Լրահոս
Օրվա լրահոսը

«Հպարտանում եմ մեր նվագախմբով». Հասմիկ Պապյան

Հունիս 27,2016 22:05

Հունիսի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին նվիրված գալա համերգ, որին կմասնակցեն սոպրանո Հասմիկ Պապյանը, ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը և ուրիշներ:

«Որոշեցինք, որ նվագախմբի 90-ամյակին նվիրված այս համերգին ելույթ ունենան միայն հայ երգիչներ ու երաժիշտներ, քանի որ սա նրանց տոնն է, ուրիշների հետ հետո էլ կնվագենք:

Հեշտ չէր, իհարկե, բոլորին նույն օրը նույն տեղում հավաքելը, սակայն ցանկություն բոլորն ունեին: Համերգի օրը մի քանի անգամ փոփոխվել է: Ի վերջո, հունիսի 28-ին այն կկայանա»,- «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

MHM0105669-copy

«1915 թվականից տասը տարի անց ֆիլհարմոնիկ նվագախմբի ստեղծումը խոսում է հայ ժողովրդի մշակութասեր լինելու, հայ ազգի ապրելու ցանկության մասին: Ուրախանում եմ մեր նվագախմբի համար ու հպարտանում նրանով»,- նշեց անվանի սոպրանո Հասմիկ Պապյանը:

Ջութակահար Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝ ոչ բոլոր նվագախմբերին է բախտ վիճակվում այսքան երկար կյանք ու մեծ ավանդույթներ ունենալ. «Այսօր շատ կարևոր է այդ ավանդույթները շարունակելն ու պահպանելը, թեև ժամանակակից աշխարհում դա այնքան էլ հեշտ չէ»,- ընդգծեց ջութակահարը:

Վաղը կայանալիք համերգի ընթացքում կհնչեն Շոստակովիչի, Մոցարտի, Վերդիի, Բիզեի, Չայկովսկու, Վագների, Խաչատրյանի, Միրզոյանի, Բաղդասարյանի ստեղծագործություններից:

Այս համերգով ամփոփվում է Ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 90-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, որն սկսվել էր 2016 թվականի մարտի 4-ին՝ Ալեքսանդր Թամանյանի հիշատակին նվիրված համերգով:

Հոբելյանական միջոցառումների շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր առաջին անգամ ցուցադրվեց նաև «Հոբելյանական նոտաներ» ֆիլմը: Այն պատմում է Ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման օրից ի վեր գրեթե բոլոր հիշարժան համերգների ու իրադարձությունների, նշանավոր հյուրերի ու դիրիժորների մասին: Սցենարի հեղինակը Սոնա Ալեքսանյանն է, բեմադրող ռեժիսորը՝ Ավագ Ավագյանը:

Ֆիլմի ցուցադրությունից ժամեր առաջ էլ Մաշտոցի 43 հասցեում (Խամաճիկների թատրոնի հարևանությամբ) հանդիսավորությամբ բացվեց 1924-1926 թթ. նվագախումբը ղեկավարած դիրիժոր, կոմպոզիտոր, մանկավարժ Արշակ Ադամյանի հուշաքարը, որի հեղինակը Լևոն Վարդանյանն է:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930