Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելի» անվտանգության համար ՊՊԳՎ-ի եւ «Տրանս-Սֆերի» պայքարի մասին ընկերությունը պարզաբանում է

Հունիս 27,2016 18:20
armentel

Պահնորդական ծառայություն իրականացնող «Տրանս-Սֆեր» ընկերության ղեկավար Հովհաննես Պետրոսյանն այսօր մեղադրել է«ԱրմենՏել» ընկերությանը եւ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությանը (ՊՊԳՎ) «ԱրմենՏելի» կողմից հայտարարված պահնորդական ծառայության մրցույթի ընթացակարգի խախտման մեջ: Մասնավորապես Պետրոսյանը պնդել է, որ «Տրանս-Սֆերն» այդ մրցույթում հաղթող է եղել, սակայն «ԱրմենՏելը» հրաժարվել է պայմանագիր կնքել այս ընկերության հետ, եւ գերադասել է աշխատել նույն մրցույթի մասնակից ոստիկանության ՊՊԳՎ-ի հետ:

Ընդ որում, Պետրոսյանը պնդել է, որ ՊՊԳՎ-ի աշխատակիցները սպառնում են «Տրանս-Սֆերի» աշխատակիցներին հանձնել «ԱրմենՏելի» գրասենյակների պահակակետերը ոստիկանության աշխատակիցներին, հակառակ դեպքում նրանց բաժին կտանեն: Այս գործողությունները «Տրանս-Սֆերի» ղեկավարն անօրինական է համարում, հիմնավորելով, որ իրենք դիմել են դատարան՝ «ԱրմենՏելին» պարտադրել իրենց հետ պայմանագիր կնքել, եւ դեռ չկա վճիռ, բայց կա որոշում այն մասին, որ «Տրանս-Սֆերը» կարող է շարունակել իր ծառայություններն «ԱրմենՏելին» մատուցել:

Ընկերության այս այլ մեղադրանքների առնչությամբ «ԱրմենՏելի»-ն Aravot.am-ի հարցման իր պատասխան ներկայացրել է պարզաբանումներ: Ըստ այդմ, ընկերությունից վստահեցնում են՝ ««ԱրմենՏել» ՓԲԸ գործողություններում օրենքի որեւէ խախտում չի եղել, եւ բոլոր գործողությունները կատարվել են համաձայն «ԱրմենՏել» ՓԲԸ գնումների ընթացակարգի եւ մրցույթի պայմանների: Պայմանագիր չկնքելու հիմք է հանդիսանում «Տրանս-Սֆեր» ընկերության որակազրկումը` համաձայն «ԱրմենՏել» ՓԲԸ գնման ընթացակարգի»:

«Տրանս-Սֆերի» ղեկավարը վստահեցրել է, որ իր ընկերության պահնորդների քանակի մասին տեղեկատվությունը, որը որպես հարկային գաղտնիք «ԱրմենՏելը» ձեռք է բերել ապօրինի՝ ոստիկանության հետ համագործակցելով: Այս առնչությամբ էլ «ԱրմենՏելից» պարզաբանել են՝ «Տրանս-Սֆեր» ընկերության վերը նշված փաստարկները բացարձակապես անհիմն են, քանզի մրցութային փաստաթղթերում եղել է հստակ պահանջ 100 որակավորված պահնորդների առկայության հետ կապված (տվյալ պահանջը եղել է նաեւ «Արմենտել» ընկերության կողմից նախկինում հայտարարված մրցույթներում), որը մասնակիցը (տվյալ դեպքում Տրանս-Սֆեր ընկերությունը) հաստատել է իր մրցութային առաջարկում:

Հետագայում պարզվել է, որ «Տրանս-Սֆեր» ընկերությունը տրամադրել է իրականության չհամապատասխանող տեղեկատվություն (այսինքն` մրցույթի պահին «Տրանս-Սֆեր» ընկերությունը չունենալով համապատասխան քանակի որակավորված պահնորդներ, հաստատել է իր առաջարկի լիովին համապատասխանությունը «ԱրմենՏել»–ի կողմից վերը նշված պահանջին), որի հետեւանքով նախաձեռնվել է որակազրկման գործընթաց եւ անցում է կատարվել պահեստային (2-րդ տեղը զբաղեցրած) մատակարարին` ոստիկանության ՊՊԳՎ-ին:

Պահնորդների քանակի մասին տեղեկատվությունը ստացվել է ոստիկանության կողմից, որից հետո «Տրանս-Սֆեր» ընկերությանը «ԱրմենՏել» ՓԲԸ կողմից կատարվել է ճշտգրտող հարցում` տվյալ հարցի շուրջ պարզաբանում ստանալու համար, սակայն համապատասխան տեղեկատվություն, որը կապացուցեր «Տրանս-Սֆեր» ընկերությունում 100 որակավորված պահնորդների առկայությունը վերջինիս առաջարկի ներկայացման պահին, այդպես էլ չտրամադրվեց»:

Ինչ վերաբերում է ՊՊԳՎ-ի աշխատակիցների՝ «Տրանս-Սֆեր» ընկերության աշխատակիցներին պահակակետերը հանձնելու սպառնալիքին, «ԱրմենՏելից» վստահեցրել են՝ «Ըստ դատարանի միջանկյալ որոշման, մենք իրավունք ունենք պայմանագիր կնքել մրցույթին մասնակցած այլ մատակարարի հետ, տվյալ դեպքում ՊԳԳՎ-ի հետ հանձնման-ընդունման ակտերի կատարում: Մեր ընկերության անվտանգության նորմերն ապահովելու համար, ինչպես նաեւ համաձայն գործող ընթացակարգերի մենք պետք է ապահովենք ընկերության անվտանգության պահպանումը՝ մինչեւ կլինի դատարանի վերջնական վճիռ, որից հետո էլ պարզ կլինեն մեր հետագա քայլերը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930