Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ ՀԲ-ին. Մեր դիրքորոշումը հստակ է՝ այլևս ոչ մի նոր հանք, այդ թվում՝ Ամուլսարի հանքը, Հայաստանում չպետք է բացվի

Հունիս 28,2016 09:03

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակին

Ի պատասխան Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակից ստացած հրավերների՝ մասնակցելու ս.թ. հունիսի 28-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում կայանալիք՝ «Հանքարդյունաբերության ոլորտում շրջակա միջավայրի կառավարման փաստաթղթի նախագծի քննարկմանը» նվիրված աշխատաժողովին, հայտնում ենք, որ մերժում ենք մասնակցել այդ աշխատաժողովին մի շարք սկզբունքային հակասությունների պատճառներով.

Համաշխարհային բանկի գաղափարախոսությունը աճի վրա հիմնված տնտեսությունն է. Հայաստանում հանքարդյունաբերության կազմակերպումը նույնպես բանկի կողմից դիտարկվում է այս համատեքստում: Տնտեսական աճի մասին հորջորջումները ոչինչ են, եթե չի տրվում պարզ մի հարց՝ աճ հանուն ո՞ւմ և հանունի ինչի՞։ Այս հարցադրման անկեղծ պատասխանները հանգեցնում են տնտեսական աճի գաղափարախոսության տապալման։ Հայաստանի և միջազգային փորձից հայտնի է՝ տնտեսական աճի վրա հիմնված գործունեությունն արդեն իսկ հանգեցրել է այնպիսի աղետալի հետևանքների, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և հարուստների ու աղքատների միջև աճող անհավասարությանը (ինչպես մարդկանց, այնպես էլ երկրների, տարածաշրջանների): Բանկի այս մոտեցումն արհամարհում է հարստության արդար վերաբաշխումը, խթանում է հանրային ոլորտի մասնավորեցնումը և իր վարկային սխեմաներով «հավերժական» պարտքի մեջ է թաղում աշխարհի տասնյակ երկրների՝ միաժամանակ, անվարան կերպով համագործակցելով ակնհայտորեն բռնատիրական և սեփական ժողովուրդներին ուծացրած կառավարությունների հետ կամ սատարելով նրանց:

Այնպիսի իրավիճակում, երբ Հայաստանի ժողովրդի պարզ կամարտահայտումը 2015թ. սահմանադրական հանրաքվեի ժամանակ բռնությամբ ու ընտրակեղծիքներով ճնշվեց և հանրաքվեն լայնորեն գնահատվեց որպես ոչ լեգիտիմ, այսինքն՝ երբ Հայաստանի ժողովուրդը զրկված է իրացնել որոշումների կայացման իրավունքը, Համաշխարհային բանկը շարունակում է ոչ լեգիտիմ համարվող բոլոր օրենսդրական գործողությունները գնահատել «մեկ քայլ առաջ», ինչպիսին 2011թ. ՀՀ Ընդերքի մասին օրենքի մշակման ու ընդունման՝ չափազանց հապշտապ կազմակերպված գործընթացն էր։

Մենք չենք հավատում, որ ընտրության հնարավորությունը սահմանափակվում է «չարյաց փոքրագույններով»՝ հանք կամ գործազրկություն, աճի վրա հիմնված տնտեսություն կամ աղքատություն: Մենք տեսնում ենք իրական այլընտրանքներ, որոնց Համաշխարհային բանկն իր նեոլիբերալ քաղաքական հավատամքի բերումով ոչ միայն չի խթանում, այլև խանգարում է դրանց ձևակերպվել ու կյանքի կոչվել: Համաշխարհային բանկը ոչ միայն ակնհայտորեն սատարել է Ջերմուկի հարակից տարածքներում Ամուլսարի ավերիչ հանքարդյունաբերական ծրագիրը, այլև իր խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի անմիջական բաժնետիրական շահերն է պաշտպանել Լիդիան ինթերնեշընըլ օֆշորային ընկերությունում։ Մենք մերժում ենք «առաջին աշխարհի» երկրներին հումք մատակարարող կցորդ մնալու ապագան և վե՛րջ:

Մենք պնդում ենք, որ «պատասխանատու հանքարդյունաբերությունը» միֆ է, քանի որ հանրային վերահսկողության բացակայության, մասնավորի գերիշխանության պաշտպանության, վերահսկող օրենքների և նորմատիվների թուլացման, աշխատավորների շահերը պաշտպանող կառույցների և տեսչությունների վերացման, բնապահպանական նորմատիվների բացակայության կամ ձևական լինելու պարագայում բացի մասնավոր ընկերություններից և նրանց ֆինանսավորողներից, մնացած բոլորը պարտվում են, մնացած բոլորի հետ էլ քայքայվում է բնությունը: Հայաստանում բազմիցս հանրությունը պահանջել է կառավարությունից տեսչություն իրականացնել ապօրինաբար շահագործվող Թեղուտի հանքավայրում, բոլոր պահանջները մերժվել են՝ «տնտեսվարողին անհարկի չխանգարելու» պատճառաբանությամբ։ Անգամ Կանադայում, որտեղ, կարելի է ասել, օրենքները գերակայում են, որտեղ ընկերությունները գործում են ոչ թե իրենց «պատասխանատվությունից» ելնելով, այլ՝ օրենսդրական պարտավորություններից, այսօր Ալբերտա նահանգի բազմաթիվ հանքավայրեր պարզապես ցասում են առաջացնում և՛ տեղացիների մոտ, և՛ ահռելի վնասներ են հասցնում բնությանը: Մեզ կարիք չկա համոզելու, որ մեզ նման երկրում, ուր օրենքները հարմարեցվում են հանքային և էներգետիկ ծրագրերին, որտեղ աշխատանքային և բնապահպանական նորմատիվները հասցվում են գրեթե զրոյի, կարող է լինել պատասխանատու հանքարդյունաբերություն:

Բավականաչափ հետազոտություններ ու մասնագիտական փաստարկներ հաստատում են, որ հանքարդյունաբերությունը Հայաստանում խիստ բացասական ազդեցություն է ունենում մարդկանց առողջության, բնական միջավայրի, տնտեսության բազմաճյուղ զարգացման հնարավորության վրա և այլն: Հայաստանի Հանրապետության 29.7 հազար քկմ տարածքում արդեն իսկ տրված են 460 հանքարդյունաբերական լիցենզիաներ, որոնցից 27-ը՝ մետաղական հանքերի համար. ևս 85-ը հետազոտման տարբեր փուլերում են: Արդյունքում՝ 23 բաց կամ փակ պոչամբարներում ունենք արդեն 800 միլիոն տոննա թունավոր թափոններ՝ հագեցած ծանր մետաղներով և այլ վտանգավոր գոյացություններով: Իսկ այն պնդումը, թե հանքերն աշխատատեղեր են ստեղծում կամ նպաստում են համայնքների բարեկեցությանը՝ առասպել են. 2013թ. տվյալներով ՀՀ հանքերում աշխատում է ընդամենը 9400 մարդ, որը ՀՀ աշխատունակ բնակչության 0.8%-ն է կազմում: Իսկ Համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) հանքերի ներդրումը հասնում է 3-4 %-ի, պետբյուջեի մուտքերի գծով հանքարդյունաբերությունն ապահովում է բյուջեի ընդամենը 3%-ը. ընդ որում դրա մեծագույն մասը ստացվում է ընդամենը մեկ խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկությունից: Հանքերին կից համայնքների բնակչությունը տառապում է մահացու ծանր հիվանդություններով. նրանք չունեն, օրինակ, գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն, նրանց տներն ու հողամասերն արժեզրկված են: Մեր դիրքորոշումը հստակ է՝ այլևս ոչ մի նոր հանք, այդ թվում՝ Ամուլսարի հանքը, Հայաստանում չպետք է բացվի, իսկ եղածների մի մասն էլ պիտի փորձաքննություն անցնի և փակվի:

Մեզ ուղղված հրավերում նշվում է, որ բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում՝ նաև քաղաքացիական հասարակությունը, պետք է ամբողջական պատասխանատվություն կրեն այս ոլորտի համար: Սակայն առաջին անգամը չէ, որ Հայաստանում փորձ է կատարվում գործադրել Համաշխարհային բանկի «մասնակցային գործընթացները». դրանք նաև 2000-ականների սկզբին օգտագործվել են Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի մշակման գործընթացում և տապալվել, քանի որ ձևականորեն ապահովում են որոշ «լոյալ» կազմակերպությունների մասնակցությունը կամ ներկայությունը, իսկ սկզբունքային ընդդիմությունը կա՛մ մարգինալացվում է, կա՛մ էլ գործընթացներից դուրս մնում: Միևնույն ժամանակ, հասարակական կազմակերպությունների կամ քաղաքացիական այլ կառույցների ներկայությունը (հիմնականում ձևական) օգտագործվում է՝ հաստատելու համար, որ գործընթացը մասնակցային է եղել և բոլոր շահագրգիռ կողմերը ձայն բարձրացնելու կամ որոշումների կայացմանը մասնակցելու հնարավորություն են ունեցել: Մինչդեռ նման պնդումը կեղծիք է, և սկզբունքային ընդդիմության կողմից որոշումների կայացման վրա ազդելու մեխանիզմները բացակայում են: Հարկ չկա հիշեցնելու, թե ինչպես Համաշխարհային բանկի հովանու ներքո ստեղծված «մասնակցային» աշխատախումբը մշակեց բնապահպանական փորձաքննության մասին նոր օրենք, որը, սակայն Ազգային ժողովում նենգափոխվեց և ներկայացվեց ոչ աշխատանքային տեսքով և անցկացվեց ընդամենը մեկ օրում։

Այդ մասին Համաշխարհային բանկը աշխատանքային խմբի անդամներից ստացավ նամակներ, որ գործընթացը լեգիտիմ չէր, սակայն չգիտես ինչու՝ ոչ լեգիտիմ գործընթացներին չմասնակցող քաղաքացիները պիտակվում են որպես «անհամագործակցող»։ Նման ձախողումները միայն հայաստանյան երևույթ չեն. «երրորդ աշխարհի» շատ երկրների ակտիվ քաղաքացիներն ու գործիչները նմանատիպ քննադատություններով են հանդես եկել:

Ցավում ենք, որ աշխատաժողովին հրավիրվածներն իրենց գործունեությամբ վերահաստատում և աջակցում են հետադիմական, Հայաստանի ներկայիս և ապագա սերունդների շահերը ոտնահարող, միջազգային կապիտալը գերակա հռչակած գործընթացներին: Մաղթում ենք ձեզ սուրճի համեղ ընդմիջում, իսկ մենք կոնֆերանսային գործընթացներից դուրս այլ հարթակներում կաշխատենք բնության և հանրության շահերի պաշտպանության համար:

 

Նշյալ աշխատաժողովին հրավեր ստացած մի շարք բնապահպաններ, ակտիվ քաղաքացիներ, Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930