4+4+4 ձեւաչափի շրջանակներում ընդունված հայտարարությունը կարդալով՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշել է Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները». «Հիշո՞ւմ եք, էնտեղ մի դրվագ կա, երբ պոետ ներկայացած մեկը Աբիսողոմ աղային պարտավորվում է ձոն գրել, բայց ասում ա՝ մուսաս չի գալիս: Ասում ա՝ որ մի երկու ոսկի տանք՝ մուսադ կգա՞, թե՞ չի գա: Հիմա 4 խմբակցություն+կառավարություն կանգնել են միջազգային դոնոր կազմակերպությունների դեմը, ասում են՝ եթե գոնե մի 16 մլն…»:
Ըստ Փաշինյանի, իր ունեցած տեղեկություններով, դոնոր կազմակերպությունները, պարապ չմնալու համար ասում են՝ դե մի 11 մլն դոլար որ տանք՝ կլինե՞ք ժողովրդավար, թե՞ չեք լինի: Կառավարությունն էլ պատասխանում է, որ ժողովրդավար լինելու համար 11 մլն դոլարը հերիք չի. «Էս հայտարարության տակ ստորագրել են մարդիկ, որոնք ասում էին՝ մենք դեմ ենք, դա մեր արժանապատվությանը դեմ ա, որ մատները թանաքոտենք: Հիմա մեր պետության ճակատին սենց չջնջվող թանաքով խաչ եք արել»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մեր երկրում ոչ մի բան առանց վարկի, առանց դրամաշնորհի չի լինում. «Լույս են քաշում, փողոց են սարքում՝ գրանտ կամ վարկ: Արթիկում էլ ջուրը, սելավը տարել ա տները, մինչեւ հիմա ոչ մի տեխնիկա էդ մարդկանց օգնելու համար չի մտել: Վարչապետը գնաց կաստյում-շալվարով նկարվեց, եկավ»:
Փաշինյանը փողի տեղը ցույց տվեց կառավարությանը. «Փողի վրա նստած փո՞ղ եք ման գալիս: Ձեր եկամուտները նայեք, ձեր հայտարարագիրը նայեք, ձեր ունեցվածքը նայեք: Երկրում ժողովրդավարության համար փող չկա՞»:
Կարդացեք նաև
Նա իր ելույթն ավարտեց՝ հռետորական հարց հնչեցնելով ՀՀ իշխանություններին. «Շուրա, իսկ քեզ ինչքա՞ն է հարկավոր՝ ժողովրդավար լինելու համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ