Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանը «Միասնական Ռուսաստան» կուսակցության համագումարում բարձրաձայնել է ազգերի ինքնորոշման խնդրի կարևորության մասին

Հունիս 27,2016 16:41

Հունիսի 26-27-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցավ «Միասնական Ռուսաստան» կուսակցության 15-րդ համագումարը, որին կուսակցության հրավերով մասնակցել է Հանրապետական կուսակցության պատվիրակությունը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են եղել ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ Գագիկ Մինասյանը և Կարեն Ավագյանը: Համագումարի շրջանակներում կայացել է «Աշխարհ 2016. մարտահրավերներ և սպառնալիքներ» թեմայով կլոր սեղան, որին մասնակցել են 21 երկրների 29 կուսակցությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը իր ելույթում կարևորել է Պետական Դումայի ընտրություններից առաջ Ռուսաստանի ամենաբազմամարդ և ազդեցիկ կուսակցության համագումարի հրավիրման փաստը՝ ոչ միայն «Միասնական Ռուսաստանի», այլև մասնակից բոլոր քաղաքական ուժերի և երկրների համար, հաջողություններ մաղթել կուսակցությանը սպասվելիք ընտրական գործընթացներում, համոզմունք հայտնել, որ Ռուսաստանի ներկա իշխող կուսակցությունը հերթական անգամ կապացուցի, որ երկրի քաղաքական ուժերի մեջ և ընտրողների մոտ վայելում է առավելագույն վստահություն:

Անդրադառնալով կլոր սեղանի բուն թեմային՝ արդի ժամանակների քաղաքական մարտահրավերներին ու սպառնալիքներին, Հերմինե Նաղդալյանը որպես դարի ամենավտանգավոր սպառնալիք առանձնացրել է ահաբեկչությունը՝ իր նորանոր դրսևորումներով: «Անցել են այն օրերը, երբ ահաբեկչությունը պատկերացնում էինք այս ու այնտեղ ծայրահեղականների կազմակերպած պայթյուններով ու սպանություններով: Այդ աղետն այսօր չի ճանաչում ո՛չ սահմաններ , ո՛չ տնտեսապես հարուստ ու աղքատ երկրներ, և՛ ոչ էլ տարածքով փոքր կամ մեծ պետություններ: Մենք գործ ունենք մի չարիքի հետ , որի դեմ պետք է պայքարենք միասնական ուժերով, եթե ուզում ենք հաջողության հասնել: Ահաբեկչությունն այսօր ամենուրեք ուղղված է մարդու, նրա խաղաղ կյանքի ու ապրելու իրավունքի դեմ»,- ասել է տիկին Նաղդալյանը:

«Միասնական Ռուսաստան» կուսակցության հրավիրած կլոր սեղանի բարձր ամբիոնից Հերմինե Նաղդալյանը ներկաներին հիշեցրել է, որ այն նույն ժամանակ, երբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հռչակում էր 21-րդ դարի մանիֆեստը, որտեղ խոսք է գնում ինքնաապառազմականացման և խաղաղության ձգտման մասին, Արցախի ժողովրդի դեմ հարևան պետության կողմից սանձազերծվեց լայնամասշտաբ պատերազմ սահմանի ողջ երկայնքով, խախտվեց 1994 թ. եռակողմ պայմանագիրը, ինչպես նաև, մարդասիրական բազմաթիվ միջազգային օրենքներ: Ահաբեկչական խմբավորումների՝ Սիրիայում ու Իրաքում գործող «Իսլամական պետության» ձեռագրով կատարվեցին վայրագություններ և հանցագործություններ ընդդեմ մարդկության և մարդկայնության: «Եվ դա պետք է բարձրաձայնվի ու դատապարտվի բոլոր այն ամբիոններից, որտեղ գիտակցում են մարդու ու մարդկության իրավունքները, հանձնառու են ժողովրդավարական արժեքների պաշտպանության»,- իր խոսքում կոչ է արել Հերմինե Նաղդալյանը:

Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակը առանձնակի ընդգծել է ազգերի ինքնորոշման իրավունքի կարևորությունը: «Պաշտպանելով մարդու իրավունքները՝ մենք հանձնառու ենք դառնում ազգերի ինքնորոշման իրավունքների և իրենց ճակատագիրը ինքնուրույն որոշելու իրավունքի պաշտպանությանը: Ժամանակակից գլոբալ աշխարհում տարածքային ամբողջականությունը չի կարող և չպետք է սահմանափակի այդ տարածքում ապրող ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- իր խոսքում շեշտել է Հերմինե Նաղդալյանը՝ ներկաների ուշադրությունը հրավիրելով և բարձրաձայնելով կրկնակի ստանդարտների մասին, որոնք չունեն ոչ մի արդարացում և չպետք է կիրառվեն որևէ տեղ:

Զուգահեռ անցկացնելով Ղրիմի, Դոնբասի, Լուգանսկի և Արցախի միջև՝ Հերմինե Նաղդալյանն իր խոսքում նշել է հետևյալը. «Աստծո ստեղծած աշխարհում բոլոր ժողովուրդներն էլ հավասար իրավունքներ ունեն ՝ ինչպես Ղրիմի , այնպես էլ Արցախի Հանրապետության ժողովուրդը, ով հանրաքվեով հռչակել է իր անկախությունը: Հանրաքվե, որ կատարվել է ողջ միջազգային հանրության համար ընդունելի միջազգային օրենքներին համապատասխան: Սա ևս մեկ մարտահրավեր և սպառնալիք է ժամանակակից աշխարհի համար, որովհետև ժողովուրդները պայքարի են ելնում իրենց իրավունքների համար, և ոչ մի բացատրություն չկա այն հանգամանքին , որ մեկի իրավունքը ավարտվում է մյուսի անիրավությամբ: Դա հնարավոր չէ բացատրել ոչ Դոնբասում, ոչ Լուգանսկում, ոչ Արցախում, ոչ Ղրիմում»:

Կարևորելով Ռուսաստանի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն և երկարամյա ջանքերը կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար, որի վերջին վկայությունը Սանկտ-Պետերբուրգում ՌԴ նախագահի կազմակերպած հանդիպումն էր, Հերմինե Նաղդալյանը ևս մեկ անգամ բարձրաձայնել է ՀՀ դիրքորոշումը. «Մենք կողմ ենք կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը, բայց մենք իրավունք ունենք ակնկալել հասցեական հայտարարություններ՝ ագրեսորը պետք է իր անունով կոչվի, խաղաղությունը պետք է խաղաղություն լինի և որևէ տեղ պատերազմը պետք է բացառվի, ինչպես նաև Հարավային Կովկասում, որովհետև կայծ է պետք ՝ ամբողջ տարածաշրջանը տևական ժամանակով քաոսի մեջ սուզելու համար»: Իր ելույթում Հերմինե Նաղդալյանը անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքում և Սիրիայում տիրող իրավիճակին, փախստականների խնդրին , որը մեր օրերի սպառնալիքներից ու մարտահրավերներից մեկն է դարձել՝ մարդկանց զրկելով տներից, ունեցվածքից ու նորմալ կյանքի հնարավորություններից: Այդ առումով ՀՀ ԱԺ փոխնախագահը խորհրդանշական է համարել այն հանգամանքը, որ Հայաստանը դարձավ Եվրոպայում ամենամեծ թվով փախստականներ ընդունած երրորդ երկիրը, նշելով, որ հայերիս համար նրանք փախստականներ չեն , այլ մեր հայրենակիցները , որոնք Օսմանյան Թուրքիայում 1915թ. Հայոց ցեղասպանությունից 100 տարի հետո նորից հարկադրված էին գաղթի ճանապարհը բռնել:

Որպես աշխարհաքաղաքական անկայունության և գլոբալ մարտահրավերներից անխուսափելիության օրինակ, Հերմինե Նաղդալյանը առանձնացրել է Մեծ Բրիտանիայի հանրաքվեի՝ Եվրամիությունից դուրս գալու օգտին քվեարկությունը՝ հարգելով բրիտանական ժողովրդի ընտրությունը, միաժամանակ նշելով, որ այն ծանր հարված էր ԵՄ-ին և կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ. «Արդյո՞ք պատրաստ ենք մենք աշխարհաքաղաքական այդ փոփոխություններին, որ բերելու են անկայունություն, ֆինանսական ցնցումներ ու տնտեսական նորանոր կորուստներ: Մյուս հարցը՝ պե՞տք է մենք փորձենք համապատասխան դասեր քաղել ՝ գնահատելով ունիվերսալ օրինաչափությունները մեր տարածքում ինտեգրացիոն միավորումներ կառուցելիս և կայացնելիս: Կարծում եմ, միանշանակ՝ այո»,- նշել է տիկին Նաղդալյանը:

Հերմինե Նաղդալյանն իր ելույթն ավարտել է՝ հիշեցնելով համամարդկային սիրո մասին, այս համատեքստում անդրադառնալով Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Ֆրանցիսկոս պապի օրերս Հայաստան կատարած այցին: Նրա այցի էկումենիկ, քաղաքական, հոգևոր ու բարոյական նշանակության գնահատականը թողնելով մասնագիտական շրջանակներին ՝ Հերմինե Նաղդալյանը կարևորել է համամարդկային արժեքների պաշտպանությունը և խոսքը եզրափակել Հռոմի պապի պատգամով. «Սիրեք Ձե՛զ և Ձեր մերձավորներին, գնահատե՛ք հիշողությունն ու խաղաղությունը և մի՛ վախեցեք ինքներդ Ձեզ հետ անկեղծ լինելուց: Պետությունների և մարդկանց կյանքը նույն օրինաչափություններն ունեն՝ համատեղ մենք կարող ենք դիմակայել բոլոր փորձություններին և մարտահրավերներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930