Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան Հռոմի Պապի վրա ազդելու հնարավորություն չունի». Հակոբ Չաքրյան

Հունիս 27,2016 19:40

«Թուրքիան Հռոմի Պապի հայաստանյան այցի շուրջ առանձնակի հիստերիա չդրսեւորեց, քանի որ Սրբազան Հռոմի Պապն արդեն իսկ ասել էր իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի շուրջ»,-կարծում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում նա արձանագրեց, որ թուրքական մամուլը Հռոմի Պապի հայաստանյան այցի ավարտի մասին չի ազդարարել` բացի մեկ լրատվամիջոցից. «Այնուամենայնիվ, այցը լուսաբանվեց, նշվեց, որ Հռոմի Պապը սեպտեմբերին այցելելու է Վրաստան եւ Ադրբեջան: Խոսակցություններ կային, թե Պապը Երեւանից ուղեւորվելու է Թեհրան, ինչը տեղի չունեցավ»:

Չաքրյանը նշեց, որ Հռոմի Պապի կողմից «Ցեղասպանություն» եզրույթը հիշատակելու առնչությամբ BBC-ի թուրքական ծառայությունը գրել էր, թե Հռոմի Պապն ասել է` «Ելույթի տեքստում «ցեղասպանություն» բառը չի եղել, բայց ՀՀ նախագահի խոսքից հետո որոշեցի այդ բառն արտասանել»:

Բանախոսի փոխանցմամբ` թուրքական լրատվամիջոցները շեշտել էին, որ Հռոմի Պապը Հանրապետության հրապարակում աղոթեց հայ-թուրքական հաշտեցման եւ Ղարաբաղում խաղաղության հաստատման համար. «Թուրքերը հասկացել են, որ այս ամենին հակազդելու ժամանակն անցնում է, քանի որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը սպառել է թուրքական ժխտողականության դիրքերը: Ամենաուժգին հարվածը Բունդեսթագի որոշումն էր»:

Թուրքագետի դիտարկմամբ` Հռոմի Պապի այցի շուրջ թուրքական կողմի պաշտոնական հայտարարություններն ազդեցիկ չեն եւ իրականում Թուրքիայի ներքին լսարանին են ուղղված. «Էրդողանն էլ հեղինակություն չունի: Թուրքիան Հռոմի Պապի վրա ազդելու հնարավորություն չունի. աշխարհի կաթոլիկ բնակչության վրա Հռոմի Պապի խոսքն ավելի մեծ ազդեցություն կգործի, քան Թուրքիայի իշխանություններինը»:

Հակոբ Չաքրյանի խոսքով` Հռոմի Պապի հայաստանյան այցն ինքին առանձնահատուկ է եւ կնպաստի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին. «ԱՄՆ-ի վրա կազդի, թե ոչ, կդժվարանամ ասել, որովհետեւ բնակչության մեծ մասը կաթոլիկ չէ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930