«Եթե մենք էս նախագծին էլ չենք կարողանում բովանդակային առումով գնահատական տալ, ուրեմն խնդիրը ձեր մեջ է»,- Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Ըստ Հովհաննես Սահակյանի, իրենք այնպես են ընդառաջ եկել, որ էլ ընդդիմությանը տեղ չեն թողել խոսելու, բայց էլի խոսում են:
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ասաց, որ երեկվա նիստը շատ տարօրինակ տպավորություն է ստեղծել. «Խոսացած, բոլոր կետերով ձեռք բերված պայմանավորվածությունը էսօր այլեւս չի աշխատում: Չի աշխատում 102 ձայնով քվեարկած օրենսգիրքը: Տարօրինակ է դա, հավատացե՛ք: Ամեն հարց քննարկելու ժամանակ սկսում ենք ոչ թե բովանդակային կողմից, այլ՝ զրոյական վիճակից, կարծես աշխարհը հենց նոր ստեղծվեց: Մազոխիզմը մի քիչ մեղմ ու համեստ է ասված, այս իրավիճակն է: Տպավորություն է, որ չենք ուզում հարց լուծել»:
Նա դիմեց այն ընդդիմադիրներին, որոնք ստորագրել են համաձայնության տակ. «Գոնե ձեր դրած ստորագրությանը տե՞ր եք, գոնե դրան դուք հավատո՞ւմ եք, վստահո՞ւմ եք, կարո՞ղ ա էդ էլ չի եղել»:
Կարդացեք նաև
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքերով՝ մեր մեջ մարդիկ կան, որոնք բացառիկ տաղանդ ունեն ամեն ինչ այնպես խճճեն, որ ամեն ինչ խառնվի իրար, չհասկանանք, թե ինչ ենք ուզում անել. «Եկեք դադարեցնենք էս ոճը: Սա բերելու է նրան, որ պտուղը պտղաջրի հետ թափենք: Ես հասկանում եմ, որ մարդիկ կան, որ պտուղը պտղաջրից չեն տարբերում: Կան մարդիկ, ովքեր պտղաբերության մեջ չեն մասնակցել, իրենց ձեռք չի տալիս, որ էդ պտուղը լինի ընդհանրապես, ո՞նց կարա ինչ-որ մի պտուղ առաջանա որեւէ գործընթացում մեր երկրում: Կան մարդիկ, որ իրենց քաղաքական պլատֆորմը դրա վրա են կառուցել, որ չի կարող մի լավ բան լինել, ամեն ինչ վատ է, հենց մի լավ բան է լինում, դա կփլուզի իրենց ամբողջ կառույցը»:
Ըստ Ռուստամյանի, քիչ էր մնում իրենց աշխատանքը վերածվեր «Սիզիփոսյան» աշխատանքի, բայց վերջապես արդյունքի են հասել 4+4+4 ձեւաչափում, դրա արդյունքը պետք է փայփայել. «Համաձայնության են եկել 5 քաղաքական ուժերի լեգիտիմ ներկայացուցիչները, համաձայնության են եկել աննախադեպ, մենք լրջագույն համաձայնությունը ոտի տակ ենք ուզում տալ, չարժեւորել, չկարեւորել: Մի հատ նորից համաձայնագիրը կարդացեք՝ 4 հարցի շուրջ կա կոնսենսուս»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որ 25 տարվա պետություն ենք, ինչ անում ենք, ուրիշի փողով ենք անում, մեծապատիվ մուրացկանների պես նայում ենք դոնորների ձեռքին՝ Ռուստամյաննն ասաց. «Ուրեմն մենք ամեն ինչ պետք է մեր միջոցներով անենք, որ մեզ հարգող երկիր համարվե՞նք: Եթե անգամ ֆինանսները չլինեն, մենք աննախադեպ օրակարգ ենք սահմանել, սա պատմական փաստաթուղթ է, մեծ ձեռքբերում»:
Նա ասաց, որ լավագույն օրենսգրքով էլ հենց աչքդ թեքեցիր՝ կարող է խախտում անեն, պետք է հետեւել ու վերահսկել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ