Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրքագետ. Միամտություն է կարծել, թե Էրդողանն ու Թուրքիան զղջացել են

Հունիս 28,2016 08:00

Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ուղերձ հղելուց հետո «Առավոտը» թեմայի վերաբերյալ մի քանի հարց ուղղեց թուրքագետ Հայկ Դարբինյանին։

– Պարոն Դարբինյան, անսպասելի՞ էր արդյոք թուրքերի նախաձեռնությունը՝ ուղղված ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

-2015թ. նոյեմբերի 24-ի դեպքից հետո, երբ թուրքական կործանիչը խոցեց ռուսական СУ-24-ը, երկու երկրների հարաբերությունները կտրուկ լարվեցին, որից հետո ռուս և թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հնչեցրած ելույթները ցույց էին տալիս, որ խնդիրը սկզբունքային է դարձել ոչ միայն Ռուսաստանի և Թուրքիայի, այլև Էրդողանի և Պուտինի անձերի համար, որոնցից ոչ մեկը, նկատենք, չի սիրում զիջումների գնալ թե´ ներքին, թե´ արտաքին քաղաքականության ոլորտներում։

Թուրքական կողմի նախաձեռնությունը, սակայն, անսպասելի չէր։ Ժամանակի ընթացքում Թուրքիայի ներքաղաքական ասպարեզում և արտաքին ճակատում տեղի ունեցած ոչ բարենպաստ զարգացումները ստիպեցին Էրդողանին զիջման գնալ այս հարցում։

Հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվեց Ռուսաստանի օրվա կապակցությամբ Էրդողանի և Յըլդըրըմի շնորհավորական նամակներով՝ ուղղված ռուսաստանցի իրենց պաշտոնակիցներին՝ Պուտինին և Մեդվեդևին։

Դրանից հետո թուրքական կողմը հրապարակեց 9 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ, որով նախատեսվում է  մինչև ընթացիկ տարվա ավարտը կարգավորել ռուս-թուրքական հարաբերությունները։

Այժմ էլ հրապարակվեց Էրդողանի ուղերձը, որով նա ներողություն խնդրեց ռուսներից 2015-ի նոյեմբերին տեղի ունեցածի համար։

-Համարժե՞ք էին արդյոք պաշտոնական Մոսկվայի արձագանքները Թուրքիայի նախաձեռնություններին, որոնք ուղղված էին հարաբերությունների կարգավորման փորձերին։

-Ինքնաթիռի խոցումից հետո ռուսները մշտապես հայտարարել են, որ երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար առաջնահերթ է, որ Թուրքիան ներողություն խնդրի կատարվածի համար։

Մինչև «ներողության մասին» ուղերձը Ռուսաստանը լուրջ չէր վերաբերվում թուրքական նախաձեռնություններին և ամեն պատեհ առիթով հիշեցնում էր, որ Թուրքիան պետք է զղջա կատարվածի համար։ Այս դիրքորոշումը շարունակվեց այնքան, մինչև հնչեց այդքան սպասված ներողությունը։

-Մի՞թե այդքան բարդ էր ներողություն խնդրելը, և արդյոք անհրաժե՞շտ էր դրա համար ավելի քան կես տարի սպասել։

-Միամտություն է կարծել, թե Էրդողանն ու Թուրքիան վերջիվերջո զղջացին կատարվածի համար և ներողություն խնդրեցին։ Ակնհայտ է, որ ինքնաթիռի խոցման հրամանը տվել են Թուրքիայի բարձրաստիճան իշխանավորները, կամ այդ ամենը կատարվել է նրանց անմիջական իմացությամբ։

Էրդողանը գնաց այս քայլին, հաշվի առնելով երկու հանգամանք։ Առաջինը տնտեսական ահռելի կորուստներն են, որ կրում է Թուրքիան՝ ի հաշիվ Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների։ Երկրորդը Թուրքիա-ԵՄ հարաբերություններում նկատվող ճգնաժամն է, որը նկատելի է վերջին շրջանում։ Թուրքիան հիասթափվել է ԵՄ-ից և հստակ գիտակցում է, որ Եվրոպան պատրաստ չէ համագործակցել Թուրքիայի հետ։

Այս ամենի հետևանքով Էրդողանը շրջվում է դեպի արևելք և իսլամական աշխարհ։ Ռուսաստանի ու Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը նպատակ ունեն ապահովել հենց այդ մտադրությունների իրականացումը։

Ի դեպ, Եվրոպայից հիասթափվելու գործում պակաս դեր չունեցավ նաև 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը… Ստացվում է՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը ինչ-որ չափով նպաստեց ռուս-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորմանը։..

Թյուր է նաև տեսակետը, թե հարաբերությունների հնարավոր կարգավորմամբ Ռուսաստանն ու Թուրքիան կբարեկամանան։ Այդ երկրների միջև մրցակցության, լարվածության ու մերթընդմերթ պոռթկացող բախումների արմատները պատմությունից են։ Ռուսների և թուրքերի միջև բացահայտ կամ ծածուկ լարվածությունը առկա է երկու պետությունների՝ թե´ ջերմ, թե´ լարված հարաբերությունների շրջանում։

-Այս ամբողջ գործընթացներում որտե՞ղ է Հայաստանի Հանրապետությունը, կազդի՞ արդյոք ռուս-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա։

-Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններն ամբողջովին այլ ենթատեքստում են ընկալվում Թուրքիայում։ Այդ պետության իշխանությունը պատրաստ չէ երկխոսություն սկսել Հայաստանի հետ, և այդ անվճռականությունը շատ հաճախ պատճառաբանում են Արցախի հակամարտությամբ։

Վստահ եմ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման լուծումը կախված է բացառապես երկու երկրներից,  և համապատասխան կամքի առկայության պարագայում կողմերը կարող են համաձայնության գալ, իսկ դրա բացակայության դեպքում կարելի է առնվազն 100 պատճառ բերել, թե ինչու չեն կարող կարգավորվել հայ-թուրքական հարաբերություները։ Այսօր ամենահարմար պատճառաբանությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Arm says:

    Հարց ու պատասխան, բայց ոչ մի նոր բան

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930