Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի ձեւակերպմամբ, Հռոմի պապի հայաստանյան այցը բարոյականության իսկական դաս էր:
Հունիսի 27-ին «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում ռեժիսորն ասաց, որ եթե այսքանից հետո շարունակենք հարգել «բենթլիասիրությունը», Աստծուն էլ խնդրենք շատ փող աշխատել, մեր կյանքում, բնականաբար, ոչինչ չի փոխվի: Նա ցանկություն հայտնեց, որ Հայաստանում վերջապես ձերբազատվեն շատ փող ունեցող աղքատի հոգեբանությունից, որովհետեւ հարուստ լինելը միայն փողի առկայության մեջ չէ:
Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը համաձայն չէ այն մտայնությանը, թե Հռոմի պապը գնաց՝ իր հետ տանելով լույսն ու բարությունը, Հայաստանն էլ կրկին թաղվեց «գաղջի» մեջ:
Պարոն Գյուջինյանի խոսքով՝ բոլորին սիրելի, մանկան հետ խնդակցող, կարիքավորին զորակցող ու հիվանդին վշտակցող Ֆրանցիսկոս պապը Հայաստանում թողել է լույսի ու բարության իր բաժինը: «Թվում է՝ ընդամենը նշույլ թողեց, բայց իրականում մեծ հետք թողեց մեր գիտակցության մեջ»,-ասում է պարոն Գյուրջինյանը: Ապա հավելում, որ Հռոմի պապի այցից կփոխվեն միայն նրանք, որոնք պիտի առնեն այդ լույսը եւ այն բարի հունդերը, որ ցանվեցին մեր մտքերում:
Կարդացեք նաև
Լեզվաբանը փաստեց, որ ժողովուրդը որսացել է բոլոր կարեւոր ուղերձները, իսկ Հռոմի պապի հմայքի գաղտնիքը նրա մարդկային քայլերն են: «Ցեղասպանության հիշատակում, մեր ժողովրդի առաքելության մասին խոսք, մեր մշակույթի դերը համաշխարհային մշակույթի գանձարանում….ահա ժողովրդի մեջ նստեց այս մասը՝ զորակցումը, աջակցումը, կարեկցումը, ցավակցումը կամ ապրումակցումը եւ ես հույս ունեմ, որ սա անհետ չի կորչելու»,-վստահ է Դավիթ Գյուրջինյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ