Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորներին մահակով ծեծել են. դժոխային պայմաններ խցում

Հունիս 28,2016 14:22

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներն առանձնացրին մի շարք խնդիրներ:

Խմբի նախագահ Արայիկ Զալյանը նշեց. «2015թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը քրեակատարողական հիմնարկներում մահացել են 28 անձիք, որոնցից 3-ը ինքնասպանության դեպքեր են, մնացածը հիվանդություններից մահվան դեպքեր: Միգուցե այդ 25 անձիք էլ ենթակա լինեին ազատման, և նրանց հիվանդությունը չհանգեցներ մահվան: Այս դեպքերի առնչությամբ ոչ մի քննություն չի իրականացվում, քանի դեռ ընտանիքի անդամները չեն բողոքում»:

Խմբի անդամ Արա Ղարագյոզյանը մանրամասնեց հունիսի 12-ին Նուբարաշեն ՔԿՀ-ի 00 խցի կալանավորների հետ կապված միջադեպի մասին. «Անազատության մեջ գտնվող Տիգրան Եգանյանի, Արթուր Հովհաննիսյանի և Մուշեղ Մխիթարյանի նկատմամբ կիրառվել է մահակ: ՔԿՀ-ից մեզ տեղեկացրին, որ նրանք ծխախոտ էին պահանջում, ինչի պատճառով անհնազանդություն են ցուցաբերել, այնինչ կալանավորները հակառակը պնդեցին. քանի որ խցում կա հոգեկան հիվանդություն ունեցող անձ, նրան անհրաժեշտ էր բժշկական միջամտություն, ինչը չէր արվում, դրա համար խցակիցներն անհնազանդություն էին ցուցաբերում: Ու փոխանակ բժիշկ այցելի, նրանց տեղափոխել են այլ սենյակ և մահակով ծեծի ենթարկել, կալանավորներից մեկի մատն է կոտրվել: Լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել»:

Պարոն Ղարագյոզյանը նշեց, որ կալանավորները հունիսի 13-ին դիմել էին նաև ՀՀ գլխավոր դատախազին, մինչդեռ նրանց հաղորդումը հանցագործության մասին չէր դուրս եկել քրեակատարողական հիմնարկից: Նա նաև տեղեկացրեց, որ դատաբժշկական փորձաքննությունը նշանակվել է միայն չորս օր հետո, բայց մինչ օրս նրանց ոչ մի դատաբժիշկ չի այցելել:

Շարունակելով այդ խցում գոյություն ունեցող խնդիրները`պարոն Ղարագյոզյանը նշեց. «Ընդհանրապես, այդ խցում դժոխային պայմաններ են. կա հոգեկան հիվանդ, որն անտանելի է դարձել, գիշերները չի քնում, մարդ տեսնում՝ գոռում է»:

Դիտորդների խմբի անդամ Սերգեյ Գաբրիելյանը մտահոգություն հայտնեց, որ քրեակատարողական հիմնարկներում հիմնականում խոցելի խմբերն են գողական օրենքներին չենթարկվողները, նույնասեռականները, թմրամիջոցներ օգտագործողները. հենց նրանք են, որ ենթարկվում են քրեակատարողական հիմնարկություններում խտրականության. «դատապարտյալներն ու կալանավորները վախենում են բարձրացնել իրենց խնդիրները, քանի որ գողական օրենքներով հնարավոր է նրանց վրա ճնշումներ կատարվեն, կրկին գործ սարքվի նրանց գլխին»:

Դիտորդների խմբի անդամ Ռուբեն Սարգսյանը շեշտեց, որ հիմնական խնդիրները կապված են բուժսպասարկման, քրեական գործի ընթացքի հետ: Խնդրահարույց են ինքնավնասման, ինքնասպանության դեպքերը, հացադուլները, սննդի հետ կապված խնդիրները:

Դիտորդների խմբի անդամ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը փաստեց, որ ՔԿՀ-ներում ոչ թե իրավական ակտերն ու օրենքներն են գերիշխում, այլ չգրված քրեական օրենքները. «Այնտեղից դատապարտյալների կողմից բողոքները քիչ են լինում. ոչ ցանկալի բողոքի դեպքում սկսում են ճնշել նրանց: Մեզ մոտ տպավորություն է, որ այդ կարգավիճակը ձեռնտու է երկու կողմերին: Այս խնդիրների լուծումը կարող է լինել այն, որ թարմացվի ՔԿՀ–ների աշխատակազմը: Մյուս կողմից այդ անձինք չնչին աշխատավարձ են ստանում և պահանջել, որ կաշառք չվերցնեն, չես կարող»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930