Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է նշանակում «համեստ լինել»

Հունիս 28,2016 10:16

Այն միաբանությունը, որին պատկանում է Հռոմի ներկայիս պապը, քարոզում է համեստ կենցաղավարություն: Կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ եղել են պապեր եւ կարդինալներ, որոնք թեեւ ճոխություն չեն քարոզել, բայց ապրել են այնպիսի կյանքով, որ անգամ ներկայիս հայաստանցի օլիգարխները նրանց կնախանձեին:

Վերջերս Հայաստան եկած կաթոլիկ քահանայապետը մի առիթով ասել է, որ եկեղեցին պետք է ծառայի նախեւառաջ աղքատներին, թույլերին, հիվանդներին, ծերերին, ֆիզիկական եւ հոգեկան խնդիրներ ունեցողներին: Կարծում եմ՝ դա որեւէ միաբանության կամ որեւէ քրիստոնեական ուղղությունից բխող տեսակետ չէ՝ դա սկզբունք է, որը բխում է ավետարական ճշմարտություններից: Չգիտեմ, գուցե սխալվում եմ՝ աստվածաբան չեմ:

Փոխարենն ակնհայտ է, որ ներկայիս Մայր աթոռը ծառայում է հարուստներին, «լավ տղերքին», նրանց «եկեղեցաշինական» ամբիցիաներին, որովհետեւ իրենք՝ բարձրաստիճան հոգեւորականները, հենց այդ «լավ տղերքի» դասից են: Եվ մեր աշխարհիկ եւ հոգեւոր «պետերը» մտքում գուցե Ֆրանցիսկոս պապի «միամտության» վրա ծիծաղում են: Չի բացառվում, որ կաթոլիկ կարդինալների մեծ մասը նույնպես կարծում է, որ Ֆրանսիսկոս պապը «հարիֆ» է:

Բայց հիմա ես ուզում եմ խոսել ոչ թե հոգեւորականների եւ ոչ այնքան կենցաղի մասին, որքան ՄԵՐ մասին: Իսկ մենք համե՞ստ ենք, մեծամիտ չե՞նք: Երբեմն կարելի է լսել` «թող «վերնախավը» մտածի, մենք նորմալ մարդիկ ենք»: Համաձայն չեմ, անձամբ ինձ այդքան կատարյալ չեմ համարում, որ Հռոմի պապից սովորելու բան չունենամ: Իսկ ես պատրա՞ստ եմ սիրով, անկեղծությամբ (ոչ թե ինչ-որ բան ցույց տալու համար) մոտենալ անվասայլակով մարդկանց, ընդհանրապես` մարդկանց, որոնք չեն տեղավորվում իմ «մտավոր ստանդարտների» մեջ, ես համբերատա՞ր եմ լսում, երբ մարդիկ «բռնացնում են» ինձ փողոցում ու սկսում են պատմել իրենց դժվարությունների մասին, թե՞ լսելով, մտածում եմ` «էլի նույն բողոքներն ու «ինքնախղճահարությունը»: Իսկ ես բավականաչափ լայնախո՞հ եմ, որ չվրդովվեմ եւ չպատասխանեմ, երբ իմ հասցեին կոպիտ բառեր են ասում կամ գրում:

Հաստատ կան մարդիկ, որոնք ինքնագիտակցության եւ բանականության առումով ավելի բարձր կետերի հասել են եւ իրենց ավելի բարդ հարցեր են տալիս, քան ես: Բայց բոլոր դեպքերում այնպես չէ, որ ինչ-որ խումբ` «մենք», լավն ենք ու ճիշտ ենք ապրում, իսկ մեկ այլ խումբ` «նրանք», սխալ մարդիկ են, «մենք» բարի ենք, լի ենք կարեկցանքով եւ ներողամտությամբ, իսկ «նրանք» այդ «մեր» ստեղծած դրախտը փչացնում են:

Ի վերջո, խնդիրը դրված է հետեւյալ կերպ` կա՞ն մարդու մոտ սկսզբունքներ, թե՞ չկան, եւ ինչից է մարդը պատրաստ հարաժարվել հանուն այդ սկզբունքների: Եթե, օրինակ, ես կարծում եմ, որ մարդուն պետք է հարգել` անկախ նրա սոցիալական դիրքից, ֆիզիկական կամ հոգեկան առանձնահատկությունից, ուրեմն պիտի պատրաստ լինեմ զոհաբերել իմ ժամանակն ու նյարդերը` բոլոր մարդկանց ուշադրությամբ եւ կարեկցանքով լսելու: Իսկ եթե ես ափսոսում եմ իմ հոգեկան ուժերն այդ մարդկանց տրամադրելու, ապա այդ դեպքում ես, ամենայն հավանականությամբ, ինձ կհամոզեմ, որ իրենցից ինչ-որ բանով լավն եմ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Բայց բոլոր դեպքերում այնպես չէ, որ ինչ-որ խումբ` «մենք», լավն ենք ու ճիշտ ենք ապրում, իսկ մեկ այլ խումբ` «նրանք», սխալ մարդիկ են:
    «մենք»՝ անձամբ ես եւ իմ ամենամերձավոր շրջապատը, ապրում ենք այնպես, ինչպես մեզ «մեծահոգաբար» թույլ են տալիս Ձեր ասած «նրանք», պետության ղեկն առած «լավ տղերքը»: Այ հենց որ վերեւներից հարգվի ՄԱՐԴԸ, այ այդ ժամանակ էլ շատ բաներ մեզանում կդառնա իրոք լավը: Թե չէ լսեմ-չլսեմ, ժամանակս զոհեմ-չզոհեմ, դրանից ոչինչ չի փոխվի:

    • Հրանտ Պապիկյան says:

      Այսինքն եթե իշխանությունը թույլ չի տալիս ավելի բարեկեցիկ նյութական վիճակ ունենալ, պետք չէ՞ ջանալ ավելի բարեպաշտ և բարոյական մարդ լինել շրջապատի համար….
      Դուք ՃԻՇՏ ապրելը խառնում եք ԼԱՎ ապրելու հետ, իսկ դրանք ավելի հաճախ հակադարձ համեմատական են: Լավ մարդ լինելը ԹԱՆԿ հաճույք է, հարկ է լինում այդ անունը արժանվամբ կրելու համար ծախսել և ժամանակ, և առողջություն, և գումար… իսկ ավելի հաճախ՝ ուղղակի թամահ չանել և որոշ տեսակի եկամուտներից հրաժարվել, ինչպես նաև ձգտել վայելել ՆԵՐՔԵՎՆԵՐԻ հարգանքը, այլ ոչ թե վերևների…. Այո, թանկ է ու դժվար: Մարդ ինքն է որոշում՝ ընտրի՞ այդ թանկ ճանապարհը , թե՞ ապրի ԷԺԱՆ, թեկուզ և շրջապատված շքեղությամբ…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930