Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիկ Հովհաննիսյանը վստահ է, որ ԳԱԱ-ն պետք է պահել այն տեսքով ու վիճակով, ինչպիսին կա. «Հրապարակ»

Հունիս 28,2016 10:28

Ակադեմիայի թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանը, անդրադառնալով ԳԱԱ նախագահի պաշտոնում ավելի երիտասարդ, նոր սերնդի մարդ տեսնելու խոսակցություններին, դրանք անվանեց քաղքենիական խոսակցություններ, որոնք զարգացնում են գիտության հետ առնչություն չունեցող մարդիկ, որովհետեւ մինչեւ դառնում ես ակադեմիայի թղթակից անդամ, արդեն 70 տարեկան ես. «Այդ սերնդափոխությունը վերաբերում է ֆուտբոլին, կորդեբալետին, թատրոնին, բայց ոչ գիտությանը։ Գիտության մեջ նման հարց չկա՝ նոր սերունդ, հին սերունդ։ Եթե խոսվում է նորի մասին, ապա նորի ճանապարհը ոչ ոք չի փակում»։

Հովհաննիսյանը վստահ է, որ ԳԱԱ-ն պետք է պահել այն տեսքով ու վիճակով, ինչպիսին կա, որովհետեւ դա ակադեմիա է, ոչ թե ռեֆորմացիայի ենթարկվող հաստատություն. «Ակադեմիան եկեղեցու նման է եւ իր մեջ պետք է ունենա պահպանողականություն։ Ակադեմիզմը հենց այդ է, եթե դա կորցրեց, ակադեմիան չի լինի»։

Նա նշեց, որ վիրավորվում է, երբ լսում է ակադեմիայի դեմ տարվող խոսակցություններ, մասնավորապես այն, որ հսկայական միջոցներ են ծախսվում, մինչդեռ ակադեմիան միջոցներ չունի իրենց գրքերը հրատարակելու, եւ շատ հաճախ իրենց հաշվին են դրանք հրատարակում։

Հենրիկ Հովհաննիսյանը չի ուզում, որ գիտության, ակադեմիայի վիճակն ուղղակիորեն կապեն նախագահի հետ, նա խորհուրդ է տալիս դա կապել հասարակության հետ։ «Այս նյութապաշտ, վաճառականական, ռեստորանային, ուտել-խմելու հասարակության հետ։ Մի երկիր, որը նախապատրաստված է միայն խորովածի, ուտել-խմելու համար, հարմարեցված է երկիրը դրան։ Այսքան ռեստորան չի եղել այս աղքատ երկրում։ Բարոյազրկված է հենց ինքը՝ հասարակությունը, եւ այսքանից հետո կրակն ուղղել ակադեմիայի դեմ, այն հաստատության, որ ամենաբարոյական հաստատությունն է հանրապետությունում, որ չի կորցրել իր նկարագիրը, որ խորհրդային ժամանակներում իրեն տրված էր։ Մենք դեռ որակը չենք գցել, թեպետ ամեն ինչ արվում է եւ ասվում է ակադեմիայի դեմ»,- ասում է Հովհաննիսյանն ու ընդգծում, թե մեկ անզգույշ խոսքից կառչել եւ դրա հիման վրա վարկաբեկել ակադեմիան՝ բարոյական չէ։

«Մենք հոգեւոր մշակույթի ազգ չենք, մենք ունենք մի քանի հանճար, մենք տեխնիկական հանճարի ազգ ենք, ճշգրիտ գիտությունների, մաթեմատիկայի, ֆիզիկայի, իսկ սրան պետությունը, իշխանությունը հատուկ ուշադրություն պետք է դարձնի եւ չասի, թե ինչ տվեց, իսկ դու ի՞նչ ես պահանջում, իսկ դու պատկերացնո՞ւմ ես ինչ է պետք»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարապետ says:

    Եթե մեր հասարակությունը բարոյազրկված է, ինչպես նշում է պարոն Հովհաննիսյանը, ապա այդ նույն հասարակության անդամ է նաև ինքը։ Բարձր եմ գնահատում եմ Ձեր նուրբ ինքնաքննադատությունը։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930