Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Պարզ երեւում է, որ Ալիեւը պատրաստվում է նորից խախտել հրադադարը»

Հունիս 27,2016 17:04

«Այն, ինչ-որ հրապարակվում է, դա այն է, ինչը համաձայնեցված է: Դրանից բխում է, որ պարոն Ալիեւին երեւի ոչ ձեռնտու ընթացք են ստացել բանակցությունները: Դա նաեւ երեւում է իր մի քանի հայտարարություններից»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն`անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի`պետերբուրգյան հանդիպումներից գաղտնազերծումներին: Հիշեցնենք, Ադրբեջանի նախագահը, մասնավորաբար, դեմ էր արտահայտվել շփման գծում վերահսկողական մեխանիզմների տեղադրմանը:

Ըստ ՀՅԴ-ական գործչի, Ալիեւը համաձայնում է միայն ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի թիմի մեծացմանը, քանի որ դա ոչ որակական փոփոխություն է: «Պարզ երեւում է, որ պարոն Ալիևը պատրաստվում է նորից խախտել հետագայում հրադադարը եւ չի ցանկանում դա արձանագրվի միջազգային կառույցների կողմից»,-ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ եթե Ալիեւը նորից չի հասկացել, որ ԼՂ-ի կարգավիճակը, եթե անկախությամբ չի լուծվում, անիմաստ է ընդհանրապես խոսել որեւէ զիջման, փոխզիջման մասին:

«Գոյություն ունի երկու տիպի Ալիեւ. մեկը՝ բանակցությունների սեղանի շուրջ, մյուսը՝ իր թագին բազմած սուլթանական դիրքերից հոխորտացող Ալիեւ, որը խոսում է Բաքվից, դրանք տարբեր անձեր են»,-կարծում է Արմեն Ռուստամյանը` Ալիեւի կեցվածքը այդպիսով բացատրելով:

Նրա համոզմամբ, քանի դեռ Ադրբեջանում չեն հասկացել պատմական իրողությունը ԼՂ-ի անկախ կարգավիճակի մասով ու բանականության սկզբունքներից ելնելով չեն մասնակցում բանակցությունների, բանակցություններում բովանդակային տեղաշարժեր չեն լինի: «Մինչ հիմա երկակի նույն խաղն է խաղացել Ադրբեջանը, միշտ տպավորություն թողնելով, որ իբր ուզում է խաղաղ կարգավորում, բայց մյուս կողմից պատրաստվում է պատերազմի, զինավարժություններ են անում իբր թե ուսումնական»,-ասաց նա` հավելելով, որ Ալիեւի վարքագիծը նաեւ էթիկայի նորմերի մեջ չի տեղավորվում:

«Սրան էլ պետք է վերջ տրվի: Բոլորը հոգնել են Ալիեւի այդ երկակի խաղից, սա առաջին հերթին պետք է ազդակ լինի միջնորդ կողմերին: Ծրագրվում է նոր հանդիպում Ֆրանսիայում, եթե այս ձեւով պետք է հանդիպումներ տեղի ունենան, անհասկանալի է, թե այդ հանդիպումներն ինչ նպատակ են հետապնդում»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Փուլային-փաթեթային տարբերակների մասին էլ ՀՅԴ-ական գործիչն ասում է. «Ամեն ինչ էլ իրականացվում է կամաց-կամաց, սակայն պայմանավորվածությունները պետք է ձեռք բերվեն փաթեթային: Սա է գլխավոր հարցը: Մենք էլ փուլայինին էլ դեմ չենք, եթե ի սկզբանե ճանաչվում է ԼՂ անկախությունը: Դաշնակցությունը որեւէ զիջում չի կարող ընդունել, եթե Ադրբեջանը չի համաձայնել Ղարաբաղի անկախության կարգավիճակի հետ: Որեւէ խոսակցություն չի կարելի վարել Ադրբեջանի հետ, քանի դեռ նա չի համաձայնվել սկզբնական հարցը լուծել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930