«Եթե մենք չկազմակերպենք, չկարողանանք այս ազգային ավանդույթը պահել, կվերանա, իսկ դա անպայման պետք է Մշակույթի նախարարության հսկողության, գործունեության, հասկացողության ներքո լինի» -այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց լարախաղաց, գրող-լարախաղաց Վլադիմիր Հակոբյանը:
Պարոն Հակոբյանի խոսքով՝ արվեստը, մշակույթը միայն երգել պարելով չէ. «Մենք ունենք շատ մշակութային արժեքներ, որ այսօր պետք է մշակույթի նախարարությունը լավ հասկանա: Հարկավոր է պետականորեն ուշադրություն դարձնել մեր արվեստին, այլապես կկորչի»:
Պարոն Հակոբյանը նշեց, որ այժմ մեկ աշակերտ ունի, որ իր հետ գնում է ելույթների: Նրա խոսքով երիտասարդները սիրում են այս արվեստը, իրեն մոտենում, ցանկանում սովորել, բայց պայմաններ չկան. «Ես քանի տարի հեռակա ապրում եմ յոթ երեխաներիս պահելու համար: Տան երես չեմ տեսնում: Լինելով մեկ տեղում՝ ես չեմ կարող արվեստ զարգացնել: Նախկինում սովորելու, աշակերտ պահելու հնարավորություններ, պայմաններ կային, հիմա չկան: Նրանք, ովքեր զբաղվում են լարախաղացությամբ, հիմնականում դուրս են գնում»:
Կարդացեք նաև
Պարոն Հակոբյանը վստահեցնում է, որ պետք է կենտրոնացնել բոլոր լարախաղացներին, համապատասխան պայմաններ ստեղծել գործը շարունակելու. «Լարախաղացությունը պետք է մշակութային ծրագրերի հետ կցվի:
Քաղաքապետարանը մեզ տոն օրերին հրավիրում է ելույթի, սակայն պետականորեն չի հաստատվում: Հարյուրավոր նամակներ եմ գրում մշակույթի նախարարին, ասում են այսօր-վաղը կլինի, բայց ոչ մի դրական լուծում»:
Լարախաղացն ունի տպագրած 8 գիրք, որոնք միայն լարախաղացության շնորհիվ են լույս տեսել. «Գրքերս քաղաքական գործիչների, գրողների, անկախականների մասին են: Խանութներին չեմ հանձնում: Տվել եմ միայն «Նոյյան տապան»-ին. ամիսը մի քանի հատ վաճառվում է»:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ