«Մենք էն գլխից էլ միշտ էլ ասել ենք, որ այս սահմանադրական փոփոխությունները միտված են Սերժ Սարգսյանի անձնական իշխանության երկարացմանը: Եթե այն ժամանակ շատերը մեր պնդումները հարցականի տակ էին դնում, թող հիմա իրենք զարմանան նոր զարգացումներից: Մեր դիրքորոշման կամ ընկալման մեջ ոչ մի բան չի փոխվել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը`անդրադառնալով Reuters գործակալությանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցին:
Սերժ Սարգսյանն այդ հարցազրույցում ասել էր, որ ՀՀԿ-ն հաղթելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններում, եթե չհաղթի, ինքը քաղաքականության մեջ անելիք չունի: Լրագրողի ճշտող հարցին էլ` նման բան ակնկալո՞ւմ է, նախագահն արձագանքում է ծիծաղով. «Ոչ»։
Aravot.am-ի հարցին`Սերժ Սարգսյանի նման արհամարհական արտահայտվելը, ծիծաղը, տոնը իրեն ինչ-որ բան հուշո՞ւմ են, Լեւոն Զուրաբյանն ասաց, որ հիմա փորձ է արվում իրեն բարկացնել, բայց քանի դեռ ինքը չի տեսել այդ ծիծաղը եւ տոնը, ձեռնպահ կմնա այլ մեկնաբանություններից:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե Ընտրական օրենսգրքի շուրջ այսքան բարդությամբ ձեռք բերված համաձայնություններից հետո ՀԱԿ-ը ինչո՞ւ է հիմա նորից ընդդիմադիր կեցվածք ընդունել, ի՞նչ տարբերություններ է ինքը տեսնում «համաձայնություն» եւ «կոնսենսուս» բառերի միջեւ, ինչո՞ւ էր առաջ այդ համաձայնությունը պատմական որակում, ի՞նչն է փոխվել: Լեւոն Զուրաբյանը նախ ասաց, որ հարցը տարօրինակ է, ապա այն որակեց իրականության հետ աղերս չունեցող, հետո բացատրեց, որ ինքը հիմա էլ է «պատմական» որակում այս համաձայնությունը, բայց դա համաձայնություն է ոչ թե Ընտրական օրենսգրքի շուրջ, այլ վերահսկողական մեխանիզմների:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ