Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանն այսօր ներկայացրել է 2014-2015 թթ-ին. «Իրավապաշտպանների վիճակը» Հայաստանում զեկույցը:
Ըստ զեկույցի, Մաքսային միությանը միանալը մարդու իրավունքների պաշտպանության համար դարձավ իսկական մարտահրավեր:
«Այն արդյունքները, որոնք տեսնում ենք ներկայիս իրավիճակում, ապացուցում են հենց դա: Երբ նայում ենք իրավունքների խախտման ծավալը, բավականին կտրուկ աճ է գրանցվել, պաշտպանությանն ուղղված գործողություններն ավելի խոցելի են դարձել: 2015-ին հավաքների ազատության իրավունքի խախտումները կրկնապատկվել են, ոստիկանության կողմից շատ ընտրողական, կամայական վերաբերմունք ունենք հավաքի մասնակիցների նկատմամբ: Չենք կարող չխոսել Հիմնադիր խորհրդարանի հավաքների մասին, հստակ կա իշխանությունների ու տեղական իշխանությունների միտումը հնարավորինս սահմանափակելու նրանց հավաքները»,- «Մեդիա» կենտրոնում ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փորձագետը:
Զեկույցում իրավապաշտպան սահմանման մեջ ներառված են փաստաբանները, քաղաքացիական ակտիվիստներն ու լրագրողները:
Կարդացեք նաև
Վարդինե Գրիգորյանի խոսքով, 2013-ին արձանագրել են իրավապաշտպանների իրավունքների խախտման 54, 2014-ին` 63, 2015- ին՝ 99 դեպք:
Ըստ նրա, հիմնականում բերման են ենթարկում անօրինական ու այդ կերպ խախտում հավաքի մասնակիցների ազատության իրավունքը:
Նա նաեւ նկատեց, որ անազատության մեջ գտնվելու վերաբերյալ բողոքներն էլ հիմնականում անտեսվում են, իսկ փոխհատուցման կամ իրավունքների վերականգնման մեխանիզմ գոյություն չունի:
«2014-ին հավաքների ժամանակ բերման է ենթարկվել 106 անձ, 2015-ին՝ 470-ից ավելի»,- հավելեց Վարդինե Գրիգորյանը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման մասնագետ Անուշ Համբարյանն էլ ուսումնասիրել է խախտումներն ըստ դեպքերի. «Դեպքերի մեծ մասը կապված են եղել խաղաղ, անզեն հավաքների հետ: Ոստիկաններն են ավելի շատ խախտում իրավապաշտպանների իրավունքները, բայց շատ դեպքերում իրենց հայտարարություններով փորձում են տպավորություն ստեղծել, որ փորձում են հավաքի մասնակցի իրավախախտումը կանխել, հետագայում պատժել, բայց հավաքների ազատության մասին օրենքի տրամաբանությունն ասում է, որ եթե նույնիսկ վարչական իրավախախտում է կատարվում, ապա ոստիկանը լիազորություն չունի ցրել հավաքը՝ հավաքի մասնակիցների սահմանադրական իրավունքը խախտելով»:
Անուշ Համբարյանը նաեւ նշեց, որ ակտիվիստների դեմ ոստիկանության հայցերը հիմնականում դատարանները բավարարել են, իսկ ակտիվիստների հակընդդեմ հայցերը՝ մերժել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի