Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոստիկանությունում չեն հստակեցնում համազգեստով, թե՞ քաղաքացիական հագուստով ոստիկաններ են բերման ենթարկողներն եղել

Հունիս 27,2016 19:25

armtimes.com-ի ֆոտոթղթակից Տիգրան Մազմանյանն արդեն խորհրդակցել է փաստաբանի հետ ու պատրաստվում է դիմել դատարան:

«Խախտվել է իմ ազատ տեղաշարժի իրավունքը, բացի այդ՝ ես բեյջ եմ ցույց տվել, որ լրագրող եմ ու տվյալ պահին գործի մեջ էի, գնում էի նկարահանման, բայց ոստիկանները խոչընդոտել են լրագրողի՝ իմ աշխատանքը»,- Aravot.am-ին ասաց Տիգրան Մազմանյանը:

Շաբաթ օրը՝ հունիսի 25-ին, քաղաքացիական հագուստով անձինք նրան բերման էին ենթարկել ոստիկանական բաժին:

Ըստ ֆոտոթղթակցի. «Բերման ենթարկել էլ չէր, ավելի շատ առեւանգման էր նման, որովհետեւ բերման ենթարկելիս փաստեր են ունենում ու ինչ-որ պատճառ ներկայացնում են, ինձ ոչ մի պատճառ չի ներկայացվել: Բերման են ենթարկել քաղաքացիական հագուստով անձինք, որոնք չեն ներկայացել, տարել են Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի ոստիկանական բաժին, կազմել արձանագրություն՝ քրեական օրենսգրքի 327 հոդվածի կասկածանքով: Հարցրեցի՝ ինչ հոդված է, ասացին ծառայությունից խուսափել: Բայց ես ծառայել եմ բանակում, ծառայությունս ավարտելուց հետո էլ մի քանի ամիս պայմանագրային զինծառայող եմ եղել: Բացի դա ծառայությունից խուսափելու համար հետախուզում է  հայտարարվում, հետո որ բերման են ենթարկում տանում են ոչ թե ոստիկանական բաժին, այլ ռազմական ոստիկանություն: Ինձ բերման են ենթարկել Սայաթ-Նովա- Խանջյան խաչմերուկից՝ հենց ռազմական ոստիկանության շենքի դիմացից, բայց ինչպես ասացի տարել են ոստիկանական բաժանմունք»:

Տիգրան Մազմանյանի պատմելով, իրեն ոստիկանական բաժին են տարել իր աշխատանքն իրականացնելիս. գնացել էր լուսաբանելու «Հիմնադիր խորհրդարանի» ակտիվիստներին բերման ենթարկելու դեպքերը. «Ինձ զանգեցին, ասացին, որ ակտիվիստի են բերման ենթարկել, գնում էի նկարելու: Գնում էի, բայց մի խաչմերուկ ներքեւ, դեռ չհասած, ինձ էլ բերման ենթարկեցին: Ինձ թվում է ՝ ինձ բերման ենթարկելով փորձում էին կանխել ակտիվիստների բերման ենթարկման դեպքերի լուսաբանումը, որովհետեւ ակտիվիստներին բերման ենթարկելն էլ լրիվ ապօրինի էր, քաղաքացիական հագուստով անձինք մոտենում էին, առանց ներկայանալու բերման ենթարկում»:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Aravot.am-ին ոստիկանների ՝ քաղաքացիական հագուստով լինելու վերաբերյալ հարցին այդպես էլ չպատասխանեցին՝ չհստակեցնելով, ոստիկանները եղել են համազգեստով թե քաղաքացիական հագուստով. «Ծառայության ժամանակ մարդիկ նրան բերել են ստուգման նպատակով… ես արդեն ասացի»:

Ոստիկանությունից հերքեցին, թե բերման ենթարկողները չեն ներկայացել. «Իրեն ներկայացել են, որ ոստիկանության ծառայողներ են»:

Ինչ վերաբերում է Տիգրան Մազմանյանի ասածին, թե ոստիկանական բաժնում կազմել են արձանագրություն՝ քրեական օրենսգրքի 327 հոդվածի կասկածանքով (ծառայությունից խուսափել), ոստիկանությունից, պարզվում է, տեղեկություն չունեին. «Կամ ինքն է ինչ-որ բան սխալ ասել կամ ասել է՝ դուք ճիշտ չեք հասկացել: Իրեն ստուգման նպատակով են  տարել բաժին, իսկ ստուգվելուց հետո էլ ազատ է արձակվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930