Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանի ելույթը ԱԺ-ում

Հունիս 28,2016 13:58

Հարգելի խորհրդարան,

Բուռն քննարկումների ականատես եղանք, որոնցում մեր խորհրդականներից ոմանք փայլեցին եղած-չեղած տաղանդներով։ Զգացվում է, որ աշխարհին համընթաց հայ երեսփոխանները զարգացնում են կրեատիվի զինանոցը եւ ժամանակակից շոու բիզնեսից ետ չմնալու հայտեր ներկայացնում։ Վերջերս մի նոր թրենդ է նկատվում, քաղաքական գործիչները իրենց փորձում են դրսեւորել կատակերգության, պարոդիայի ժանրում, հիմնականում ոգեշնչման աղբյուր գտնելով հումորի տեղական արտադրության գլուխգործոցներից տարբեր մեջբերումների թեեւ ոչ շատ հմուտ, բայց բավականին սահուն ներկայացման մեջ, համեմելով դրանք հին սովետական ֆիլմերի թեւավոր խոսքերով։ Գեղարվեստական բնագավառում կայացում փնտրող բոլոր այս քաղաքական գործիչներին մաղթում եմ ստեղծագործական հաջողություններ, ինչը հատկապես կարեւոր է այն ժամանակ, երբ քաղաքական դժվարին ասպարեզում այլեւս մեծ ձեռքբերումներ չկան։

Հիմա անցնենք քննարկման բուն թեմային։ Այս օրինագծի հիմնական նպատակն է ընտրակեղծարարության հաղթահարումը։ Ընտրությունների կեղծումն այսօր Հայաստանում գլխավոր քայքայիչ ուժն է։ Իմ խորին համոզմամբ, նրանք, ովքեր տարիներ շարունակ կեղծել են ընտրությունները, մերժելով հայ ժողովրդի ազատ կամքը, ավելի մեծ վնաս են հասցրել մեր երկրին, քան Ադրբեջանի ամբողջ ռազմական եւ պետական մեքենան։ Եթե չկա մաքուր ընտրություն, չկա լեգիտիմ եւ ժողովրդին հաշվետու իշխանություն, չկա մենաշնորհները եւ կոռուպցիան հաղթահարելու ունակ պետություն, չկա տնտեսական զարգացում։

Ցանկացած պետության ամենակարեւոր հարստությունն ու հզորությունը նրա քաղաքացիների հավատն է պետության նկատմամբ: Եթե ժողովուրդն ինքն է ընտրում իշխանությանը, նա երբեք չի օտարանում սեփական պետությունից, չի արտագաղթում, նա իրեն համարում է պետության տեր եւ պատրաստ է այդ պետության համար ցանկացած զոհողության, ընդհուպ մինչեւ հայրենիքի պաշտպանության համար կյանքը տալը։

4+4+4 բանակցությունների ամբողջ գաղափարն այն էր, որ Հայաստանը սկսի քայլեր կատարել դեպի այնպիսի ընտրությունների անցկացում, որոնց որակին եւ օրինականությանը ժողովուրդը գոնե ինչ-որ չափով կհավատա, որոնց մասնակցի եւ որոնցով վերջապես կարտահայտի իր կամքը, ձեւավորելով ժողովրդի իշխանությունը։

Այստեղ ոմանք ասացին, որ այդ բանակցությունների արդյունք դարձած եւ այժմ խորհրդարանում օրինագիծը տեր չունի, որ այն որբ է, որ նրանից բոլորը հրաժարվում են։ Այդ պնդումներ ոչ մի կապ չունեն իրականության հետ։ Այս օրինագիծը միայն ձեւականորեն կարելի է համարել կառավարության նախագիծ։ Իրականում այն համատեղ աշխատանքի արդյունք է, որի հեղինակը եւ տերը առաջին հերթին մեր հանրությունն է, ընդդիմությունն է։ Հանրությունը, քաղաքացիական հասարակությունը եւ ընդդիմությունն էին, որ ձեւավորեցին այս օրինագծի օրակարգը եւ հիմնական պահանջները։ Եւ ես ցանկանում եմ հիշեցնել, թե որ քաղաքական ուժերը հայտնեցին այս օրինագծի հիմքում ընկած հինգ միացյալ առաջարկների աջակցության մասին։ Հայ Ազգային Կոնգրես, Հայկական Վերածնունդ, Բարգավաճ Հայաստան, Ժառանգություն, Ազատ Դեմոկրատներ, Հայաստանի Ժողովրդական կուսակցություն, Հայոց Համազգային Շարժում, Ազատություն, Լուսավոր Հայաստան, Քաղաքացիական Պայմանագիր, էլ չեմ խոսում ավելի քան 250 հասարակական կազմակերպությունների մասին։ Անկեղծ լինենք, ոչ մի նախաձեռնություն չէր ապահովել նման միասնություն։ Նախագծի տերերը փաստորեն բոլորն այստեղ նստած են, անկախ նրանից, թե շարունակում են ընդունել իրենց հայրությունը, թե ոչ։

Իշխանությունները ընդամենը ընդունել են մեր պահանջներից չորսն առայժմ, մեզ հետ ստորագրել են դրա մասին համաձայնություն, որի շնորհիվ էլ մեր պահանջները մարմնավորվում են որպես օրենսդրություն։ Հիմա սա պատմակա՞ն իրադարձություն է, թե ոչ։ Իմ պատասխանը հետեւյալն է. եթե այս համաձայնությունը իրականացվի, դա իսկապես պատմական իրադարձություն կդառնա։ Ինչո՞ւ եմ այդպես կարծում։ Փորձեմ բացատրել։

Դրա համար արժի երեւի, որ մեր ժողովրդին մի քիչ ավելի մանրամասն ներկայացնենք օրինագծի էությունը։

Հայաստանում ընտրակեղծարարության տեսակները կարելի բաժանել երեք մեծ խմբերի

  1. Ընտրակաշառքի բաժանում եւ ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառում, այսինքն ընտրողի վրա ապօրինի ազդեցության միջոցներ:
  2. Բազմակի քվեարկություն, երբ իշխանության կողմից ստեղսծված բազմակի քվեարկողների հատուկ բրիգադներ տեղամասից տեղամաս են գնում եւ քվեարկում ուրիշների փոխարեն:
  3. Տեղամասային հանձնաժողովների կողմից քվեարկության արդյունքների կեղծում, ներառյալ
    1. Ուրիշի փոխարեն ստորագրում եւ լցոնում
    2. Տրցակների մանիպուլյացիա
    3. Պարզապես արձանագրությունների կեղծում

 

Մեր միացյալ առաջարկներն ուղղված էին ընտրակեղծարարության հենց այս ձեւերի դեմ։

Առանցքային է ցուցակների խնդիրը, ինչի մասին արդեն տասնամյակներ խոսում է քաղաքացիական հասարակությունը, ընդդիմություն, ԵԱՀԿ/ԺՄԻՀԳ-ը, Վենետիկի հանձնաժողովը: Ընտրողների ցուցակը ուռճացված է, պարունակում է 2.5 միլիոն ընտրող, ու քանի որ մեծամասնությունը վաղուց արդեն Հայաստանում չեն, նրանց անունները օգտագործվում են ապօրինաբար իշխանությունների օգտին ձայներ գրանցելու նպատակով: Եւ ահա առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ առաջարկում ենք անցկացնել ընտրողների նախագրանցում, ինչպես ընդունված է ժողովրդավարական աշխարհում: Քվեարկելու իրավունք կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր արդեն հանձնել են իրենց մատնահետքերը id ստանալու նպատակով, կամ ընտրություններից առաջ ընկած մի քանի ամիսներում կդիմեն այդ քայլին: Եթե սա իրականացվի, մեր հաշվարկներով ցուցակները կմաքրվեն մոտ 1.1-1.2 միլիոնով, ինչ իշխանություններին կզրկի կես միլիոնից 600 հազար մասնակցության պաշտոնական թիվը կեղծելուց հնարավորությունից: Այսինքն միայն այս քայլի իրականացման շնորհիվ մենք կհասնենք նրան, որ ոչ թե կհայտարարվի 1.5 միլիոն կեղծ պաշտոնական մասնակցություն, 800 000 հօգուտ իշխանության իբր տված ձայներով, այլ, ասենք 1 միլիոն ռեալ մասնակցություն, որի մեջ իշխանության ձայները լավագույն դեպքում կհասնեն 300 000, այն էլ եթե օգտագործվի ընտրակաշառքի եւ ադմինիստրատիվ ռեոսուրսի կիրառման ամբողջ պաշարը: Պակաս կարեւոր չի այն հանգամանքը, որ ընտրողների ցուցակներին ստացված հասանելիությունը թույլ կտա կազմել քվեարկած ընտրողների անվանական ցուցակը, դնել այն ինտերնետում եւ գործի դնել այդ ցուցակի վավերականության համահայկական վերահսկողության մեխանիզմը:

Մյուս կարեւոր նորամուծությունն է ընտրողներին մատնահետքերով իդենտիֆիկացիայի մեխանիզմը, որ մինիմումի կհասցնի բազմակի քվեարկության խախտումները:

Տեսախցիկների տեղադրումը տեղամասերում եւ ընտրական գործընթացի ինտերնետային հերառձակումը թույլ կտա վերացնել այնպիսի երեւույթներ, ինչպիսիք են ընտրողների ապօրինի ուղղորդումը իշխանության վստահված անձերի կողմից, ապօրինի քրեական կուտակումները տեղամասերում, բռնությունը վստահված անձանց, դիտորդների եւ լրագրողների նկատմամբ, լցոնումներ, հաշվարկի ժամանակ տարատեսակ քաշքշուկներ եւ մանիպուլացիաներ:

Պարզ ասած, այս օրինագծի դրույթների իրագործումը, մեծ հաշվով, կվերացնի օրինախախտումները տեղամասերում: Հիմա անդրադառնանք տարածքային վարկանիշային ցուցակների խնդրին, որ մեր պահանջներից մեկն էր, բայց չի բավարարվել իշխանությունների կողմից: Մեր ընդդիմախոսները իրավացիորեն նշում են, որ այդ պահանջի չկատարումը նշանակում է, որ իշխանությունները պահպանում են ընտրակաշառքի եւ ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառման լայնածավալ հնարավորությունները: Համաձայն եմ: Բայց ես արդեն նշեցի, որ ընտրատեղամասերում լայնածավալ ընտրակեղծարարության բացառումն արդեն կզրկի իշխանություններին մոտ 500-600 հազար ձայների կեղծման հնարավորությունից, որը, եթե կուզեք, իմ համոզմամբ դուռ է բացում Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն կատարելու համար անգամ ամենամեծ ադմինիստրատիվ ճնշումների եւ ընտրակաշառքի կիրառման պայմաններում: Էլ չասած, որ շատերը, ովքեր հիմա մտածում են, որ միեւնույն է ընտրությունների արդյունքը կանխորոշված է, եւ ավելի լավ է գոնե օգտվել ընտրակաշառքի բաժանումից, նույն այդ մարդիկ լրիվ այլ մոտեցում կունենան եթե հավատան, որ իշխանափոխությունն ընտրությունների միջոցով այնուամենայնիվ հնարավոր է:

Վերջում մի քանի պարզաբանում:

Կոնսենսուսի վերաբերյալ: Նորից եմ ասում, սա կոնսենսուս չի ընտրական օրենսգրքի շուրջ, սա կոնսենսուս է ընտրական գործընթացի օրինականության վերահսկման մեխանիզմների շուրջ: Ով հակառակն է պնդում, խորհուրդ եմ տալիս կարդալ համաձայնագրի 9-րդ հոդվածը, թե չէ տպավորություն է ստեղծվում, որ ոմանք չեն էլ կարդում այն, ինչի տակ ստորագրում են: Քանի դեռ մնում են վարկանիշային տարածքային ցուցակները, ընտրական օրենսգիրքը մեզ համար անընդունելի է լինելու:

Գումարների վերաբերյալ: Կոնգրեսը հետեւողական աշխատանք է տարել պոտենցիալ դոնորների հետ, հանդիպելով տասնյակ երկրների, Եվրոպական Միության եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ: Կարող ենք այժմ արձանագրել, որ միջազգային դոնորների ֆինանսական աջակցության հարցը ըստ էության լուծված է: Նրանք արդեն խոստացել են տրամադրել 8.5 միլիոն եվրո: Գումարած կառավարության կողմից ներդրվող 3 միլիոնի հետ դա անում է 11.5 միլիոն եվրո: Պակասում է ընդամենը 4-5 միլիոն եվրո: Եթե պակասող գումարի հայթայթման հարցը կառավարությունը չի լուծում, լինի դա նոր դոնորների միջոցով, թե բյուջեի հաշվին, մենք հանգիստ կկարողանանք եզրակացնել, որ իշխանությունները ուղղակի դրժում են ձեռք բերված համաձայնությունը:

Հուսով եմ այդպես չի լինի: Մեծ հաշվով, Հայաստանի քաղաքական ուժերը բաժանվում են երկու խմբի: Մի խումբը չի ցանկանում, որ այս փոփոխությունները կայանան: Արդյոք դա կարտահայտվի օրինագծին դեմ քվեարկելով, թե առերեւույթ կողմ քվեարկելով, բայց, ի վերջո, այն տապալելով, առիթ բռնելով իբր ֆինանսավորման պակասը, մեծ նշանակություն չունի:

Միեւնույն է ապագան այն ուժերինն է, ովքեր ամեն ինչ անելու են, որ այս համաձայնագիրը իրականացվի, քանի որ ակնհայտ է, որ այդ դեպքում կշահեն ժողովրդի աջակցությանն ապավինող բոլոր ուժերը, մեր ամբողջ հանրությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930