Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն անուղղակիորեն անդրադարձավ իրենց խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, որը վերջին շրջանում հայկական երգիծական մանրապատումներից, կատակերգություններից մեջբերումներով է համեմում իր ելույթները:
Նիկոլ Փաշինյանը, օրինակ, «Մեծապատիվ մուրացկաններն» էր հիշել՝ 4+4+4 ձեւաչափով բանակցությունների արդյունքում ստորագրված համաձայնագրի տեքստը կարդալով:
Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «ԱԺ-ում բուռն քննարկումների ականատես եղանք, որոնցում մեր խորհրդարանականները փայլեցին եղած-չեղած տաղանդներով»:
Ըստ նրա, որոշ պատգամավորներ ժամանակակից շոու-բիզնեսից ետ չմնալու հայտեր են ներկայացնում. «Վերջերս մի նոր թրենդ է նկատվում, քաղաքական գործիչները իրենց փորձում են դրսեւորել կատակերգության, պարոդիայի ժանրում՝ հիմնականում ոգեշնչման աղբյուր գտնելով հումորի տեղական արտադրության տարբեր գլուխգործոցներից թեեւ ոչ շատ հմուտ, բայց բավականին սահուն ներկայացման մեջ՝ համեմելով դրանք հին սովետական ֆիլմերի թեւավոր խոսքերով: Գեղարվեստական բնագավառում կայացում փնտրող բոլոր այս քաղաքական գործիչներին մաղթում եմ ստեղծագործական հաջողություններ, ինչը հատկապես կարեւոր է այն ժամանակ, երբ քաղաքական դժվարին ասպարեզում այլեւս ձեռքբերումներ չկան»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նախագծին եւ ձեռք բերված համաձայնությանը, նա ասաց, որ դա իսկապես պատմական կարող են համարել, եթե իրականանա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ