Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պետք է սխալ չգնահատի իրավիճակը և համարի ներկայիս նահանջը՝ իբրև ԵՄ-ի տապալում. «168 ժամ»

Հունիս 28,2016 12:08

Հարցազրույց Janes Intelligence պաշտպանության եւ անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի եւ ՌԴ-ի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գեւորգյանի հետ

– Ըստ Ձեզ՝ Հայաստանը, ԵՄ-ի համար այս նոր իրողության պայմաններում, երբ նոր խնդիրներ են ի հայտ գալիս ԵՄ-ի համար, իրեն ինչպե՞ս պետք է դիրքավորի ԵՄ-ի հետ հարաբերություններում, երբ բանակցում է նոր համաձայնագիր կնքելու ուղղությամբ։ Այս ամենից հետո Հայաստանի դերն ինչպե՞ս եք տեսնում։

– Առաջինը, ինչ Հայաստանը կամ ցանկացած հետխորհրդային երկիր պետք է ճիշտ գնահատի, թե ինչ է տեղի ունենում և ինչու։ Եվ հատկապես պետք է զգույշ լինել և չընկնել այնպիսի լրատվամիջոցների ազդեցության տակ, որոնք պատկանում են եվրոպական ծայրահեղ պահպանողական կուսակցություններին կամ ռուսական պետական հսկողության տակ են։ Ըստ նրանց՝ ԵՄ-ն դա մի թույլ, անհասկանալի կառույց է, և Բրիտանիայի դուրս գալով՝ կսկսվի ԵՄ-ի կազմալուծումը։

Նախ պետք է հստակ հասկանալ, որ Բրիտանիայի ելքը բացարձակ անակնկալ չէր։ ՄԲ-ԵՄ հարաբերությունները միշտ էլ խնդրահարույց են եղել։ Բրիտանիան ԵՄ-ի հիմնադիր անդամ չէ, ավելին, այն միշտ ինքնության խնդիր է ունեցել՝ իրեն համարելով ոչ ամբողջությամբ եվրոպական երկիր, այլ մի պետություն, որը հատուկ դեր ունի ԱՄՆ-ի և մայրցամաքային Եվրոպայի միջև։ Ավելին, տարիների ընթացքում ԵՄ-ի որոշ շրջանակներում անգամ կարծիք էր ձևավորվել, թե գուցե Միությունն ավելի ուժեղ կլինի՝ առանց Բրիտանիայի։ Եթե նմանատիպ հանրաքվե տեղի ունենար Ֆրանսիայում, և այն որոշեր դուրս գալ, ապա սա իսկապես լուրջ խնդիր կլիներ։

Բրիտանիայի դուրս գալով՝ կուժեղանա Գերմանիայի և Ֆրանսիայի ազդեցությունը Միությունում։ Սա նաև հնարավորություն կտա Լեհաստանին ստանձնելու ավելի որոշիչ դեր։ Ավելին, Փարիզը, Ֆրանկֆուրտը, Ամստերդամը, Դուբլինը կշահեն խոշոր բիզնեսի՝ Լոնդոնից հնարավոր արտահոսքից։ Ի դեպ, նույն Ռուսաստանի համար, եթե քաղաքական առումով գուցե կարճաժամկետ օգուտ է, տնտեսական առումով՝ վատ լուր է։ ԵՄ-ի տնտեսական աճը, ամենայն հավանականությամբ, կդանդաղի՝ ազդելով Ռուսաստանի տնտեսության վրա։ ԵՄ-ն Ռուսաստանի ամենակարևոր արտահանման շուկան է, հատկապես էներգետիկ առումով։

Հայաստանը պետք է սխալ չգնահատի իրավիճակը և համարի ներկայիս նահանջը՝ իբրև ԵՄ-ի տապալում։ ԵՄ-ն ստատիկ միություն չէ, որ փակ դռների հետևում պարտադրվում է քաղաքացիներին։ Որքան էլ ցավալի լինեն արդյունքները, ի վերջո, բրիտանական հանրաքվեն հենց ապացույցն էր, որ մարդկանց ձայնը վճռորոշ կարող է լինել։ ԵՄ-ն արժեքների վրա հիմնված միություն է, և երբեմն հենց այդ արժեքները պահպանելու համար, երկրներ կլինեն, որ դուրս կգան։ Հայաստանը պետք է ընտրի, թե ինչ կարգի միության անդամ կցանկանա լինել։

Ի դեպ, շատ կարևոր է նաև նշել, որ ոչ միայն Բրիտանիայում, այլ նաև ԵՄ-ի անդամ երկրներում, երիտասարդների բացարձակ մեծամասնությունն իրեն եվրոպացի է համարում։ Բրիտանիայի հանրաքվեն այժմ ներկայացվում է իբրև ծերերի հաղթանակը երիտասարդների նկատմամբ։ Աչքաթող անել այն փաստը, որ ապագա սերունդը ԵՄ-ում, և այդ թվում նաև Բրիտանիայում, հավատարիմ է մնում եվրոպական դաշինքին, սխալ կլինի ԵՄ-ի քննադատների համար։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930