Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության պատասխանը ՊՊԳՎ-ի եւ «Տրանս-Սֆերի» վեճի մասին

Հունիս 27,2016 19:03

Aravot.am-ի «Ոստիկանությունը «Տրանս-Սֆերի» աշխատակիցներին սպառնում է բաժին տանել, եթե չլքեն «ԱրմենՏելի» «պոստերը»»  հրապարկման մեջ «Տրանս-Սֆեր» ընկերության կողմից բարձրաձայնած խնդիրների վերաբերյալ ոստիկանության լրատվական ծառայությունը մեր գրավոր հարցերին  ի պատասխան պարզաբանումներ է ներկայացրել: Չնայած, մենք ոստիկանությանը մի շարք հարցեր էինք ուղարկել, սակայն ոստիկանությունից մեզ վստահեցրին, որ որոշ հարցերին պատասխանելու համար հավելյալ ժամանակ է հարկավոր, ուստի այս պահին տրամադրում են այն հարցերի շուրջ պարզաբանումը, որը հնարավոր էր սեղմ ժամկետում ներկայացնել:

«ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը 15.01.2016 թ. մասնակցել է «ԱրմենՏել» ՓԲ ընկերության կողմից հայտարարված ֆիզիկական պահպանության եւ ավտոմատացված համակարգի միջոցով պահպանության ծառայությունների մատակարարի ընտրության ARM-T 021/15 ծածկագրով բաց մրցույթին, անցել է դրա որակավորման ընթացակարգը եւ ծառայության համար առաջարկված գնի մասով, ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության մրցութային հայտը գնահատվել է, եւ այն զբաղեցրել է երկրորդ տեղը: Մրցութային առաջարկով աոաջին տեղը զբաղեցրել է «Տրանս-Սֆեր» ՍՊ ընկերությունը, որն էլ մրցութային հանձնաժողովի 25.02.2016 թ. որոշմամբ ճանաչվել է հաղթող:

Հետագայում պարզվել է որ «Տրանս-Սֆեր» ՍՊ ընկերության կողմից, մրցույթի մասնակցի որակավորման հայտով ներկայացված տվյալները չեն համապատասխանում իրականությանը` «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ն չի ունեցել հայտով ներկայացված անհրաժեշտ քանակի աշխատակազմ /առնվազն 100 որակավորված աշխատակից/, և մրցութային որակավորման պահանջները խախտելու պատճառով «ԱրմենՏել» ՓԲ ընկերությունը ընդունել է «Տրանս-Սֆեր» ՍՊ ընկերությանը, որպես մրցույթի հաղթողի, որակազրկելու վերաբերյալ որոշում: «Տրանս-Սֆեր» ՍՊ ընկերությունն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի` համապատասխան պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջով դիմել է Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ դատարանի 28.04.2016թ. որոշմամբ հայցն ընդունվել է վարույթ:

Երևանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց` «ԱրմենՏել» ՓԲԸ-ին արգելվել է կատարել 25.02.2016 թ. կայացված որոշմանը հակասող ցանկացած գործողություն: Գլխավոր վարչությունը 20.05.2016 թ. դիմել է նույն դատարանին` հայցի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձի դատավարական կարգավիճակ ստանալու և կիրառված հայցի ապահովման միջոցը ձևափոխելու միջնորդությամբ: Դատարանի 27.05.2016 թ. որոշմամբ միջնորդությունը բավարարվել է, եւ հայցի ապահովման միջոցը ձեւափոխվել է` «ԱրմենՏել» ՓԲԸ-ին թույլատրվել է երրորդ անձի հետ կնքել համապատասխան պայմանագիր, մինչև տվյալ քաղ. գործով վերջնական դատական ակտի կայացումը: Դատական ակտը կատարվել Է ԴԱՀԿ ծառայության միջոցով: ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության եւ «ԱրմենՏել» ՓԲ ընկերության միջեւ 23.06.2016 թ. կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր /դատարանի որոշմամբ սահմանված ժամկետով/: Պայմանագրի կողմերի սահմանմամբ` Գլխավոր վարչությունը 27.06.2016 թ.-ից պետք է իրականացնի պահպանվող օբյեկտների ընդունումը եւ ծառայությունների մատուցումը»,-նշված է ոստիկանության պարզաբանման մեջ:

Հիշեցնենք, որ խնդրի առնչությամբ պարզաբանում էինք խնդրել նաեւ «Արմենտելից», որի հիմնավորումներին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930