաղաքական խմբակների աղանդավորության մասին, որը փորձում է այլասերել քաղաքական դաշտը»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Կան քաղաքական սեկտանտներ, որոնք ամեն ինչ անելու են, որպեսզի այս համաձայնությունը չկայանա, նրանց բացարձակ պետք չէ ազատ, արդար ընտրություններ: Նրանք ուզում են ամեն ինչ փլվի, միայն այս փլատակների տակ տեսնեն նաեւ իշխանության ոտքերը: Սա է այս սեկտանտ աղանդավորական խմբակների կարգախոսը: Նրանց պետք չէ օրինական ճանապարհով իշխանության փոփոխություն»:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի, այս Ընտրական օրենսգիրքը տալիս է հնարավորություն նեղացնելու այն սողանցքները, որոնք իշխանությունն օգտագործում էր՝ վերընտրվելու համար. «Նրանց պետք է պատերազմ, ես անուններ այս պահին չեմ հնչեցնում, բայց կան քաղաքական ուժեր, որ համաձայն են անգամ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսվեն եւ էլի երեխաներ զոհվեն սահմանին, միայն թե դրանից խարխլվի երկրի կայունությունը եւ կարողանան իրենց փոքր աղանդավորական սեկտայում իրենց լավ զգան: Ուզում են հերթական այլանդակ ընտրությունները լինեն, որպեսզի իրենք հնարավորություն ունենան հարթակներում ճվճվալ, թե հա՜յ-հարա՜յ, ընտրությունները կեղծվել են, դեսպաններ, եկեք տեսնենք ոնց ենք իշխանություններին քշում»:
Իշխանափոխության կոչ անող ընդդիմադիրներին Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Իշխանափոխության միակ ճանապարհը ընտրություններն են: Ցավոք, փորձը ցույց է տվել, որ այլ ճանապարհ չի աշխատում: Այլ ճանապարհը արնահեղությունն է, մենք իրավունք չունենք էդպիսի բան մեր երկրում թույլ տալու»:
Կարդացեք նաև
Իր ամփոփիչ ելույթում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, որը նախագծի զեկուցողն էր, երախտիքի խոսքեր ասաց այն քաղաքական գործիչներին, որոնք եկան համաձայնության, թեւերը քշտած աշխատեցին մեխանիզմների վրա: Նա ասաց, որ դեռ քննարկումները շարունակվում են եւ մինչեւ երկրորդ ընթերցում պետք է ամեն ինչ անեն՝ բարելավելու նախագիծը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ